Ամուլսարի ծրագրի խնդիրները բարձրաձայնվել են EBRD-ի տարեկան ժողովում

Ամուլսարի ծրագրի խնդիրները բարձրաձայնվել են EBRD-ի տարեկան ժողովում

ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի խնդիրները բարձրաձայնվել են սույն թվականի մայիսի 9-11-ին Կիպրոսում անցկացված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարեկան ժողովում:

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության անդամ Արթուր Գրիգորյանը բանկի ղեկավարությանը ներկայացրել է երկու հիմնական հարց: «Առաջինը՝ Ամուլսարի ծրագիրն այլընտրանքային փորձաքննության ենթարկելու հարցն է, որի վերաբերյալ ՀՀ Վարչական դատարանում ներկայում ընթանում է գործընթաց, և պետական փորձաքննությունը կարող է համարվել ոչ իրավաչափ և չեղյալ ճանաչվել:

Երկրորդ հարցը վերաբերում է EBRD-ի կատարողական պահանջներին ծրագրի հակասությանը: Ամուլսարի ծրագրի շրջանակներում խախտվել է օրենքի գերակայության սկզբունքը, երբ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով թույլատրեց կենսաբազմազանության վտանգված տեսակները Ամուլսարի տարածքից տեղափոխել այլ տարածքներ: Ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվել է մասնավոր ծրագրին՝ ի հակադրումն հանրային շահերի:
Կենսաբազմազանության պահպանությունը միշտ հանրային շահի պաշտպանություն է, մինչդեռ այս դեպքում հանուն բիզնեսի շահերի զոհաբերվել է հանրային շահը: Կենսաբազմազանության վերաբերյալ օրենսդրությունը թուլացվել է այն աստիճան, որ թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված առանձնյակները տեղափոխել այլ վայրեր և այդ տարածքում հանք շահագործել այն դեպքում, երբ օրենքի ավելի բարձր իրավական ակտերն արգելում են այդ տարածքներում հանքավայրի շահագործումը», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 781 - Ն որոշումը, որով տնտեսվարողին թույլատրվում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել այլ տարածք, եթե հնարավոր չէ այդ բուսատեսակները պահպանել տնտեսական գործունեության տարածքում: Այս որոշման ընդունման հետ միաժամանակ «Lydian International» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանն էր ներկայացրել Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, որտեղ նշված է, որ Ամուլսարի ծրագրի տարածքում աճող Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) բույսը կտեղափոխվի հանքի տարածքից:

Արթուր Գրիգորյանը պատմեց, որ, իր բարձրացրած հարցերին ի պատասխան, բանկի ներկայացուցիչները նշել են, որ դրանք երկրի ներքին գործերն են, և իրենք չեն կարող միջամտել: «Դա երկրի ներքին գործը չէ, քանի որ խախտվում է EBRD-ի` օրենքի գերակայության առանցքային սկզբունքներից մեկը: Եթե այն կազմակերպությունները, որտեղ EBRD-ն մասնաբաժին ունի, իրականացնում են որևէ ծրագիր, այդ ծրագիրը պետք է լինի երկրի ներպետական օրենսդրությանը համապատասխան», - ասաց Արթուր Գրիգորյանը և ընդգծեց. «Մենք դրանով չենք սահմանափակվում, և այս հարցերը պետք է բարձրացնենք տարբեր մակարդակներով: Կարծում եմ, նոր հաղորդակցություն կսկվի բանկի հետ՝ որքանով է այս ամենն օրինական և բանկի ստանդարտներին համապատասխան»:

EBRD-ին է պատկանում Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Lydian International» ընկերության բաժնետոմսերի 6.9 տոկոսը:

15:01 Մայիս 19, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news