Մելիքցիները սպասում են հասարակական լսումների իրենց գյուղում, այնինչ դրանք անցկացվում են Երեւանում

Մելիքցիները սպասում են հասարակական լսումների իրենց գյուղում, այնինչ դրանք անցկացվում են Երեւանում

ԷկոԼուր

Փետրվարի 10-ին Երեւանում անցկացվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի լրամշակված նախագծի հասարակական լսումները: Լսումները  սկսվեցին մոտ մեկ ժամ ուշացումով. սպասում էին Մելիք գյուղի ներկայացուցիչներին, նրանք չորսն էին` գյուղապետը եւ գուղապետարանի երեք աշխատակիցները: Լսումների մյուս մասնակիցները «Մեգո Գոլդ» ընկերության, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ էին եւ լրագրողներ: Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանն ասաց, որ ընկերությունը պետք է հաշվի առնի իր գյուղի բնակիչների կարծիքները, որի համար գյուղում էլ պետք է հասարակական լսումներ անցկացվեն: Սակայն իրականում այդ լսումներից հետո փետրվարի 12-ին կրկին Երեւանում նշանակված է պոչամբարի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների վերաբերյալ հասարակական լսումներ, որից հետո ՀՀ բնաահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքնություն»  ՊՈԱԿ-ը պետք է եզրակացություն տա պոչամբարի նախագծի վերաբերյալ: Հավանաբար, գյուղապետը տեղյակ չէր այդ մասին: Եւ դժվար է պատկերացնել, որ մեկ օրվա ընթացքում մելիքցիները ի մի կբերեն իրենց կարծիքները եւ որպես համայնքի կարծիք կներկայացնեն լսումներին: Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետում գրված է. «Եթե 30 օրվա ընթացքում ազդակիր համայնքի կամ հասարակայնության կողմից առաջարկներ չեն ուղարկվում լիազորված մարմին, ապա ազդակիր համայնքի կարծիքը համարվում է դրական»: Սակայն, իրականում, կարծիքի համար հասարակայնությունը մեկ օր է ստանում, ինչը օրենքի կոպիտ խախտում է:

Մյուս խախտումն էլ այն է, որ լսումները չեն անցկացվել եւ չեն անցկացվելու Մելիք գյուղում, որը համարվում է նախագծի միակ  ազդակիր համայնքը: Միայն մի քանի ազդակիր համայնքների առկայության պարագայում լիազոր մարմինը` բնապահպանության նախարարությունը իրավունք ունի որոշելու լսումների անցկացման վայրը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում հստակ նշված է, «Եթե ազդակիր համայնքի թիվը մեկից ավելի է, հասարակական լսումների վայրը որոշում է լիազորված մարմինը»:

Լսումների ընթացքում  «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը բանավիճեց հասարակական լսումների մասնակիցների հետ: Բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները կրկին բարձրացրեցին այն հարցը, որ պետք էր համալիր նախագիծ ներկայացնել` թե հանքավայրի շահագործման, թե ֆաբրիկայի, թե պոչամբարի, որպեսզի հստակ լիներ, թե ողջ գործընթացն ինչ ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի վրա: Աշոտ Պողոսյանն էլ նշեց, որ իրենք օրենքի շրջանակներում են գործում:   Թուխմանուկի հանքավայրի կառավարիչ, վարչական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Ֆահրադյանն էլ  հայտարարեց. «Իրականացվում են պատվերներ»: Սակայն հետո խուսափեց պարզաբանելուց, թե ինչ նկատի ուներ` «պատվեր» ասելով: Փոխարենը դա արեց Աշոտ Պողոսյանը. «Պոչամբարի նախագծի վերաբերյալ 160 օրվա ընթացքում հրատարակվել են 220 հոդվածներ, հայտարարություններ, ֆիլմեր և տարբեր տեսակի նյութեր: Այդքան հրապարակումներ մեր երկրում ոչ մի պոչամբարի վերաբերյալ չեն եղել: Եվ մեր բոլոր  աշխատողների մոտ կա նման կարծիք»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:



15:55 Փետրվար 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news