Արդվի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման որոնողական աշխատանքների դեմ

Արդվի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման որոնողական աշխատանքների դեմ

ԷկոԼուր
Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների դեմ: «…Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովնան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային թանգարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկներով:
Օրերս լրատվամիջոցներից մեկի հրապարակումից հայտնի դարձավ, որ գյուղի հարակից Շեկաղնյուր կոչվող սարավանդում նախատեսվում է հանքավայրի հետախուզական աշխատանքներ: Նշված հատվածում են գտնվում գյուղի խմելու ջրի ակունքը և անասունների արոտավայրը:
…Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքների` Մղարթի 54 հա և Արդվիի 146 հա տարածքները: …
…Հարկ է նշել, որ գյուղի հանրությունը նշված գործընթացից բացարձակ անտեղյակ է և չի մասնակցել որևէ հանրային քննարկման: Մինչդեռ Բնապահպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսվում է արդեն երկրորդ հանրային քննարկումն անցկացնել: Այս հանգամանքը գյուղացիների մոտ դժգոհությունների լուրջ առիթ է հանդիսացել, և բոլորը միահամուռ հայտնում են, որ չեն թողնի որևէ հանքի շահագործում:…»,- մասնավորապես նշված է արդվեցիների հայտարարության մեջ, որը Facebook սոցիալական ցանցում տարածել է Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Հայտարարության տակ ստորագրել է 240 բնակիչ ունեցող Արդվիից 81 հոգի:
Արդվիի համայնքապետ Սամվել Կիրակոսյանը ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում նշեց. «Ես միայն համաձայնվել եմ, որ ներկայացնեն նախագիծը, քննարկենք, լսենք մասնագետներին, թե ինչ ռիսկեր կան: Եթե մեր բնակիչները կներկայացնեն հիմնավոր առարկություն, ապա ես նրանց կողքին եմ»,- ասաց Սամվել Կրակոսյանը: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք հանքերևակման տարածքը անտառ է, Արդվիի համայնքապետը նշեց, որ հանքերևակումը գտնվում է համայնքի վարչական տարածքում գտնվող անտառում, սակայն իրեն ցույց տրված որոնողական աշխատանքների տարածքում ծառեր չկան:
Սամվել Կիրակոսյանը նշեց, որ Արդվիում ներկայումս քայլեր են տարվում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Արդվին դարձել է Ալավերդիում բացված «Թումանյան աշխարհ» զբոսաշրջային կազմակերպության անդամ, որը խթանում է տարածաշրձանի 7 բնակավայրերում, այդ թվում` Արդվիում զբոսաշրջության զարգացումը: «Ֆրանսիական Մարսել քաղաքից մասնագետներ եկան մեր համայնք, և գնահատեցին, որ մեզ մոտ բնաշխարհը լավն է, կարելի է էկոտուրիզմ զարգացնել»,- ասաց Արդվիի համայնքապետը և նշեց, որ համայնքում սկսել են տներ վերանորոգել` զբոսաշրջիկների հյուրընկալելու համար:
Արդվիում սկսել են նաև ազնվամորի աճեցնել: Սամվել Կիրակոսյանի խոսքով մի քանի ընտանիք, այդ թվում իրենը, տնամերձ հողատարածքներում ազնվամորի են աճեցնում, նպատակ ունեն ավելացնել հողատարածքները` հասցնելով մինչև 6 հեկտարի: Ազնվամորին պետք է արտահանվի Ռուսաստան: Այս ֆոնին Արդվիում հանքի շահագործման հեռանկարը չեն ողջունում:
Շեկաղբյուրի ոսկի-բազմաետաղային հանքերևակման տարածքում որոնողական աշխատանքներ է մտադիր իրականացնել «Միռամ» ՍՊԸ-ն: Բացի Մղարթից և Արդվիից հանքերևակման մոտակա բնակավայրերն են` Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օձուն գուղերը, Վանաձոր և Ալավերդի քաղաքները:

Բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտի համաձայն` որոնողական աշխատանքների տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան: Կենսաբազմազանության վրա ազդեցությունը կլինի աննշան: Որոնողական աշխատանքները տեղանքի ջրերի և պատմամշկութային հուշարձանների վրա ազդեցություն չեն ունենա, մթնոլորտային օդի վրա ազդեցությունը կլինի ցածր կարճատև, իսկ հողի վրա ազդեցությունը` ցածր երկարատև: Տեղամասի հետախուզումը որոշվել է իրականացնել երկրաբանական երթուղիների, մեխանիկական խորքային սյունակային հորատանցքերի, մակերեսային լեռնային փորվածքների` հետախուզահորերի, հետախուզաառուների միջոցով, նմուշարկման զուգորդությամբ:

Որոնողագնահատողական աշխատանքների տարածքը զբաղեցնում է 200 հա, որոնողական աշխատանքների տևողությունը 2017-2020թթ.:

Շեկաղբյուրի ոսկի-բազմաետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության նախնական հայտի հանրային լսումները նախատեսված են սույն թվականի հուլիսի 26-ին` ժամը 12:00-ին, Արդվիի համայնքապետարանում:

16:49 Հուլիս 17, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news