Կրկին ակտիվացել է Ֆիոլետովոյի ոսկու հանքի շահագործման հարցը

Կրկին ակտիվացել է Ֆիոլետովոյի ոսկու հանքի շահագործման հարցը

ԷկոԼուր

Կրկին ակտիվացել է Ֆիոլետովոյի ոսկու հանքի շահագործման հարցը:

«Դեկտեմբերի 7-ին Ֆիոլետովոյում կայացել է հանքարդյունաբերողների հանդիպումը գյուղացիներրի հետ: Գյուղացիների տեղեկացմամբ՝ ոսկու հանքի շահագործման նախաձեռնողները, ովքեր Հրազդանից էին ժամանել, այս անգամ իրենց առաջարկել են շահույթի ոչ թե 20, այլև՝ 25%-ը, խոստացել են աշխատանքի տեղավորել հանքում: Բայց ֆիոլետովոյի բնակիչները միահամուռ դեմ են արտահայտվել, Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը ևս արտահայտել է իր բացասական կարծիքը հանքի շահագործման վերաբերյալ:

Վերջում հյուրերը նշել են, որ, միևնույնն է, հանքը շահագործվելու է, եթե ոչ իրենց, ապա ուրիշների կողմից, այդպիսի հարստությունը գետնի տակ չի մնալու:

Գյուղացիները զայրացել են ու հավաստիացրել, որ եթե առանց իրենց համաձայնության հանքը շահագործվի, իրենք ամեն քայլի կդիմեն, կպառկեն տեխնիկայի ճանապարհին ու թույլ չեն տա ոչ մի գործունեություն»: Այս մասին www.aarhus.am կայքում գրել է Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն 2014թ-ին ՀՀ բնապահպանական փորձաքննությանը ներկայացրեց Ֆիոլետովոյի հանքի շահագործման ծրագիրը:

Այդ ժամանակ Ֆիոլետովոյի բնակիչները և բնապահպանները դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը: Բնակիչների պնդմամբ՝ հանքի շահագործմամբ կաղտոտի ոռոգման և խմելու ջուրը, կոչնչանան տնամերձ արոտավայրերը եւ նույնիսկ տները, և նրանք ստիպված կլինեն հեռանալ: Բնապահպաններն էլ ահազանգեցին, որ բացի Ֆիոլետովոյին սպառնացող վտանգից, աղտոտման վտանգ է սպառնում Տավուշի գլխավոր ջրային զարկերակին՝ Աղստև գետին, որի աջափնյա հատվածում է գտնվում ոսկին: Վտանգի տակ է հայտնվում Ֆիոլետովոյի հարևանությամբ գտնվող «Դիլիջան» ազգային պարկը:

Բնակիչները հանքի շահագործման դեմ ուղղված նամակներով դիմեցին ՀՀ նախագահին, վարչապետին, բնապահպանության նախարարին, Հայաստանում ՌԴ դեսպանին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին: Բարձրացավ հասարակական ընդվզման մեծ ալիք: Արդյունքում «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն կասեցրեց Ֆիոլետովոյի հանքի շահագործման նախագծի փորձաքննությունը:

15:44 Դեկտեմբեր 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news