Երկրորդ հանրային լսումը՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ

Երկրորդ հանրային լսումը՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ

ԷկոԼուր

2019թ. հունիսի 25-ին` ժամը 12:00-ին, Մեղրիի քաղաքապետարանում, տեղի կունենա Նռնաձորի (Նյուվադի) պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության թույլտվության երկարաձգման նախագծի նախնական գնահատման երկրորդ հանրային լսումը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության կայքից:

Նախորդ լսումները տեղի էին ունեցել մայիսի 16-ին, որի ժամանակ Մեղրի համայնքը տվեց իր նախնական համաձայնությունը «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից Մեղրիի շրջանում Նռնաձորի (Նյուվադի) պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը շարունակելու համար:

Նռնաձորի հանքերևակումը գտնվում է Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր գյուղից հյուսիս-արևմուտք` 4.5 կմ հեռավորության վրա, և, ըստ փորձաքննական եզրակացության, զբաղեցնում է 1,0 կմ2 մակերեսով տարածք: Տեղի հիմնական ջրային զարկերակը Արաքս գետն է իր ձախակողմյան վտակներով: Տարածքը մասամբ համընկնում է «Արևիք» ազգային պարկի տարածքի հետ, որտեղ ՀՀ կառավարության 15.10.2009թ. թիվ 1209 որոշմամբ արգելվում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Չնայած այս հանգամանքին` ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016թ-ին Նարիպրոֆ» ՍՊԸ-ին տվել է դրական եզրակացություն, սակայն պահանջել է բացառել «Արևիք» ազգային պարկի հետ համընկնող տարածքներում երկրաբանական աշխատանքները և երկրաբանահետախուզաորոնողական աշխատանքներն իրականացնել բացառապես Իրադրային քարտեզ սխեմային համապատասխան տարածքում: Ուսումնասիրության ավարտը նախատեսված է եղել 2018թ-ի 4-րդ եռամսյակում:

Երկրաբանական ուսումնասիրություն նախատեսված է եղել անցկացնել Նռնաձորի պղինձ-ոսկու, Բուղդահարթի և Սիգիրտ-Ալվանքի գոտու ոսկու (երկրորդային քվարցիտներ), հիդրոթերմալ ծագման, Շավզիրի և Կոշբերինի պղինձ-ոսկու (քվարց և քվարց-սուլֆիդային երակներ), ինչպես նաև Բոլիշենի պղնձի հանքերևակումներում` որոշելու ոսկու և նրան ուղեկցող մետաղների պաշարները:

15:09 Հունիս 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news