Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

ԷկոԼուր

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին infocom.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ infocom.am-ը հրապարակել էր լրագրողական հետաքննություն, որում բացահայտում է Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապը՝ հորեղբոր տղաներ լինելը:

Այս հանգամանքը հասարակության մոտ առաջացրել էր կասկածներ՝ արդյո՞ք Յուրա Իվանյանը օբյեկտիվորեն է քննում Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը:

Իր հերթին Քննչական կոմիտեն հրապարակել էր պարզաբանում, որում հաստատել է Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը, սակայն հերքել Ամուլսարի գործի քննության վերաբերյալ կասկածները:

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու իրավական հիմքերը հրապարակել էր iravaban.net-ը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը փաստարկված չէ, դրա մեջ նշված պնդումները պետք է հրապարակվեին առնվազն կարգապահական հանձնաժողովի նախնական ուսումնասիրությունից հետո։

15:27 Սեպտեմբեր 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news