Նազելի Վարդանյան` Էկոլոգ-իրավաբան, www.aarhus.am
«Գեոթիմ» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ էկոլոգիական փորձաքննությունը կատարվել է ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով: Ամուլսարի հանքավայրը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում, ինչպես նաև անմիջական ազդեցության գոտում և դրա շահագործման արդյունքում աղտոտվելու են ստորգետնյա և վերգետնյա ջրերը, որոնք թափվելու են Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ, այնուհետ Սևանա լիճ, վնասվելու է Սևանա լճի էկոհամակարգը: Այն դեպքում, երբ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն. «1. Կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն»: Այսպիսով, ակնհայտ է, որ Ամուլսարի հանքավայրի գործարկումը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին և էական վնաս է պատճառելու Սևանա լճին և դրա ջրհավաք ավազանին: Սակայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, անտեսելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի նշված դրույթները, տվել է փորձաքննության դրական եզրակացություն: Անընդունելի է նաև, որ այս հանքավայրի վերաբերյալ Սևանա լճի պահպանության փորձագիտական
հանձնաժողովը, մեկ անգամ տալով բացասական եզրակացություն, երկրորդ անգամ՝ 24.09.2014թ., տվել է դրական եզրակացություն:
2. Ամուլսարի հանքավայրը գտնվում է եզակի հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքից 7 կմ հեռավորության վրա: ՀՀ Հողային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` առողջարանների տարածքներում սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ, որտեղ արգելված են պայթեցումներ կատարել եւ ծավալել շրջակա միջավայրը աղտոտող ցանկացած տնտեսական գործունեություն:
ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության, և սահմանված են հատուկ պահանջներ դրանք պահպանելու համար: Մասնավորապես, ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում արգելվում է պոչամμարների տեղադրումը, ռադիոակտիվ և թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքը, թաղումը, պայթեցման աշխատանքների իրականացումը, հետախուզական նպատակների համար ճնշումային հորատանցքների պահպանումը: Սակայն, փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերից երևում է, որ Ամուլսարի տարածքում պետք է կատարվեն մեծ ծավալի պայթեցման աշխատանքներ, քանի որ գործարկվելու է բաց հանք, տեղադրվելու է պոչամբար` ռադիոակտիվ, թունավոր նյութերի և ծանր մետաղների պարունակությամբ, ինչպես նաև ոսկու կորզման համար օգտագործվելու է ցիանիդային տեխնոլոգիա, հետևաբար, ցնցումների արդյունքում կարող է խախտվել տարածքի էկոհամակարգի հավասարակշռվածությունը, ինչը Ջերմուկի հանքային ջրերի աղբույրների կորստի պատճառ կարող է դառնալ, ինչպես նաև կաղտոտվի հանքային ջրերի ջրհավաք ավազանը: Բացի այդ, ՀՀ Ջրային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն, արգելվում է ջրային ռեսուրսների որակի վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբանոցների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրումը: Մինչդեռ, տեխնոլոգիական պրոցեսների համար ջուրը վերցվելու է Արփա գետից, և աղտոտված ջրերը թափանցելու են ստորերկրյա ջրային ավազան, ապա` Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ:
Նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն` կեղտաջրերը ընդունելու համար արգելվում է օգտագործել այն ռեսուրսը, որը պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ, գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում, առողջարանների հարևանությամբ, ինչպես նաև հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման, արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս: Տվյալ դեպքում, նշված բոլոր հատկանիշներն առկա են: Այսպիսով, փորձաքննություն իրականացնող մարմինը անտեսել է նաև ՀՀ Ջրային օրենսգրքի համապատասխան նորմերը և տվել անօրինական եզրակացություն, դրանով վտանգի տակ դնելով ինչպես Ջերմուկի հանքային ջրերի, այնպես էլ Սևանի ջրհավաք ավազանի պահպանումը:
Փորձաքննության դրական եզրակացությունը հակասում է նաև ՀՀ կառավարության 18.09.2008թ. «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» հ.1064-Ն որոշմանը, որտեղ նշված է. «4. Առողջարանային ռեսուրսներով հարուստ Հայաստանում Ջերմուկ քաղաքն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի»: Ամուլսարի հանքավայրի գործարկման արդյունքում Ջերմուկի կուսական բնությունը՝ օդի, ջրերի, հողի աղտոտման և բարձր ճառագայթման հետևանքով կարող է և առողջարանային զբոսաշրջության, և հանգստի համար ոչ պիտանի դառնալ: Արդյունքում, ոչ թե կավելանան Ջերմուկի այցելուները և զբոսաշրջիկները, ինչպես ծրագրված է 18.09.2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ, այլ կնվազեն: Առողջապահությունը, հանգիստը զբոսաշրջությունը և հանքարդունահանությունը համատեղելի չեն: Այդ պատճառով պետությունը պետք է որոշի, թե որ ճյուղին է գերակայություն տալիս: Անհրաժեշտ է նշել նաև, որ Ջերմուկը, լինելով առողջարան, ունենալով ստորերկյա հանքային ջրերի աղբյուրներ, հանդիսանալով արգելավայր, լինելով հանքավայրի շրջակայքում ամենամեծ բնակավայրը և գտնվելով հանքավայրից ընդհամենը 7 կմ հեռավորության վրա, չի ճանաչվել ազդակիր համայնք և այնտեղ չեն անցկացվել հանրային լսումներ: Դրանով խախտվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթները:
3. Գնդեվազ և Սարավան գյուղերը գտնվում են հանքավայրից 5 կմ հեռավորության վրա, իսկ այգիները և արոտավայրերը` ավելի մոտ: Նշված հանքի գործարկման հետևանքով կաղտոտվեն գյուղերի հողերը, ջրերը և մթնոլորտային օդը: Այն դեպքում, երբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն, արգելվում է բնակավայրերում հանքակույտերի, լցակույտերի տեղադրումը, մթնոլորտային օդը փոշով, վնասակար նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը:
Փորձաքննությանը ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումները՝ բացառությամբ, որ նախատեսվում է ունենալ ջրցան մեքենաներ, որոնց արդյունավետությունը վիճելի է:
Փորձաքննության ընթացքում անտնեսվել են նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նորմերը: Մասնավորապես, ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն, արգելվում է ընդերքի օգտագործումը, եթե այդ տարածքներում կան գերեզմաններ, բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ, ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիները: Ամուլսարի հանքավայրի տարածքում առկա են նշված բոլոր երեք դեպքերը: Այսպես, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արամ Մանուկյանի պատգամավորական հարցմանը ՀՀ Պատմամշակույթային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնը պատասխանել է. «Մեր կազմակերպությունը հայտնաբերել է բնակատեղիներ, դամբարանադաշտեր և գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն` հուշարձանի կարգավիճակ տալու համար: Դամբարանադաշտերը գտնվում են Կեչուտ գյուղից 10 կմ հարավ-արեւելք` Ամուլսարի ստորոտին, Գնդեվազ գյուղից 18-23կմ հեռավորության վրա` Ամուլսարի Էրատո, Տիգրան եւ Արտավազդ լեռնագագաթներին»:
Հետևաբար, հաշվի առնելով, որ ՀՀ Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն նշված հողերը համարվում են պատմամշակույթային հողեր, ապա այդ հողերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:
Պատմամշակույթային հուշարձաններով զբաղեցրած տարածքները հանքարդյունահանման նպատակով տրամադրելը խախտում է նաև ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածը, որտեղ նշված է. «Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո»:
Ինչ վերաբերում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի առկայությանը Ամուլսարում, ապա այն հիմնավորում է ՀՀ բնապահպանության նախարարության՝ Քաղաքացիական նախաձեռնություններ հկ-ի հարցմանը տրված պատասխանով, որտեղ նշված է. «Կենդանանիների աշխարհ» ՍՊԸ –ի կողմից 2006-2012թթ. հաշվետվությամբ, որտեղ մանրամասն նշվում է Ջերմուկի տարածքում 4118 հատ Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին: 2006թ. տվյալներով դրանք են՝ գորշ արջ՝ 23 հատ, լուսան՝ 6 հատ, բեզոարյան այծ՝ 45 եւ այլն»: Բացի այդ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ կողմից արված հետազոտությունների հիման վրա հայտնաբերվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանիների և բույսերի տեսակներ, այդ թվում բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, գորշ արջ, իժ և այլն, ինչպես նաև հաստատվել է, որ այս տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիները: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի16-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կենդանական աշխարհի և բուսական աշխարհի բոլոր օբյեկտները ենթակա են իրավական պահպանության:
Հետևաբար, փորձաքննություն կատարող մարմինը պետք է հաշվի առներ ոչ միայն ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի առկայությունը /ինչը չի արել/, այլ ղեկավարվեր կենդանական և բուսական աշխարհի բոլոր օբյեկտների իրավական պահպանության սկզբունքով և տար փորձաքննության բացասական եզրակացություն:
5. Խախտվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Մասնավորապես, Ջերմուկ քաղաքը չի ճանաչվել որպես ազդակիր համայնք և այնտեղ չեն անցկացվել հանրային լսումներ, ինչպես նախատեսված է օրենքում: Այսինքն, հաշվի չի առնվել հանքավայրի հարևանությամբ գտնվող ամենամեծ համայնքի բնակիչների կարծիքը: Տվյալ դեպքում պետք է ազդակիր համայնքներ ճանաչվեին նաև Սևանի ափամերձ համայնքները, ինչպես նաև Սևանա լճի ջրով որոգվող բոլոր համայնքները, ինչը նույնպես չի արվել: Բացի այդ, հաշվի չեն առնվել բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների կարծիքները: Այսպես, օրինակ, բացակայում է ՀՀ առողջապահության նախարարության կարծիքը հանքավայրի վերաբերյալ, որը պարտադիր էր փորձաքննության համար: Մինչդեռ, 27.12.14թ. գրությամբ ՀՀ առողջապահության նախարարը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի պատգամավորական հարցմանը` նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ընդգրկված չի եղել հանքավայրի կապակցությամբ` ՀՀ էկոնոմիակայի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում և իրենց տրամադրած փաստաթղթերը թերի են եղել, իսկ ամբողջական փաթեթը պահանջելուց հետո` այն չեն ստացել: Այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել եզրակացություն տալու:
Այսպիսով, փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է առանց հաշվի առնելու հանքավայրի շահագործման արդյունքում մարդու առողջության վրա ազդեցությունը և վտանգավորությունը:
Մինչդեռ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գնահատում ու փորձաքննություն կատարելիս, պետք է առաջնորդվեն առողջության, բնականոն ապրելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից, էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և կենդանական ու բուսական աշխարհի պահպանման անհրաժեշտությունից, հաշվի առնելով ներկա և ապագա սերունդների շահերը: Իսկ գնահատման նպատակն է նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը»: Ինչը փորձաքննություն իրականացնող մարմինը չի արել, ինչպես նաև չի դիտարկել կամ մակերեսորեն է դիտարկել նշված օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված բոլոր ոլորտները:
Փորձաքննություն կատարող մարմինն ընդհանրապես հաշվի չի առել, ինչպես ազդակիր համայնքների՝ Գնդեվազի և Սարավանի, այնպես էլ Ջերմուկ քաղաքի բնակիչների բացասական կարծիքը: Այսպիսով, խախտվել է ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածը, որտեղ սահմանված է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը»:
Ինչպես նաև խախտվել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի նորմը, որի համաձայն պետությունը պարտավոր է ապահովել «Շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»: Իսկ պետության կողմից իր սեփականության իրավունքի իրականացումը ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն «չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը»:
Այսպիսով, եթե փորձաքննություն իրականացնող մարմինը հաշվի առներ և ղեկավարվեր վերը նշված օրենքներով, չէր կարող տալ փորձագիտական դրական եզրակացությունը:
Ելնելով վերը նշվածից` կարելի եզրակացնել, որ Ամուլսարի հանքավայրի փորձաքննությունը կատարվել է մակերեսորեն, խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բազմաթիվ նորմեր և պահանջներ, ինչի արդյունքում տրվել է անօրինական փորձագիտական եզրակացություն:
Ապրիլ 10, 2015 at 16:02