Կառավարությունն առաջարկում է մասհանումներ կատարել մետաղական բոլոր 26 ընկերությունների բնապահպանական հարկերից

Կառավարությունն առաջարկում է մասհանումներ կատարել մետաղական բոլոր 26 ընկերությունների բնապահպանական հարկերից

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն առաջարկում է մասհանումներ կատարել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից:

Ս.թ. փետրվարի 27-ի նիստին գործադիրը հավանություն տվեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Փաստաթղթի հիմնավորման համաձայն՝ ներկայում մետաղական հանքաքար արդյունահանող 26 ընկերություններից միայն 5-ի կողմից վճարվող բնապահպանական հարկերից են մասհանումներ կատարվում:

«Անկողմնակալության սկզբունքից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, և որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար՝ նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից:

Ընկերությունների թվաքանակի ավելացումը մոտ 23-ով կավելացնի համայնքների թիվը, որտեղ կիրականացվեն բնապահպանական ծրագրեր, որն իր հերթին կնպաստի համայնքների բյուջեների համալրմանը: Իսկ դա կավելացնի համայնքների կողմից մատուցվող ծառայությունների թիվը և որակը, մասնավորապես՝ համայնքի աղբահանության, սանիտարական մաքրման և կանաչապատպան մասով:

Ընկերությունների թվաքանակի ավելացմամբ համայնքների բյուջեների ավելացման փաստը շատ կարևոր է, քանի որ համայնքների բյուջեների համալրման աղբյուրները խիստ սահմանափակ են», - նշված է օրենքի նախագծում:

Բացի այդ, ներկայում իրականացված ծրագրերի վերաբերյալ համայնքները ներկայացնում են հաշվետվություններ յուրաքանչյուրն ինքնուրույն՝ ոչ սահմանված ձևով, իսկ հաշվետվությունների հրապարակումները չեն կրումպարտադիր բնույթ: Առաջարկվում է հաշվետվությունները հրապարակել համայնքապետարանի կամ մարզպետարանի կայքում:

Իսկ այլ ընկերությունների ցանկը նախագծով նախատեսվում է, որ սահմանի ՀՀ կառավարությունը՝ հաշվի առնելով դրանց հետ կապված մշտական փոփոխություները: Իսկ մինչ ցանկի սահմանումը, ի լրումն բոլոր մետաղական օգտակար հանածո արդյունահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների, փոփոխությունները տարածվում են նաև «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Գաջեգործ», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Նաիրիտ» գործարան և «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների բնապահպանական հարկերի վրա:

Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն համայնքի շրջակա միջավայրի պահպանմանը և բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը, ինչպես նաև տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորմանը:

14:51 Փետրվար 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news