Ագարակի հանքավայրում տեղի ունեցող պայթեցումները տների փլուզման վտանգ են ստեղծել Կարճևան գյուղում

Ագարակի հանքավայրում տեղի ունեցող պայթեցումները տների փլուզման վտանգ են ստեղծել Կարճևան գյուղում

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում տեղի ունեցող պայթեցումների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կարճևան բնակավայրի տները վնասվել են. առաջացել են ճաքեր, առաջացել է փլուզման վտանգ: Պայթեցումների հետևանքով խիստ վնասվել է Կարճևանի բնակիչ Ա-ի տունը: «Պայթեցումները երկրաշարժի նման են: Որ քնած լինես, ցնցումի վախից վեր կթռնես...Մեր տան ճաքած պատը ծածկել էինք ցեմենտով», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց երիտասարդ կինը՝ ցույց տալով տան վթարված հատվածները: «Ամեն օր` ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, զգոնանում ենք՝ պատրաստ լինելու հերթական ցնցումի դեպքում դուրս փախչել տնից»,- ասաց Ա-ն: Նա երեք երեխաների մայր է: Երբևէ որևէ փոխհատուցում կամ աջակցություն չի ստացել Ագարակի պղնձամոլիբենային կոմբինատի ղեկավարության կողմից:

Պայթեցումների հետևանքով ճաքել են նաև այլ կարճևանցիների տներ: «Կարճևանում գրեթե բոլոր տները հողաշեն են՝ 50-60 տարի առաջ կառուցված: Փլուզման ռիսկը մեծ է, մենք վախի մեջ ենք ապրում: Մենք չգիտենք՝ արդյո՞ք այդ ցնցումները թույլատրելի սահմանում են: Չգիտենք՝ չափն անցե՞լ են, ի՞նչ պիտի դրա համար մեզ տան...»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին բնակիչները:

Վերջինները բարձրաձայնեցին նաև հանքավայրի շահագործման արդյունքում գյուղի փոշով աղտոտման խնդիրը: Հանքավայրի դատարկ ապարները տեղակայված են բնակելի տներից շուրջ 1 կմ հեռավորության վրա, ավելի բարձր դիրքում, որտեղից քամին ծանր մետաղներով փոշին բերում է գյուղ: Գյուղացիները տուժել են նաև Ագարակի կոմբինատի տարածքից դուրս եկած արտադրական կեղտաջրերից: Դրանք լցվել են կարճևանցիների մշակովի հողատարածքներ՝ աղտոտելով հողը, վնասելով մշակաբույսերը և պտղատու ծառերը:

«Ծառերի տակերին նստվածքներ է տվել, ընդհանրապես բերք չկա: Վերջին տարիներին սերկևիլ ու դեղձ չկա: Սնկային հիվանդությունները չեն թողել... Ես հիմա մշակում եմ, օգտագործում եմ, գիտեմ, որ թունավորվում եմ, բա ի՞նչ անենք, ի՞նչ ուտենք...»,- ասաց բնակիչներից մեկը:

«Կանաչ խոտի, յոնջայի վրա իրավունք չունի փոշի նստի: Գերանդիով խփում ես, փոշի է դուրս գալիս, բերում եմ, տալիս կովին, խոզին... Ապրիլին հանրային լսումներ եղան: Խոսք տվեցին, որ մայիսին ջրցան մեքենաներ կբերեն, ջուր կցանեն: Բայց դե փոշին էլի նույն ձև կա, իբր չպետք է էլ լցակույտեր թափեին, բայց էլի նույն ձև թափվում է:

Ուսումնասիրություններ չեն իրականացվել ընկերության կողմից: Բողոքել ենք, չեն եկել մեր հողերը նայեն, տեսնեն՝ ինչ վիճակում է: …Որ ասես վնաս չեն տա, հնարավոր չէ, բայց մեղմել կարող են: Մեղմելու համար հսկողություն է պետք կոմբինատի նկատմամբ, որ նորման անցնելու դեպքում պարզվի»,- նշեցին բնակիչները:

Չնայած կրած բացասական ազդեցությանը, բնակիչները չհիշեցին, որ գյուղի համար ծրագրեր են իրականացվել էկոլոգիական խնդիրների մեղմման համար:

Ըստ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցի՝ 2016-2017 թվականներին սոցիալ-տնտեսական զարգացման պարտավորության շրջանակներում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հատկացրել է համապատասխանաբար 25 միլիոն և 63 միլիոն 500 հազար դրամ, որոնցով աշխատանքներ են կատարվել ազդակիր բնակավայրերից միայն Ագարակ քաղաքում: Այդ գումարներով իրականացվել են Ագարակ քաղաքում սոցիալ-տնտեսական ծրագրեր, մանկական զբոսայգու շինարարություն:

2016-2017 թթ. ընթացքում ազդակիր համայնքներին հատկացված սուբվենցիաներն ու համապատասխան բնապահպանական ծրագրերը նույնպես մեծամասամբ իրականացվել են Ագարակ քաղաքում: 2016 թ. սուբվենցիոն ծրագրով 3 միլիոն 340 հազար դրամն ուղղվել է Ագարակին, իսկ 1 միլիոն 382 հազար դրամը՝ Կարճևանին առողջապահական միջոցառումների իրականացման համար: 2017 թ. սուբվենցիոն ծրագրով 1 միլիոն 36 հազար դրամն ուղղվել է միայն Ագարակ համայնքին՝ կրկին առողջապահական ծրագրերի իրականացման համար: Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ԷկոԼուրին հայտնել է, որ որպես առողջապահական միջոցառում ազդակիր համայնքների մանկապարտեզներին հատկացվել է հավելյալ սնունդ:

«Մանկապարտեզին միս տալով՝ մարդկանց առողջությունը լավանալո՞ւ է: Եթե էս փոշին ամեն օր լինելու է, էդ մսով ի՞նչ հարց պետք է լուծես», - ասացին կարճևանցիները:
Նրանց խոսքով՝ կոմբինատի նկատմամբ վարչական տուգանքի սահմանումն իրենց որևէ օգուտ չի տալիս:

Կարճևանցիները որպես կոմբինատի գործունեության բացասական ազդեցության մեղմացնող գործողություններ առաջարկեցին.

• պարտավորեցնել կոմբինատին լցակույտերի ու ճանապարհների վրա ջուր լցնել, ինչպես նաև գյուղին գումար հատկացնել

• գնահատել հանքում պայթեցումների և հանքի գործունեության ազդեցությունը մարդու առողջության վրա, տների վրա

• իրականացնել հողի, ջրի և գյուղմթերքի անկախ ուսումնասիրություններ
• բարձրացնել բնապահպանական վճարների չափաքանակը և դրանցով նպատակային ծրագրեր իրականացնել:

Իրենց հերթին Ագարակի բնակիչներն առաջարկեցին՝

1. Ուժեղացնել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը, ապահովել այդ աշխատանքներում բնակչության մասնակցությունը և կոմբինատի ղեկավարության հետ երկխոսելու հնարավորությունը

2. Կոմբինատի կայքում հրապարակել վերջինիս ընթացիկ գործունեության հաշվետվությունը

4. Տեղադրել տեսախցիկներ, որպեսզի հնարավոր լինի հետևել, որ լցակույտերը գյուղատնտեսական նշանակության հողատարծքների վրա չլցնեն

5. Կատարել պատշաճ փոշենստեցում

6. Կոմբինատի կողմից առողջապահական ապահովագրություն տրամադրել հանքի գործունեությունից տուժող բնակչությանը

7. Նվազեցնել պայթեցումների ուժգնությունը

8. Իրականացնել Ագարակ քաղաքում կանաչապատում:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:47 Հուլիս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news