Մելիքգյուղի բնակիչները չեն հավատում «Մեգո-Գոլդ»-ի «ջենթլմենական» խոստումներին

Մելիքգյուղի բնակիչները չեն հավատում «Մեգո-Գոլդ»-ի «ջենթլմենական» խոստումներին

ԷկոԼուր

ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում սեպտեմբերի 10-ին անցկացվեցին Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները:

«Այսօր քննարկում ենք հանքավայրի զարգացման առաջին փուլը, որը ներգրավելու է 6 տարի: Այդ տարիների ընթացքում հանքաքարը պետք է բերվի բացահանքից, նորացված ֆաբրիկայում պետք է վերամշակվի առանց թունաքիմիկատների և պետք է արտադրվի կոնցենտրատ: Ուրիշ ոչինչ չի արտադրվելու, բացի կոնցետրատից», - ասաց «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի  տնօրեն  Աշոտ Պողոսյանը՝ նշելով, որ հաստատված պաշարներով հանքավայրում կա 19 միլիոն տոննա հանքաքար:

«Տարածքը գտնվում է 9 բալ սեյսմիկ գոտում: Հիմնական ջրհոսքը՝ Գետիկ գետն է: Ջրերի վրա ազդեցությունը կախված է միայն կախյալ նյութերի հետ», - ասաց նախագծող ընկերության՝ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյան: Վերջինիս խոսքով՝ հանքավայրի տարածքում կենդանական աշխարհը բավականին աղքատ է: «Շատ հազվադեպ կենդանիներ ենք տեսել, կրծողների բներ ենք տեսել, բայց դրանք լքված բներ են», - նշեց Հ. Նիկողոսյանը:

Մելիքգյուղի  համայնքապետ Հակոբ Մկրտչյանը համայնքի անունից «Մեգո-Գոլդ» -ին ներկայացրեց որոշ պահանջներ:

«Տարիներ շարունակ խոստումներ եղել են, բայց մնացել են անհետևանք: Մեր համայնքի անունից ներկայացնում եմ պահանջներ՝ կապված սոցիալական ծրագրերի իրականացման հետ:  Առաջին հարցը, պարոն Պողոսյան, եթե, իհարկե, համայնքը որոշի, և դուք աշխատեք, մինչև հոկտեմբերի երկրորդ կեսը խիստ անհրաժեշտ է խմելու ջրի ջրատարի անցկացումը: Երկրորդ պայմանը՝ ոռոգման համար համայնքի վերևի մասում պետք է կառուցվի ջրամբար, այսինքն գյոլ՝ 300 000 խմ տարողությամբ: Դա ծախսատար չէ: Հետո, ներքին ցանցի գլխավոր մագիստրալի վերանորոգման աշխատանքները, որովհետև շատ անմխիթար վիճակում է: Նաև ժամանակն է մեր մայրուղին միացնող ճանապարհի կապիտալ հարցերի մասին մտածել» ,- ներկայացրեց Հակոբ Մկրտչյանը:

Ի տարբերություն համայնքապետի, Մելիքգյուղի բնակիչները խոսեցին ոչ թե իրենց համայնքի կարիքների, այլ նախագծի վտանգների մասին:

«Ըստ երկրաբանական և բնապահպանական տվյալների՝ պոչամբարը, երբ լցվում է, պետք է հողի հաստ շերտով ծածկվի և ցանկապատվի, որպեսզի անասուն, մարդ չգնա: Առաջինը լցվեց, այդպես մնաց, երկրորդը լցվեց…մի կաթ անձրև որ գալիս է, էդ հեղեղվում, լցվում է գետը, էդ գետն էլ մենք ենք օգտագործում…մենք Թուրքիային մեղադրում ենք, որ ցեղասպանություն է եղել…ցեղասպանությունը հիմա է», - ասաց համայնքի տարեց բնակիչներից մեկը:

Ի պատասխան Աշոտ Պողոսյանը նշեց, որ պոչամբարներում լցված են գրավիտացիոն պոչեր, որոնք պետք է այս նոր նախագծի շրջանակներում վերամշակվեն:

«Պոչամբարի հայելու վրա, որտեղ ջուր է լցված, ձուկ է ապրում», - պնդեց Աշոտ Պողոսյանը:

«Քանի՞ օր է ապրել այդ ձուկը… կերե՞լ եք այդ ձկանից…համը տեսե՞լ եք», - արձագանքեցին մասնակիցները:

«Ժողովուրդ, ձեզ ինչ խոսք են տալիս, սուտ է, խաբում են ձեզ: Ոչ մի պոչամբար, ոչ մի աշխատանք…պիտի չաշխատի և վերջ…աթաթուրքը ձեզանից լավ է», - բղավում էին վրդովված բնակիչները:

«Մենք Ձեզ բերեցինք որպես մարդ, ոչ թե մարդասպան», - ասաց գյուղապետին բնակիչներից մեկը:  

«40 օր Դուք էս գյուղի ջուրը քանդեցիք, անձամբ դուք չներկայացաք, և ինձ մի քանի հոգու հետ միասին միլիցիա տվեցիք, տրանսպորտը կանգնացնելու ժամանակ դուք չեկաք: 40 օր ինչո՞ւ չէիք սարքում, ո՞վ էր ասել, որ այս գյուղում մարդ չկա», - հարցրեց Մելիքգյուղի մեկ այլ բնակիչ «Մեգ Գոլդ»-ի տնօրենին:

«2008 թ-ին «Մեգո-Գոլդ»- ը կառուցել է գյուղի խմելու ջրի համար նոր ջրագիծ», - պատասխանեց Ա. Պողոսյանը:

«Մեր մի թաղի ջուրը սովետի ժամանակ կառուցած թունելի միջից է: Ձեր հսկա տեխնիկան ամբողջը քանդել է: Հիմա որ ջուրը կորի, այսինքն կորցնեք, ի՞նչ ենք խմելու», - հարցրեց բնակիչը:

Աշոտ Պողոսյանի կողմից հնչեց հետևյալ պատասխանը. «Մենք գյուղապետարանի հետ այսպես կոչված «ջենթլմենական» համաձայնություն ունենք: Եթե մեր տարածքի վրա՝ մոտ 226 հա, որևէ ջրագիծ խաթարվի, մենք ենք վերանորոգում…նորից եմ ասում, սա ջենթլմենական համաձայնությունա»:

Պատասխանն ավելի զայրացրեց մասնակիցներին. «Չենք ասում` եթե խաթարվի, եթե կորչի: Պայթելուց կարող է ջրային երակները խախտվեն և ջուրը այլ ուղղությամբ հոսի»:

«Պայթեցումներից ջրային երակները չեն խաթարվում», - բավականին համոզված պնդեց Աշոտ Պողոսյանը, ինչը ապշեցրեց ներկաներին:

Այնուհետև Պողոսյանը նույն վստահությամբ նշեց. «Երկրաբանությունը մենք ուսումնասիրել ենք, ջրային երակներ բացահանքի տարածքում չկան»:

Նշենք, որ ներկայացված նախագծում սևը սպիտակի վրա հստակ գրված է. «Բացահանքի գտնվելու շրջանի ջրագրական ցանցը ներկայացված է Գետիկ գետով և փոքր անանուն վտակներով: Գետի սնուցումը խառն է՝ ձնհալի, անձրևային և ստորգետնյա ջրերի շնորհիվ»:

«Դուք արոտավայրերը ավիրել եք, սաղ քանդ ու քարափ եք արել», - շարունակեցին վրդովված բնակիչները:

«Տեղամասի տարածքը ընդամենը 226 հեկտար է, ձեր արոտավայրերը 1450 հեկտար են: Այսինքն, հանքավայրի տեղամասը ամբողջ գյուղի արոտավայրերի 1,5 տոկոսն է», - ասաց Ա. Պողոսյանը:

Նշենք, որ 226-ը 1450-ի 15.6 տոկոսն է:

Հաջորդ հարցը, որն անհանգստացնում էր բնակիչներին, «Մեգո-Գոլդ» -ի՝ 2006 թ-ից ժողովրդին մոտ 8 միլիոն դրամ կազմող պարտքն է:

«Բա ինչի՞ չեք վճարում…բերեք ժողովրդի փողը տվեք…նոր ասեք՝ եկեք, աշխատեք», - ասացին բնակիչները:

Լսումների ընթացքում ներկա փորձագետների կողմից բարձրացված հարցերի և հնչեցված պատասխանների մասին ծանոթացեք ԷկոԼուրի հաջորդ հրապարակումներում:

Մանրամասները՝ տեսանյութում: 



11:06 Սեպտեմբեր 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news