«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 2019թ․ դեկտեմբերին երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության: Ընկերությունը մի հայցով դատարանից պահանջում է պարտավորեցնել նախարարությանը Դարբ գետից ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունել։ Մեկ այլ հայցով էլ պահանջում է նախարարությանը պարտավորեցնել ՋԹ-ի օրինակելի ձևաթղթին համապատասխանող ՋԹ տրամադրել Դարբ գետից ջրառ իրականացնելու համար: Դատարանը երկու հայցադիմումները վարույթ է ընդունել, դատական նիստերը նշանակված են 2020թ․ հունիսի 9-ին:

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2019 թ․ հուլիսին դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Նախարարությունն ուսումնասիրել էր ընկերության հայտը, այնուհետև մերժել այն։

Բացի այս, 2019թ-ի նոյեմբերին էլ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նախարարությանը ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի մշակման և կույտալվացման միջոցով ոսկու կորիզման գործընթացների համար Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունել: Ընկերությունը միաժամանակ պահանջել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 17.06.2019 թվականի թիվ 181-Ա հրամանը և 17.06.2019 թվականի թիվ 181-Ա հրամանի բողոքարկման արդյունքում ընդունված` 02.09.2019 թվականի թիվ 292-Ա հրամանն անվավեր ճանաչել: Դատարանը հայցը վարույթ է ընդունել, նիստը նշանակված է սույն թվականի ապրիլի 28-ին:

Նշենք, որ չնայած դատավարական գործընթացին, «Լիդիան»-ը Շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է ջրօգտագործման թույլտվություն Արփայից ջրառ իրականացնելու համար: Դատարան հայցադիմում ներկայացնելուց երեք ամիս անց՝ 2020թ-ի փետրվարին ընկերությունը տարածեց հաղորդագրություն, որով, մասնավորապես, հայտնեց. «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը  տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։ Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։

Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում»:

Ապրիլ 06, 2020 at 17:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր