Հաղորդում Գլխավոր դատախազություն՝ Կապանի կենտրոնական հանքավայրում կեղտաջրերի մոնիթորինգի և մաքրման պահանջը չկատարելու վերաբերյալ

Հաղորդում Գլխավոր դատախազություն՝ Կապանի կենտրոնական հանքավայրում կեղտաջրերի մոնիթորինգի և մաքրման պահանջը չկատարելու վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է տվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի կենտրոնական լքված հանքավայրում (Կավարտի հանքավայր) «Deno Gold Mining» ընկերության կողմից հանքավայրի կոնսերվացումից հետո կեղտաջրերի մոնիթորինգի և մաքրման պահանջը չիրականացնելու վերաբերյալ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին տեսչական մարմնի հանրային կապերի բաժնից:

Ավելի քան երկու շաբաթ առաջ Կապանի կենտրոնական լքված հանքավայրից Կապանում թթվային ջրերի արտահոսքեր են տեղի ունեցել:  Տեսչությունը նմուշառումներ է կատարել: Անալիտիկ հետազոտությունների արդյունքների եզրակացության համաձայն պարզվել է, որ հողի ջրային մզվածքի միջավայրը թթվային է: Բացի այդ, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Deno Gold Mining» ընկերությունը հրաժարման հավաստագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն է ստացել և չի կատարել դրա պահանջը:

«Համաձայն այդ եզրակացության՝ ընկերությունը կոնսերվացումից հետո պետք է իրականացներ կեղտաջրերի մոնիթորինգ և մաքրում՝ համաձայն լիազոր մարմնում ընդունման-հանձնման արձանագրության կամ ակտի: 2009 թ. լիազոր մարմինը եղել է Էներգետիկայի նախարարությունը: Սակայն ընկերությունն այդ պահանջը չի կատարել՝ կեղտաջրերի մոնիթորինգ, մաքրում չի իրականացվել»,- նշեց տեսչության աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Կապանի կենտրոնական հանքավայրի շահագործման կոնցենսիոն իրավունքից «Deno Gold Mining» ընկերությունը հրաժարվել է առանց մինչև վերջ հանքի պաշարների արդյունահանման, համարելով այն ոչ շահութաբեր, և  հանձնել է պետությանը: 

15:17 Հունիս 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news