«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատի է տվել 1in.am լրատվականին և հաղորդավար Գոհար Հայրապետյանին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատի է տվել 1in.am լրատվականին և հաղորդավար Գոհար Հայրապետյանին

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատի է տվել 1in.am լրատվականին և հաղորդավար Գոհար Հայրապետյանին՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը հաղորդման ընթացքում հնչած հայտարարության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գոհար Հայրապետյանը՝ նշելով, որ այդպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Այն, ինչ հիմա գրելու եմ, խիստ անձնական է: Ես չեմ սիրում այս թեմայով խոսել: Իմ հայրը՝ Լոմոնոսովի համալսարանն ավարտած տաղանդավոր երկրաբան է եղել՝ հաշվարկել է ոսկու և մոլիբդենի պաշարները: Աշխատել է Սոտքի ոսկու հանքում: Հայրս մահացել է քաղցկեղից, երբ ես և քույրս 1 տարեկան ենք եղել: Եվ դա շատ խոր հետք է թողել իմ ողջ անհայր մանկության և պատանեկության վրա: Հետագայում քաղցկեղից մահացել են Կապանում և Քաջարանում ապրող հայրական կողմի գրեթե բոլոր բարեկամներս:

Եվ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը» հաղորդման ընթացքում հնչած իմ մի հայտարարության համար: Որ հանքերը թալանում են ընդերքը, իսկ մեզ իբրև նվեր թողնում են պոչամբարները: Դատական հայց է ներկայացվել նաև «1in Լրատվականին»:

Հայտնի է, որ մեր հաղորդումների շրաջանակներում մենք բազմիցս անդրադարձել ենք հանքերի խնդիրներին, պոչամբարների հասցրած սարսափելի վնասներին և հետևանքներին: Եվ այսպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը, որը բարձրաձայնում է խնդիրները և գործարքների չի գնում հանքերի և դրանց հետևում կանգնած սեփականատերերի ու բաժնետերերի հետ: Մեզ համար շատ հասկանալի պատճառներով գործընթաց է սկսվել՝ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել:

Պատերազմ, ուրեմն պատերազմ: Կհանդիպենք դատարանում: Ակնկալում եմ բոլոր այն մարդկանց ինֆորմացիոն, հանրային և հոգեբանական աջակցությունը, որոնք մտահոգ են այս խնդրով:

Մոռացա ավելացնել: Գիտեմ, որ շուտով ինձ թիրախավորելու են ու իրենց պոչամբարների ողջ կեղտը տարբեր լրատվամիջոցների միջոցով լցնելու են վրաս՝ չխնայելով ընտանիք, երեխա, մեր ու մանուկ: Տեսել ենք, գիտենք»:



12:57 Նոյեմբեր 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news