Մարդու իրավունքները և Ամուլսարի խնդիրը՝ Amnesty International-ի զեկույցում

Մարդու իրավունքները և Ամուլսարի խնդիրը՝ Amnesty International-ի զեկույցում

ԷկոԼուր

Amnesty International գլոբալ շարժումը հրապարակել է Մարդու իրավունքները Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2019 թ-ին զեկույցը, որում անդրադարձել է Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Զեկույցի «Առողջ և կայուն միջավայր ունենալու իրավունք» բաժնում նշված է.
«Շարունակվել են բողոքի ցույցերը Հայաստանի հարավում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ, որոնք սկսվել էին դեռ 2018 թ-ին՝ հանքավայր տանող ճանապարհների փակմամբ: Ցուցարարները համաձայն չեն կառավարության հանձնարարությամբ պատրաստած սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատականի հետ: Չնայած խոստացված հարյուրավոր աշխատատեղերի՝ տեղի բնակիչներին և բնապահպան ակտիվիստներին շարունակում է անհանգստացնել հնարավոր սոցիալական և բնապահպանական վնասը, որը հանքը կարող է հասցնել, ի թիվս այլ վնասների, մարդկանց եկամուտներին՝ հանքային ջրերի աղբյուրների և կարևոր տուրիստական կենտրոն համարվող Ջերմուկ առողջարանի կանխատեսվող աղտոտման հետևանքով: Գնահատականի հրապարակումից հետո կառավարությունը նախագծին կանաչ լույս տվեց, սակայն հետագայում վերանայեց իր որոշումը՝ հանձնարարելով լրացուցիչ ուսումնասիրել ոսկու արդյունահանման անվտանգության հարցը շրջակա միջավայրի համար»:

Ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, 2018-ի խաղաղ ցույցերից հետո շարունակել է օգտվել հանրության լայն շրջանակների աջակցությունից: Նշվում է, որ կառավարությունը սկսել է բուռն արշավ`համակարգային կոռուպցիայի պայքարի նպատակով, և խոստանում է, որ «անցումային արդարադատության» շնորհիվ պատասխանատվության կենթարկվեն նախորդ կառավարությունում իշխանություն չարաշահողները:

Զեկույցում նշված է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում սովորական մարդիկ միացել են խաղաղ բողոքի ցույցերին, պահանջել են հարգել մարդու իրավունքները, ձգտել են բարելավել իրենց իրավիճակը: Բողոքի ակցիաների ժամանակ առավել լսելի դարձան կանանց, կոռուպցիայի դեմ պայքարող և բնապահպան ակտիվիստների ձայները:

Amnesty International- ը ստեղծվել է 1961 թ-ին՝ Մեծ Բրիտանիայում: Շարժման առաքելութունն է օգնել մարդկանց պայքարել իրենց իրավունքների համար: Այս գլոբալ շարժման մեջ ներկայում ներգրավված է ավելի քան 7 միլիոն մարդ: Amnesty International-ն իր գործունեության համար 1977 թ-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, իսկ 1978թ-ին արժանացել է  ՄԱԿ-ի կողմից մրցանակի մարդու իրավունքների պաշտպանության համար:

Լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ջերմուկցիները Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ

19:10 Ապրիլ 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news