Հայաստանի բաց վերք՝ պոչամբարներ

Հայաստանի  բաց վերք՝ պոչամբարներ

ԷկոԼուր

Հայաստանում գործող պոչամբարները, որտեղ ամբարվում են վերամշակման արդյունքում առաջացած հանքարդյունաբերական թափոնները, հիմնականում գտնվում են Լոռու և Սյունիքի մարզերում: Պոչամբարների կողքին ապրող մարդիկ հաճախ բողոքում են առողջական խնդիրներից, գյուղմթերքի թունավորումից ու բերքատվության անկումից: Օրերս հնչած հերթական ահազանգը ստացել ենք Լոռու մարզի Մեծ Այրում բնակվայրից, որի տարածքում է գտնվում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարը:

Մեծ Այրումի բնակիչ Արթուր Միկոյանն ահազանգեց, որ իր 5 ամսական թոռնիկը մի քանի օր առաջ շնչառական խնդիրներով տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց։ Երեխային երկու օր պահել են, կոկորդի մաքրում իրականացրել և հետ ուղարկել գյուղ։ Միկոյանը համոզված է, որ պատճառը մեկն է՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Նահատակի» պոչամբարի հարևանությամբ բնակվելը։ 

«Աղջկաս երեխան է։ Ապրում են պոչամբարից մոտ 200 մ հեռավորության վրա։ Բարձր ջերմություն ուներ, շնչահեղձ էր լինում։ Բժիշկներն ինգալյացիա են արել, դեղեր նշանակել։ Ասում են՝ կոկորդում խորխ է հավաքված եղել։ Պոչամբարի հարևանությամբ ապրելու մասին որ ասում ես, կարճուկոնկրետ պատասխան են տալիս, թե կարող է և պոչամբարից լինի։ Ախր, չեն էլ հերքում։ Եթե այրումեցի հիվանդ է պառկած, գիտեն, որ ցանկացած հարցի շուրջ խնդիր կարող է ծագել, և չեն հերքում։ Ես գյուղի մյուս ծայրում եմ ապրում՝ պոչամբարից 500-600 մ հեռու։ Երբ իրենց տուն եմ գնում, օդի տարբերությունը զգում եմ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արթուր Միկոյանը։ 

Ըստ նրա՝ գյուղի բնակչության մեծ մասը դժգոհում է հոդացավից ու գլխացավից։ «Մարդիկ հողամասում առավոտից երեկո աշխատում եին, բերքը կրկնակի-եռակի անգամ շատ էին ստանում։ Իսկ այսօր երկու ժամ աշխատում, թողնում են։ Սիրտն է խառնում, գլուխն է ֆռռում։ Ընկերությանը հարցնում ենք՝ ինչո՞ւ հատուկ սարքավորում չեք տեղադրում պոչամբարի մոտ, որպեսզի օդը չաղտոտվի։ Պատասախանել են՝ թանկ հաճույք է, մենք այդքան գումար չունենք, որ գնենք»,- նշեց նա։

Դեռևս Հայաստանում պետական մակարդակով չեն իրականացվում առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության կապի բացահայտման ուսումնասիրություններ: Համապատասխան մեթոդաբանություն չի եղել: Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման» մեթոդաբանությունը, որը ներկայացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կարծիքին և այժմ գտնվում է հաստատման փուլում:

Բացի այն, որ դեռ չկա մարդու առողջության վրա ազդեցության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև կապը հաստատող գործիքը, ՀՀ օրենսդրությունը բնակչի ուսերին է թողնում բիզնեսի կողմից իրեն վնաս պատճառելը բացահայտելը և դատական կարգով փոխհատուցում պահանջելը:

Մեծ Այրումում գրեթե աշխատանք չկա, կոմբինատում աշխատում են միայն 5-6 հոգի, իսկ հողագործությունը եկամուտ չի ապահովում։ «Գյուղացին ապրում է իր հողամասով։ Ինչ աճեցնում է, տեղափոխում է Ալավերդի։ Բայց երբ իմանում են, որ Մեծ Այրումից է բերքը, չեն առնում։ Ասում են՝ թունավոր է։ Մենք ենք օգտագործում էդ մթերքը։ Մարդ կա, որ հեկտարով հող ունի, գիլաս ունի։ Մի քանի տոննա բերք է ստանում, չի կարողանում իրացնել։ Ես հոնի ծառեր ունեմ։ Ամեն տարի 1 կգ-ը վաճառել եմ 450-500 դրամով։ Նախորդ տարի եկել են, ասում են՝ ձեր հոնը չի ծախվում, 200 դրամով թե կտաք, կտանեմ։ Գիտեն, որ այրումեցուն կարելի է խեղճացնել, որովհետև եթե բերքը չտանեն, կմնա գյուղացու վզին։ Մյուս կողմից ոռոգման ջուրը գալիս է Դեբեդից։ Աղտոտված ջուր է։ Ջրում ես, հետո տեսնում սպիտակ, դեղին նստվածք։ Ծառերն էլ հիվանդություն են ընկել»,- ասաց Արթուր Միկոյանը։ 

Նա ներկա է եղել օրեր առաջ Ախթալայի ԼՀԿ-ի ներկայացուցիչների և Մեծ Այրումի բնակիչների հանդիպմանը։ Ըստ նրա, իրենց կողմից պահանջվող փոխհատուցումը նվազագույնն է, ինչը կարող է անել ընկերության ղեկավար կազմը՝ իրենց պատճառված վնասը մեղմելու տեսանկյունից։ «Գոնե նորմալ սնվենք կամ բուժօգնության դիմելու համար գումար ունենանք։ Մեզ ասում են, թե մեծ թիվ է կազմում, անհնար է։ Մեծ Այրումը Ախթալա խոշորացված համայնքի կազմում է։ Համայնքի ղեկավարն էլ իրենց ասել է, որ եթե Մեծ Այրումին փոխհատուցում տալու որոշում կայացնեն, ապա նույնը պետք է հարևան բնակավայրերի համար անեն։ Ասել է, որ 7000 բնակիչ ունեն, ուրեմն բոլորին էլ պետք է տան այդ փոխհատուցումը։ Երբ մեր պահանջն ենք ներկայացնում, ասում են՝ պեչատած թուղթը կբերենք, այդ ժամանակ ո՞վ է մեր դիմաց կանգնելու։ Բայց այդ պեչատողը տեղյա՞կ է այրումեցին ինչպես է ապրում, ինչ օդ է շնչում, տեղյակ է՝ ոչ։ Թող բերեն, մի 2 օր ապրի, շնչի, հասկանա, թե ինչն է պեչատում»,- նշեց Արթուր Միկոյանը։

18:17 Ապրիլ 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news