Կապանի և Գեղանուշի բնակիչները մտահոգված են հանքարդյունաբերության ազդեցությունից

Կապանի և Գեղանուշի  բնակիչները մտահոգված են հանքարդյունաբերության ազդեցությունից

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում և Գեղանուշ բնակավայրում բնակիչները բացասական են գնահատում Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության ազդեցությունը գյուղատնտեսական նշանակության հողերի որակի վրա, ոռոգման ջրի վրա, օդի մաքրության, բանջարեղենի և մրգի, ճանապարհների որակի վրա: Այս մասին նշել են բնակիչները սոցիալական հարցազրույցի ժամանակ, որի արդյունքներն ամփոփված են «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները» սոցիալական ուսումնասիրության հաշվետվության մեջ: Այն պատրաստվել է «Համայնքային փոխօգնություն» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանի կողմից «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում:

Սոցիալական ուսումնասիրության նպատակն էր՝ պարզել Կապանի և Գեղանուշի բնակչության գնահատականը Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի (ներկայումս «Չաարատ Կապան») գործունեության սոցիալական ազդեցությունների, դրանց հարուցած խնդիրների հաղթահարմանն ուղղված վերաբերելի օրենսդրության վերաբերյալ, բնակիչների տեղեկացվածության մակարդակը և սրա հիման վրա եզրակացություն անելու համայնքի շահերի պաշտպանությանը միտված համայնքի ներկայացուցիչներին ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի այլընտրանքային/գործող անդամ դարձնելու և ԱՃԹՆ գործընթացում քաղաքացիական հասարակության դերակատարներին ներգրավվելու հնարավորությունների մասին:

Հարցմանը մասնակցել է 17 բնակիչ Կապան քաղաքային համայնքից, 11 բնակիչ՝ Գեղանուշից:

Սոցիալական ուսումնասիրության մեջ որպես եզրակացություն նշված է.

«ԱՌԱՋԻՆ. Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության սոցիալական ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվության աղբյուրներ հանդիսացող հանրային լսումների, համայնքային ժողովների ու քննարկումների ժամանակ կոմբինատի ներկայացուցիչները չեն խոսել իրենց գործունեության արդյունքում համայնքի վրա հնարավոր բացասական սոցիալ-էկոլոգիական ազդեցությունների մասին: Իսկ համայնքի օդին, ջրին, հողին հասցված բացասական սոցիալական ազդեցությունները բնակիչներին այսօր տեսանելի և մտահոգիչ են՝ կապված թե ջրի մաքրության, թե Գեղանուշի պոչամբարի անվտանգության ու հուսալիության հետ:

ԵՐԿՐՈՐԴ. Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման և կոմբինատի գործունեության արդյունքում առաջացող վնասների կանխարգելման և հետևանքների հաղթահարման ուղիների, սեփական իրավունքների մասին բնակիչների իրազեկվածությունը միջին մակարդակի է, այն էլ հիմնականում Կապան քաղաքային համայնքում:

ԵՐՐՈՐԴ. ԱՃԹՆ գործընթացներում բնակչության ընդգրկվելու հնարավորությունները տեսանելի են քաղաքային բնակչության շրջանում, սակայն այս պահին ԱՃԹՆ գործընթացներում հատկապես գյուղական բնակավայրի բնակչության ընդգրկվելու հնարավորությունները մեծացնելու կարիք կա: Առաջացել են խնդիրներ՝ կապված համայնքների խոշորացման հետևանքով ՏԻՄ կազմակերպչական ընթացակարգերի անկատարության, հանքին ուժեղ և թույլ ազդակիր համայնք համարվելու չափորոշիչների ճշգրտման, մտածելակերպային ու քաղաքացիական հասունության էական տարբերությունների հաղթահարման հետ»:

Ուսումնասիրությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:25 Հունիս 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news