Քաջարան քաղաքի բնապահպանական և առողջապահական ծրագրերի համար նախատեսված բնապահպանական վճարները քչացել են

Քաջարան քաղաքի բնապահպանական և առողջապահական ծրագրերի համար նախատեսված բնապահպանական վճարները քչացել են

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը գտնվում է Հայաստանի ամենախոշոր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ազդեցության տակ: Քաջարանի որպես քաղաքի ձևավորումը կապված է հանքի շահագործման և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստեղծման հետ: Հանքարդյունաբերական այս քաղաքում սուր են բնապահպանական խնդիրները՝ հատկապես ծանր մետաղներով փոշով աղտոտվածությունը: Փոշին քաղաք է հասնում Քաջարանի բացհանքից, լցակույտերի տարածքից, կոմբինատի արտադրական տեղամասերից, բեռնատարների երթևեկից:

Առկա խնդիրների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ձեռնարկած աշխատանքների, Հայաստանում իրականացվող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում ԶՊՄԿ-ի հրապարակած ֆինանսական տվյալների, կոմբինատից և պետությունից համայնքի բնակիչների ակնկալիքների մասին սույն թվականի օգոստոսին ԷկոԼուրը քննարկում անցկացրեց Քաջարան քաղաքում «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում:

Քաջարան համայնքի աշխատակազմի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը քննարկման ժամանակ ասաց. «Շրջակա միջավայրի նախարությունը վերջերս մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ հաշվետվություն էր հրապարակել, որի մեջ առաջին անգամ ընդգրկվել էր Քաջարանը: Բայց տվյալները միայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի վերաբերյալ էր: Փոշու մասին ոչինչ չկար, բայց Քաջարանում փոշու խնդիր կա: Ժամանակին Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը մեզ դիմել է, որ բնապահպանական վճարներից ստացվող գումարով և համայնքի միջոցներով իրենց հետ համատեղ այստեղ ստացիոնար կայան կառուցենք: Մենք կողմ էինք, բայց գումարի պակասի պատճառով չէինք կարող կայան կառուցել ու սարքավորումներ ձեռք բերել: Դրա փոխարեն մենք ձեռք ենք բերել փոքր, ավտոմատ, դյուրակիր մթնոլորտային օդի փոշու անալիզատոր: Երբեմն ստուգում ենք: Փոշի կա, թաքցնելու բան չէ: Բայց 1-2 անգամ անալիզ անելով չես կարող իրական պատկեր ստանալ և դրանից ելնելով ինչ-որ միջոցառում ծրագրել: Արդյունավետ չի լինի: Գնահատումը, հետազոտությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի դինամիկան էլ հասկանանք»:

Նշենք, որ Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի համաձայն՝ ԶՊՄԿ-ի գործունեության հետևանքով Քաջարան քաղաքի մթնոլորտային օդի վրա ազդեցությունը բնապահպանական վճարների հաշվարկով 70 % է, ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման մասով՝ 50%, իսկ արտադրության և սպառման թափոնների մասով՝ 30 %:

Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, ԶՊՄԿ-ի ընդհանուր հասույթը 2016թ-ին կազմել է 126 468 148 384 դրամ, իսկ 2017թ-ին՝ 187 297 500 633 դրամ: Կոմբինատը 2016թ-ին վճարել է 11 990 684 դրամ որպես բնապահպանական վճար, իսկ 2017թ-ին՝ 22 376 624:

2016թ-ին Քաջարանում բնապահպանական վճարներից ստացված սուբվենցիաներով իրականացվել է 15 619 000 ծրագիր՝ վակումային ավլող-մաքրող «փոշեկուլ» մեքենայի ձեռք բերում, էկոլոգիական կրթության զարգացում և տեղեկատվության տրամադրում, առողջապահական միջոցառումներ: 2017թ-ին իրականացվել է 8 400 000 դրամի ծրագիր՝ էկոլոգիական կրթության զարգացում և տեղեկատվության տրամադրում, քաղաքային լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացում, մթնոլորտային օդի պահպանություն, կենցաղային թափոնների կառավարման բարելավում, առողջապահական միջոցառումներ:

Ըստ Գարեգին Գաբրիելյանի՝ խոշոր ծրագրերի իրականացման համար բնապահպանական վճարներից ստացվող սուբվենցիաները շատ փոքր են:

«Բնապահպանական վճարների չափը այս տարի մոտ 22 միլիոն դրամ է կազմել: Նախորդ տարի ընդհանրապես չկար: Տարիներ առաջ ամեն տարի այդ մասհանումից գումար էինք հատկացնում առողջապահությանը՝ առողջապահական հետազոտություններ իրականացնում և անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերում: Օրենքում փոփոխություն կատարվեց, և շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար այլևս համայնքին մասհանում չի տրվում: Իսկ ամենաշատ վճարներն այդտեղից էին գոյանում: Նախկինում եթե տարեկան 100 միլիոն դրամ էին տալիս, 2-3 տարում խոշոր ծրագրեր էինք իրականացնում: Դա էր թույլ տալիս, որ համայնքը կարողանա խոշոր ծրագրեր պլանավորի և իրականացնի: Շատ ծրագրեր մնացին չիրականացված, օրինակ՝ կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնման-վերազինման, խոշոր զբոսայգի կառուցելու նախագծերը կյանքի չկոչվեցին»,- ասաց Գաբրիելյանը:

ԶՊՄԿ-ն Քաջարանին սոցիալական ծրագրերի համար հատկացրել է գումարներ: Ըստ ԱՃԹՆ զեկույցի՝ ԶՊՄԿ-ն 2016թ-ին Քաջարան համայնքին հատկացրել է 10 000 000 դրամ, 2017թ-ին՝ 108 463 740 դրամ:

2016-2017թթ. ԶՊՄԿ-ն ամենամեծ դրամական փոխանցումներ է կատարել տարբեր կազմակերպությունների և հիմնադրամի ՝

• Զանգեզուրի պզնձամալիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամին՝ համապատասխանաբար 659 800 000 և 945 000 000 դրամ

• «Լույս» մշակութային գիտական կրթական հիմնադրամին՝ համապատասխանաբար 600 000 000 և 650 000 000 դրամ

• «Հանրային Դիվանագիտություն» ՀԿ-ին՝ համապատասխանաբար 410 000 000 և 435 000 000 դրամ

• ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին 2017թ-ին՝ 335 000 000 դրամ

• ԶՊՄԿ ՓԲԸ-ի Արհեստակցական կազմակերպությանը՝ համապատասխանաբար 193 450 000 և 144 746 900 դրամ

• Հայաստան համահայկական հիմնադրամին՝ 168 000 000 և 168 071 750 դրամ

• Սահմանամերձ համայքների զարգացման հիմնադրամին՝ 2016 թ-ին 150 000 000 դրամ

• Քրոնիմետ բարեգործական հիմնադրամին՝ 2017թ-ին 145 000 000 դրամ:

ԶՊՄԿ-ն ևս 21 կազմակերպությունների և հիմնադրամների կատարել է ավելի փոքր դրամական հատակացումներ 2016 թ-ին 73 589 000 դրամի չափով, 2017թ-ին՝ 137 776 902 դրամի չափով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Որպես համայնքում հանքարդյունաբերության ազդեցությունը մեղմող առաջարկներ Քաջարանում քննարկման մասնակիցները նշեցին.

• բնապահպանական վճարների մասին օրենքի վերանայման անհրաժեշտությունը և նախկինի պես բնապահպանական վճարների ընդհանուր գումարից մասհանման տրամադրումը

• կանաչապատման աշխատանքների իրականացում

• մթնոլորտային օդի մշտադիտարկում և աղտոտվածության վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը

• «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից տարեկան շահույթի 10 տոկոսի չափով գումարի տրամադրում Քաջարան և Կապան համայնքներին

Մասնավորապես այս առաջարկը հիմնավորվեց նրանով, որ կոմբինատի բեռնատար մեքենաները վնաս են հասցնում միջպետական ճանապարհներին, մինչդեռ, այդ մեքենաները գրանցված լինելով Երևանում, գույքահարկը վճարվում է մայրաքաղաքին:

• ՀԿ-ների կողմից հանքերի գործունեության խիստ վերահսկում

• ԶՊՄԿ-ի գործունեության համար նոր տարածքների հատկացումից առաջ հանրային լսումների կազմակերպում բնակչության, այլ ոչ թե համայնքապետի հետ փաստացի համաձայնություն ձեռք բերելու համար

• Պետության կողմից օդի, ջրի, հողի պարբերական հետազոտություն և արդյունքների մասին բնակչության իրազեկում նաև տեղեկատվական թերթիկների միջոցով

• Բարեգործական հատկացումների փոխարեն բնապահպանական վճարների չափի համապատասխանեցում հասցված վնասի չափին

• ԱՃԹՆ բազմաշահառու խմբում (ԲՇԽ) հանքարդյունաբերական համայնքների անդամների ներկայացվածության ապահովում:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Օգոստոս 27, 2019 at 12:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր