Բնապահպանական փորձաքննությունը պետք է մերժի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նախագիծը

Բնապահպանական փորձաքննությունը պետք է մերժի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նախագիծը

ԷկոԼուր

ԷկոԼուրը ՀՀ բնապահպանության նախարարություն կարծիք է ուղարկել Թուխմանուկի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ: Կարծիքում ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն»ՊՈԱԿ-ը պետք է մերժի «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ շահագործման նախագիծը:

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում վերոնշյալ նախագծի վերաբերյալ հասարակական լսումների ժամանակ հնչեցին համոզիչ ապացույցներ ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանի կողմից, որ նախագիծն ապօրինի է, քանի որ ընկերությունը շահագործել է Թուխմանուկի հանքավայրը բաց եղանակով առանց համապատասխան թույլտվությունների, ինչը պետք է արտացոլված լինի հասարակական լսումների արձանագրության մեջ: Եթե արձանագրության մեջ տեղ չեն գտել այս ելույթները և ապացույցները, ապա դրանց հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով http://ecolur.org/hy/news/mining/national-assembly-expert-mego-gold-llc-implementing-illegal-activities/6598/:

Հանրային լսումների ժամանակ բնապահպանները ներկայացրեցին քարտեզ, որի վրա պարզ երևում է նոր պոչամբարի տարածքը, որը իր երկրաբանական դիրքով և ծավալներով վտանգ է ներկայացնում միանգամից երեք համայնքների համար: Պատասխանելով բնապահպաններին՝ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն, նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը ժխտեց այդ քարտեզի առկայությունը՝ նշելով, որ այն նախագծի հետ ոչ մի կապ չունի:   Հետևաբար, եթե այդ քարտեզը առկա է, և այնտեղ կան շատ բարձր ռիսկեր, պետք է դրանք հաշվի առնել, իսկ եթե այն չկա, ապա այս նախագծում պետք է լինի նոր պոչամբարի ՇՄԱԳ և պետք է կազմակերպվեն նոր հասարակական լսումներ:

Հանքավայրի տարածքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում: Բաց հանքի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում տեղի ջրային աղբյուրների համար: Շրջանի գլխավոր ջրային երակը Քասախ գետն է, որը սնվում է բազմաքանակ ջրառատ վտակներից: Հանքավայրի կենտրոնական մասով հոսում է Գետիկ գետը, որը հարավ-արևմուտքում լցվում է Հալավարի ջրամբարը: Հանքավայրին մոտակա բնակավայրերը սնվում են Գետիկ գետից և Հալավարի ջրամբարից: Ըստ նախագծի՝ լցակույտը տեղադրված է բացահանքից մոտ 1.5 կմ հեռավորության վրա, Գետուկ գետի ձախ ափին: Բաց հանքի շահագործման և նոր պոչամբարի կառուցման արդյունքում այդ ջրերին սպառնում է աղտոտվածություն ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով:

Նաև նշենք, որ ընկերությունը դեռ չի ռեկուլտիվացրել շահագործած երկու պոչամբարները, և անգամ շատ քիչ անձրևի դեպքում այդ պոչամբարի թունավոր պոչերը տարածվում են շրջակա միջավայրում, հողերի և ջրերի մեջ:

Բնապահպանական փորձաքննությունը չի կարող հաշվի չառնել նաև տեղի բնակչության կարծիքը: Մելիքգյուղ համայնքում սեպտեմբերի 10-ին անցկացված հանրային լսումների ժամանակ տեղի բնակիչները ակնհայտորեն դեմ արտահայտվեցին նախագծին http://ecolur.org/hy/news/mining/meliq-villagers-dont-believe-quotgentlemanquot-promises-by-quotmego-goldquot/6583/:

Հաշվի առնելով վերոնշյալ հանագամանքները և ռիսկերը, հատկապես ջրային պաշարներին սպառնացող վտանգները և հաշվի առենլով այն, որ կառավարությունը ընդունել է և մտադիր է բոլոր հնարավորությունները ուղղել ջրային ռեսուրսների խնդրի լուծմանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է մերժի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նախագիծը»:

14:52 Հոկտեմբեր 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news