Հայաստանը պատրաստվում է բացահայտել իրական սեփականատերերին

Հայաստանը պատրաստվում է բացահայտել իրական սեփականատերերին

ԷկոԼուր

Հայաստանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում մետաղական հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը կտարածվի նաև այլ ոլորտների վրա:

«2017 թվականի մարտին, դառնալով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ЕITI) թեկնածու անդամ պետություն, Հայաստանը պարտավորություն վերցրեց 2020թ. հունվարից հրապարակել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը: Այդ պարտավորությունն իրականացնելու նպատակով իրականացվեց իրավական վերլուծություն և բազմաշահառու ձևաչափով ընթացան իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները: Իսկ 2018թ. ապրիլին Ազգային ժողովն ընդունեց իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը և շրջանակը սահմանող օրենքների փաթեթը: Դրանով դրվեցին իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական հիմքերը»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Լաղթաղչյանը հոկտեմբերի 29-ին Երևանում անցկացված «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ:

Նա նշել է, որ Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում 14 կառավարությունների հետ միասին միացել է «Բաց սեփականատերեր առաջնորդների» թիմին՝ ձևավորելու «Գլոբալ իրական սեփականատերերի» բացահայտման հարթակ, ինչպես նաև ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու կառավարում, հասանելի դարձնել տեղեկատվությունը գործադիր մարմնի ցանկացած օղակի գործունեության վերաբերյալ, բարձրացնել պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը:

«Ինչպես կառավարության ծրագրում, այնպես էլ 2018թ. հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագրով կառավարությունը հանձն է առել իրականացնելու հավակնոտ բարեփոխումներ՝ ներառյալ օրենսդրական փոփոխություններ քաղաքացիների համար կարևոր ոլորտներում: Հենց այս հավակնոտ հանձնառություններից մեկն էլ «Իրական սեփականատերերի» բացահայտման գործընթացն է»,- ասել է Լիանա Ղալթաղչյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն էլ նշել է, որ ժամանակին, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումներ մշակելիս, առաջնորդվել են ապագայում դրանք այլ ոլորտներին ևս ծառայեցնելու տեսլականով, ինչն այժմ իրականություն է դառնում: Դա նաև Հայաստանին թույլ է տալիս ստանձնել գլոբալ առաջնորդություն դեռևս սակավաթիվ առաջամարտիկ-պետությունների հետ միասին:

Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հասանելիությունն է: Նրա խոսքով՝ արդարադատության նախարարությունը, որպես այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատասխանատու կառույց, պատրաստակամ է սերտ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ այս ուղղությամբ Հայաստանի բարեփոխումների ճանապարհային քարտեզը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու և շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները դրանում արտացոլելու նպատակով:

Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը հայտնել է, որ Հայաստանը Բաց կառավարման գործընկերության անդամ երկրների շրջանակում դիտվում է որպես ժողովրդավարության պայծառ կետ, և Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, իրապես, համընդհանուր ոգեշնչում էր բոլորի համար:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս նպատակը ժողովրդավար հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելն է: Այս համատեքստում Սանջայ Փրադհանը կարևորել է իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային գործիք:

Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Օփեն Օուներշիփ»-ի կողմից իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով:

Միջոցառումը կազմակերպել են Բաց կառավարման գործընկերությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:46 Հոկտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news