Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 5՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 5՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատությաննախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում:

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Հայաստանի ամենամեծ՝ Սոտքի ոսկու հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հայտարարագրին:

Հայկական ոսկին և ռուս միլիարդատերերը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 1998 թ-ի հոկտեմբերի 19-ին: Հայտարարագրում  բացահայտված է հինգ իրական սեփականատեր: Նրանցից երկուսը տիրապետում են ընկերության բաժնեմասերի գրեթե ամբողջ փաթեթին:

Այսպես, առաջին իրական սեփականատերը ռուս բիզնեսմեն Սիման Պովարենկինն է, ով տիրապետում է ընկերության բաժնեմասի կեսից ավելիին՝ 50.3205%-ին, որոնք նա ձեռք է բերել 2010 թ-ի սեպտեմբերի 29-ին: Պովարենկինը նաև ընկերության խորհրդի անդամ է:

Երկրորդ իրական սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, ով, ըստ Forbes-ի, 2020 թ-ին Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններից 75-րդն է: Տրոցենկոն 2019 թ-ի մարտի 27-ին ձեռք է բերել ընկերության 48.1863% բաժնեմասը:

Երրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի, «ԳեոՊրոՄայնինգ» խմբի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին է: Նրա բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվություն հայտարարագրում չկա: Նա նաև ընկերության խորհրդի անդամ է:

Չորրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինն է: Նրա բաժնեմասի վերաբերյալ ևս տվյալներ չկան: Գոգոտինը ևս ընկերության խորհրդի անդամ է:

Հինգերորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի, «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ֆինանսական գծով տնօրեն Օլեգ Բելյաևն է, ում բաժնեմասի վերաբերյալ ևս տվյալներ չկան: Նա նաև ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և խորհրդի անդամ է:

Այսպիսով, ընկերության մոտ 1.5 % բաժնեմասի իրական սեփականատերը մնում է անհայտ:

Նշենք, որ ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերությունը չունի պարտավորություն բացահայտելու 10 տոկոսից պակաս բաժնեմաս ունեցող սեփականատիրոջը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թ-ի փետրվարի 5-ի N 36 հրամանի՝ իրական սեփականատեր է համարվում այն անձը, ով առանձին կամ փոխկապակցված անձի հետ վերահսկում կամ տիրապետում է ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից):

Գլխավոր բաժնետերերի միջանկյալ ընկերությունների շղթան

Առաջին իրական սեփականատեր Սիման Պովարենկինի համար որպես միջանկյալ ընկերություններ գործում են Մեծ Բրիտանիայում գտնվող «Ջեիզեր Ասսեթ Հոդինգս ԼԹԴ (Բի Վի Ալ)»-ը, Կիպրոսում գտնվող «Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ը և Նիդեռլանդներում գտնվող «Կառլոու Բ.Վ»-ն:

«Գեոպրոմայնինգ Ինվեսթմենթ (ՍԻՓ) Լիմիթեդ»-ը և «Կառլոու Բ.Վ»-ն որպես միջանկյալ ընկերություններ գործում են նաև երկրորդ իրական սեփականատեր Ռոման Տրոցենկոյի համար: Վերջինիս համար որպես միջանկյալ ընկերություն է գործում նաև Կիպրոսում գտնվող «Նակիլեպ Օվերսիզ Լիլիթեդ (Կիպրոս)»-ը:

Մնացած բացահայտված իրական սեփականատերերի համար միջանկյալ ընկերություններ նշված չկան:

10:54 Մայիս 21, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news