Ախթալայի ԼՀԿ-ի կողմից առաջարկած բնակարանը համաչափ փոխհատուցում չէ Դանիելյանների ընտանիքին. Օլեգ Դուլգարյան

Ախթալայի ԼՀԿ-ի կողմից առաջարկած բնակարանը համաչափ փոխհատուցում չէ Դանիելյանների ընտանիքին. Օլեգ Դուլգարյան

ԷկոԼուր

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյանը ողջունելի քայլ է համարում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից Մեծ Այրում գյուղի «Նահատակ» պոչամբարի հարևանությամբ բնակվող Հարություն Դանիելյանի ընտանիքին փոխհատուցում տրամադրելու առաջարկը: Սակայն այն համարժեք փոխհատուցում չի համարում:

Այս կապակցությամբ Օլեգ Դուլգարյանը, որի ղեկավարած ՀԿ-ն նախաձեռնել է հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն «Նահատակ» պոչամբարի ափից 50 մետր հեռավորության վրա ապրող Հարություն Դանիելյանի ընտանիքի, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արձագանքելով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի արձագանքին, ուղղված «Հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն «Նահատակ» պոչամբարի կողքին բնակվող Դանիելյանների ընտանիքի» հրապարակմանը, որը տեղ է գտել ԷկոԼուրի՝ 15.02.2020 թվականի հրապարակման մեջ, արձանագրում եմ առաջընթաց։

Ողջունում եմ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրինության նախաձեռնությունը, քննարկել շրջակա միջավայրի աղտոտոտումից տուժած ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ Հարություն Դանիելյանի հետ իր կողմից առաջ քաշված պահանջները, խնդիրները։

Սակայն միևնույն ժամանակ ցանկանում եմ արձանագրել, որ Հարություն Դանիելյանին, որպես փոխհատուցում ընկերության կողմից առաջարկված Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրում բնակարան, անհամաչափ առաջարկ է Դանիելյանների ընտանիքի կրած վնասների համեմատ։

Ինչպես նաև ըստ հասած տեղեկությունների այդ բնակարանը ևս գտնվում է աղտոտված տարածքում, Շամլուղի բաց հանքի մոտակայքում։

Հարկ եմ համարում նշել, որ այսօր, փետրվարի 16-ին այցելել եմ Հարություն Դանիելյանի բնակարան և ականատես եմ եղել նրա երեխաների առողջական խնդիրներին, թուլությանը, գլխացավերին և այդպես շարունակվել հնարավոր չէ։ 

Ինձ հետ եղած մարդիկ, ովքեր առաջին անգամ եղան պոչամբարի մոտ մի փոքր ժամանակ անց սկսեցին գանգատվել գլխացավից։ 

Արդեն մի քանի շաբաթ է, մեկնարկել է «Հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն «Նահատակ» պոչամբարի կողքին բնակվող Դանիելյանների ընտանիքի» գործընթացը , որին միացել են բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ, ինչպես Հայաստանից այնպես էլ այլ երկրներից և միջազգային հանրությունից: Բոլորի ուշադրությունը սևեռված է Դանիելյանների ընտանիքի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին և փետրվարի 25-ին այցելելու են Դանիելյանների բնակարան։

Կոչ եմ անում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ը տնօրինությանը շարունակել երկխոսությունը Դանիելյանների ընտանիքի հետ, քննարկել փոխհատուցման համարժեք տարբերակները։

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ներգրավվել երկխոսությանը։ 

Դանիելյանները օր առաջ պետք է հեռանան այդ տարածքից և բնակարան գնեն այլ վայրում»։

Լուսանկարը՝ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից:

12:42 Փետրվար 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news