ԷկոԼուր
Գլաձորի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ ուղղված Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի պայքարը հասավ դատարան: Համայնքը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել և նոր քննության ուղարկել ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը, որով բավարարվել էր «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցը և անվավեր էր ճանաչվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժումը Գլաձորի հանքավայրի շահագործման վերաբերյալ:
«Վայկ Մետալ» ՍՊԸ-ն ցանկանում է բաց և փակ եղանակներով շահագործել Գլաձորի ոսկի բազմամետաղային հանքավայրը: ՀՀ բնապահապանության նախարարությունը բացասական փորձաքննական եզրակացություն է տվել ընկերության ներկայացրած հանքի շահագործման նախագծին` հիմնվելով նաև ազդակիր Վերնաշեն և Գլաձոր համայնքների բացասական կարծիքների վրա: Այս բացասական եզրակացության հիման վրա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ընկերությանը չի տրամադրել ընդերքօգտագործման իրավունք:
Սույն թվականի մայիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժումը: Դատական գործընթացին չէին ներգրավվել ազդակիր համայնքները, և դատարանը որոշում էր կայացրել` առանց քննելու համայնքների փաստարկները:
Ազդակիր Վերնաշեն համայնքը, ՀՀ վերաքննիչ դատարանին բողոքելով, ցանկանում է դատական գործընթացում դառնալ երրորդ կողմ և պաշտպանել իր իրավունքները:
« Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ հանքը պետք է շահագործվի համայնքին` սեփականության իրավունքով պատկանող հողի վրա և առկա են երկու համայնքի որոշումը հանքի գործարկումը թույլ չտալու վերաբերյալ, քննել է գործը, որտեղ շոշափվել են Վերնաշեն համայնքի իրավունքները` առանց ներգրավելու նշված համայնքի համայնքապետարանը, որպես երրորդ անձ, կայացրել է վճիռ, փաստացի թույլտվություն տալով համայնքի տարածքում հանքարդյունահանմանը, ինչի արդյունքում խախտել են համայնքի իրավունքները և օրինական շահերը:
… Այսպիսով, Վարչական դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի և դատավարական նորմերի կոպիտ խախտում` տվյալ վեճի քննությանը որպես երրորդ անձ չներգրավելով Վերնաշեն համայնքը, որը հանքարդյունահանման համար նախատեսված հողի սեփականատերն է, և կայացրել է նրա իրավունքները խախտող վճիռ»,- մասնավորապես նշված է բողոքում:
Հունիս 30, 2017 at 16:21