ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը սույն թվականի հունվարի 25-ի նիստում որոշում ընդունեց արտոնություններ տրամադրել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին: Մաքսատուրքից ազատվելու են ընկերության կողմից Հայաստան ներկրված հանքարդյունաբերության մեջ կիրառվելիք շուրջ 2 միլիարդ դրամի սարքավորումները, դրանց համալրող մասերը, հումքը, նյութերը: Թե քանի տարի ժամկետով է ընկերությունն օգտվելու այս արտոնությունից, կառավարության որոշման մեջ չի նշվում:
2017 թվականի ընթացքում ՀՀ կառավարութունն արդեն իսկ 2 անգամ որոշում է կայացրել այս ընկերությանն ազատել սարքավորումների ներկրման համար մաքսատուրք վճարելու պարտավորությունից: Կառավարության 2017թ-ի հունիսի 23-ի որոշմամբ ընկերությունն ազատվել է ներկրած 75 մլն դրամ արժողությամբ սարքավորումների համար մաքսատուրքի վճարից, 2017թ-ի օգոստոսի 24-ի որոշմամբ` 243 միլիոն դրամի սարքավորման ներկրման մաքսատուրքի վճարից:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ընկերության ներդրումային ծրագրով արդեն իսկ իրականացվել է 1 միլիարդ դրամի ներդրում, իսկ մինչև ծրագրի ավարտը` 2021 թվականը, նախատեսվում է իրականացնել ևս 2 միլիարդ դրամի ներդրում: Ընկերության նախատեսած գործունեության արդյունքում ստացված արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 միլիոն դրամ, որից 175 միլիոն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, իսկ մնացած արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ երկրներ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն ստացել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքներ Արարատի մարզում` «Վանինայի» ավազ կոչվող տեղամասի շահագործման համար, Արմավիրի մարզում` Մարգարայի ավազի հանքավայրի արևմտյան, 2-րդ և 3-րդ տեղամասերի, Կոտայքի մարզում` Կարապիձորի լիթոիդային պեմզայի հանքավայրի 2-րդ տեղամասի և Կարապիձորի բազալտի հանքավայրի, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ոսկեհատի բազալտի հանքավայրի շահագործման համար: Ընկերությանը նաև տրամադրվել է Արագածոտնի մարզի Արտենիի պեմզային ավազների հանքավայրի հարավային տեղամասի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն:
Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի համաձայն, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն գրանցվել է 2003թ-ի սեպտեմբերի 9-ին: Ընկերության հիմնադիր Վանանի Սինանյանի մասնակցությունը դադարեցված է:
Մամուլի հրապարակումների համաձայն` 2010 թ-ից «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերն է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը, ով ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում, գործող օրենսդրության համաձայն, կնքել է ընկերության իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիր և չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, այլ իր պարտականություններն է կատարում ՀՔԾ-ում:
Նախկինում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն կոչվել է «ԷՄ ԷԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, իսկ մինչ այդ` «Վանինա Սինանյան» ՍՊԸ:
Հունվար 30, 2018 at 15:18