ԷկոԼուր
2018թ-ին մայիսի 25-ից «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հանքագործները գործադուլ են իրականացնում: «Սյունյաց Երկիր» թերթի համաձայն` նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում 40 տոկոսով:
Մայիսի 28-ին 6 աշխատակից Շահումյանի ստորգետնյա հանքում հացադուլ է հայտարարել, որն ավարտվել է մայիսի 29-ին: Սակայն գործադուլը շարունակվել է:
Հանքագործները կեղծիք են համարել այն ցուցանիշը, թե իբր կոմբինատում ամսական միջին աշխատավարձը 320 հազար դրամ է:
«Դա մեծ սուտ է: Ես ստորգետնյա հանքում ստանում եմ 160 հազար դրամ, իրենք՝ 10 միլիոնից ավել կամ մի քիչ պակաս, եւ այդ երկու թվի համադրումից միջին են հորինում եւ ցուցանում, ինչը սովորական աչքակապություն է:
…Դուք երբեւէ իջե՞լ եք ստորգետնյա հանք: Դուք երեւի չեք պատկերացնում, թե մեր կյանքի համար ինչ ռիսկեր է պարունակում գետնի տակ աշխատելը: Ամեն օր, հանք իջնելով, մեզ չի լքում միտքը, որ կարող է եւ չվերադառնանք այնտեղից. քանի-քանի մարդիկ են հանքում զոհվել: Անվտանգության ոչ ապահով համակարգ, օդափոխության անմխիթար վիճակ... Եվ, այդքանից հետո, ապահովագրված չէ հողի տակ աշխատող մարդու կյանքը…
…Դուք չեք հավատա, եթե ասենք՝ մինչեւ հիմա Հրաչ Ջաբրայանի ժամանակներում ձեռք բերված պահեստամասերն ենք օգտագործել, դա էլ վերջացել է, իսկ ղեկավարությունը չի հասկանում մեքենասարքավորումների պահեստամասերի նորմալ մատակարարման կարեւորությունը…»,- «Սյունյաց երկրին» պատմել են հանքագործները:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ մայիսի 28-ին հայտարարությամբ է հանդես եկել «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն, որում մասնավորապես նշված է. «Ընկերության բնականոն գործունեության խաթարմանն ուղղված վերոնշյալ գործողությունները չեն իրականացվել գործադուլի կազմակերպման ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Դրանք չեն կարող համարվել աշխատողների՝ գործադուլ կազմակերպելու և դրան մասնակցելու ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացում:
2018թ. մայիսի 28-ին Ընկերության 6 աշխատողներ առանց անհատական պաշտպանության միջոցների, խախտելով Ընկերության ներքին կանոնակարգերը, մտել են Ընկերության հանք և հայտարարել հացադուլ՝ պահանջելով աշխատանքի վարձատրության պայմանների վերանայում: Հաշվի առնելով այն, որ այդ աշխատողները, խախտելով տեխնիկական անվտանգության կանոնները, իրենց կյանքի և առողջության համար իրական վտանգ են ստեղծել, Ընկերությունը համապատասխան հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն:
Այդ գործողությունների արդյունքում կոմբինատի աշխատանքը կանգ է առել, ինչը ոչ միայն վնաս է հասցնում Ընկերությանը, այլև հանգեցնում իրավիճակի, որում այն աշխատողները, ովքեր չեն կիսում բողոքողների պահանջները, զրկված են աշխատելու և արժանապատիվ վարձատրվելու հնարավորությունից: Կոմբինատի աշխատանքի կանգի յուրաքանչյուր օրն անխուսափելիորեն ազդում այն ցուցանիշների վրա, որոնցով հաշվարկվում են ՀՀ պետական բյուջե վճարումները: Ընկերությունն այն համոզմանն է, որ կոմբինատի աշխատանքի դադարեցումը բացասաբար կանդրադառնա Կապան քաղաքի տնտեսության վրա և հակասում է ոչ միայն աշխատողների, այլև բոլոր բնակիչների շահերին:
Իրադրությունը փակուղի չտանելու ակնկալիքով՝ Ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը բանակցելու աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ և քննարկելու աշխատանքային հարաբերությունների պայմանների փոփոխության իրատեսական հնարավորությունները: Ընկերությունը կոչ է անում Ընկերության դեմ հակաօրինական գործողությունների կազմակերպիչներին և մասնակիցներին զերծ մնալու փակուղի տանող քայլերից և երկկողմ ընդունելի լուծումներ գտնելու համար ընդառաջ գալու քաղաքակիրթ բանակցությունների առաջարկին:
Միաժամանակ, Ընկերությունը հայտնում է, որ Ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և Կոլեկտիվ պայմանագրի զանգվածային խախտումների, Ընկերության գործունեության սաբոտաժի տարրեր պարունակող հակաօրինական գործողությունների հետևանքով կրել է զգալի տնտեսական վնաս: Բանակցություններից հրաժարվելու և Ընկերությանը վերջնագրեր ներկայացնելը շարունակելու դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնելու է աշխատանքային հարաբերություններն այդ անձանց հետ և, ի լրումն դրա, քննարկելու է հասցված վնասի փոխհատուցման պահանջով դատարան դիմելու հարցը:
Ընկերությունը մտահոգություն է հայտնում իր աշխատողների ֆիզիկական անվտանգության համար սպառնալիքի առնչությամբ և կոչ է անում ՀՀ կառավարությանն ու ուժային կառույցներին պաշտպանելու պետության շահերը և օտարերկրյա ներդրողներին, ովքեր պատշաճ կատարում են իրենց ֆինանսական պարտավորությունները ՀՀ առջև և ապահովում սոցիալական ծրագրերի իրականացումը գործունեության համայնքներում»:
Ըստ «Սյունյաց երկրի»` մայիսի 29-ին գործադուլավորների նախաձեռնող խմբի եւ «Պոլիմետալ» ընկերության, որին պատկանում են «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն, պատասխանատուների միջեւ հանդիպում է տեղի ունեցել, որից հետո «Պոլիմետալ» ընկերության գլխավոր տնօրենի արտադրության գծով տեղակալ Վիտալի Սավչենկոն եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների հարցերով տեղակալ Դմիտրի Ռազումովն ընդունել են մարզկենտրոնի լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դմիտիր Ռազումովը աշխատավարձերի բարձրացման մասին հարցին պատասխանել է, որ կբարձրանան տասը տոկոսով բոլոր աշխատակիցների համար՝ ըստ հաստիքացուցակի: Ինչ վերաբերում է աշխատավարձի համակարգի վերանայմանը, փոփոխմանը, պարգեւավճարների չափորոշիչների որոշմանը, ապա դա կարվի աշխատանքի ընթացքում՝ նախաձեռնող խմբի հետ, պայմանով, որ մարդիկ դուրս գան աշխատանքի: Նա հայտարարել է, որ զանգվածային հեռացումներ չեն լինի:
Մայիսի 30-ի դրությամբ գործադուլը դեռ շարունակվում է:
Լուսանկարը` «Սյունյաց երկիր» թերթի
Մայիս 30, 2018 at 15:42