Արդյո՞ք Քննչական կոմիտեի պաշտոնյա Յուրա Իվանյանը օբյեկտիվորեն է քննում Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը

Արդյո՞ք Քննչական կոմիտեի պաշտոնյա Յուրա Իվանյանը օբյեկտիվորեն է քննում Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը

ԷկոԼուր

Infocom.am-ը հրապարակել է լրագրողական հետաքննություն, որում բացահայտում է Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապը՝ հորեղբոր տղաներ լինելը:

Յուրի Իվանյանը 2018 թվականի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարն է, ով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել 2018 թվականի օգոստոսի 28-ին: 

Իսկ Արամայիս Գրիգորյանը ՀՀ բնապահպանության այն նախարարն է, որը 2016թ-ին ստորագրել է Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:

Infocom.am-ի համաձայն՝ Յուրա Իվանյանի (Գրիգորյան) քույրը՝ Ոսկեհատ Գրիգորյանը աշխատում է Շրջակա միջավայրինախարարությունում՝ որպես կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ:

Վերջինս նախարարությունում աշխատում է դեռևս 2014 թվականից, երբ նախարարը Արամայիս Գրիգորյանն էր:

Այս բացահայտումը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը որակում է որպես շրջադարձ Ամուլսարի գործում՝ նշելով, որ այն ամբողջությամբ փլուզում է Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը:

«Արամայիս Գրիգորյանը քննիչ Իվանյանի հորեղբոր որդին է, սա նշանակում է, որ եթե Իվանյանը գար այլ եզրահանգման, քան եկել է, իր եղբայրը լինելու է կասկածյալների, հնարավոր է նաև դատապարտվողներից մեկը: Շահերի բախման պայմաններում մի եղբայրը քննել է մյուս եղբոր կողմից հնարավոր հանցագործության մասին գործը:

Համաձայն Քրեական դատավարության օրեսնգրքի, այսպիսի ազգակցական կապը՝ երրորդ կապի ազգակցական կապը, վարույթին մասնակցությունը բացառող հանգամանք է: Մարդը ողջամտորեն կարող էր իմանար, որ իր ազգակիցը կարող է լինել այս գործով անցնող անձ: Ինքը իրավունք չուներ ստանձնելու այս գործի քննությունը, պարտավոր էր իր ղեկավարությանը զեկուցել:

Հին Հայաստանի տրամաբանությամբ հնարավոր կլիներ ենթադրել, որ այս մարդուն նշանակել են, որ այս գործը գնար այն ուղղությամբ, որով գնացել:

Մենք սա պետք է մտածեինք, եթե լինեինք հին Հայաստանում: Իսկ ի՞նչ պետք է մենք հիմա մտածենք: Կարծում եմ՝ այս հարցով կհնչեն բացատրություններ, պարզաբանումներ», - ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ եթերի ժամանակ նշեց Միքայել Նահապետյանը:

Իր հերթին Քննչական կոմիտեն հրապարակել է պարզաբանում, որում հաստատում է Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը, սակայն հերքում Ամուլսարի գործի քննության վերաբերյալ կասկածները:

«infocom.am կայքն այսօր հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ:

Հիշյալ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ:

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվել է Յուրա Իվանյանի վարույթում՝ ոչ թե հաշվի առնելով ինչ-որ ազգակցական կապեր, այլ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող մեծածավալ, առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերը, իսկ կոռուպցիոն բնույթի գործերը՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում:

Մեկ նկատառում ևս, Քննչական կոմիտեն որևէ գործով, այդ թվում՝ նաև Ամուլսարի գործով, դրական եզրակացություն չի կարող տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում, չի կարող հաստատել դրական եզրակացություն, քանի որ Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, ինչը բոլորովին այլ գործառույթ է:

Եվս մեկ անգամ, հարկ ենք համարում նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար», - նշված է Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ:

Լուսանկարը՝ infocom.am-ի

18:15 Օգոստոս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news