«Թեղուտ» ՓԲԸ-ն չի պահել խոստումը՝ աշխատատեղերի 60 տոկոսը տրամադրել Շնող խոշորացված համայնքի բնակիչներին

«Թեղուտ» ՓԲԸ-ն չի պահել խոստումը՝ աշխատատեղերի 60 տոկոսը տրամադրել Շնող խոշորացված համայնքի բնակիչներին

ԷկոԼուր

Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները քիչ առաջ բացել են դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը, որը փակել էին առավոտյան ժամը 5:00-ից: Բնակիչները պահանջում են, որ ընկերությունն առաջնահերթ իրենց ընդունի աշխատանքի որպես ազդակիր համայնքի բնակիչների: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը, ընկերության ներկայացուցիչները չեն եկել բնակիչների հետ հանդիպման: Տեղում են եղել ոստիկանները և Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Նա խոստացել է հանդիպել «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության հետ, ներկայացնել բնակիչների պահանջը և երկուշաբթի բնակիչներին հայտնել ընկերության պատասխանը:

«Ընկերությունը արդեն ավարտել է աշխատանքի ընդունման գործընթացը և չի կարող աշխատանքի ընդունել Շնողի և Թեղուտի բնակիչներին: Աշխատողները հիմնականում Ալավերդիից են, որտեղ փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը և «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտոնյանների բնակավայրերից: Մինչդեռ որոշ ժամանակ առաջ Շնող խոշորացված համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի նոր ղեկավարները խոստացել էին աշխատատեղերի 60 %-ը հատկացնել Շնողի բնակիչներին, բայց չպահեցին իրենց խոստումը, ինչն էլ առաջացրել է ժողովրդի վրդովմունքը: Շատ լարված սոցիալական իրավիճակ է հիմա մեզ մոտ»,- ասաց Լևոն Ալիխանյանը: Ստացվում է, որ Շնողի բնակիչները, ովքեր հանքի շահագործման համար կորցրել են իրենց համար եկամուտ ապահովող հողերը, կրում են հանքի անմիջական ազդեցությունը, այսօր նաև զրկվում են «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատելու և իրենց ընտանիքներին պահելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի աշխատանքը դադարեցվեց անցած տարեսկզբին։ «Վալլեքս» խմբի ընկերություններից «Թեղուտ» ընկերությունը, որը շահագործում էր հանքը, հայտարարեց, որ պոչամբարի հետ կապված աշխատանքների պատճառով դադարեցնում է հանքի շահագործումը, ապա ընկերությունը հայտարարեց, որ ֆինանսական դժվարություններ ունի և «Թեղուտ» ՓԲԸ-ն անցել է ՎՏԲ բանկին։ 2018թ-ի վերջին ՀՀ կառավարությունը հայտարարեց հանքի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկի և ռուսաստանաբնակ հայազգի գործարար Նորայր Պետրոսյանի միջև համաձայնության մասին։

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

13:46 Հունիս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news