Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հակասում է ՀՀ օրենքներին

Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հակասում է ՀՀ օրենքներին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական թափոնների տեղադրման հարթակի` Թեղուտի պոչամբարի վթարային իրավիճակի հիմքերի օրենսդրական և տեխնիկական պատճառները: Վերլուծությունը իրականացրել է AM10/ENP-PCA/EN/06 ԵՄ»  Թվինինգ ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը:

Ուսումնասիրությունը հիմնված է ՀՀ գործող օրենսդրության, Թեղուտի պոչամբարի անվտանգության վկայագրի, տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված լրացուցիչ նյութերի հիման վրա:

Ուսումնասիրվել են.

  1. «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 2015թ. փետրվարի 9-ին հաստատված պոչամբարի տեխնիկական անվտանգության վկայագիրը,
  2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017 թ. մայիսի 26-ին տրված թիվ 560- 1 փորձագիտական դրական եզրակացությունը,
  3. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2006թ. նոյեմբերի 7-ին տրված թիվ ԲՓ-135 դրական փորձագիտական եզրակացությունը,
  4. ՀՀ  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը,
  5. «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը» հաստատելու մասին ՀՀ կառավարության   2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1359 - ն որոշումը:

ՀՀ  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի գ կետի պահանջների համաձայն` կազմակերպությունն իրականացնում է հանքարդյունահանման, հորատապայթեցման աշխատանքներ, կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ։ Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ 7-րդ կետով՝ անկախ նախատեսված ժամկետից, եթե օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահար կամ տեխնածին վթար։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով տեխնիկական անվտանգության վկայագիրը սահմանվում է որպես արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից հաստատված փաստաթուղթ։

«Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 2015թ. փետրվարի 9-ին հաստատված պոչամբարի տեխնիկական անվտանգության վկայագիրը կազմվել է ոչ-պատշաճ կերպով և չի համապատասխանում այդ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին։

Վկայագրում բացակայում է օրենքով պահանջվող ամբողջական տեղեկատվությունը, և խախտված են անվտանգության ապահովման հիմնական պահանջների դրույթները:

Փաստաթուղթը  չի արտացոլում պոչամբարում հնարավոր տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, շրջակա բնակչության և միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման և վերացման համար նախատեսված միջոցառումները։  Չկա անդրադարձ շրջակա միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու, տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների բացահայտման մեխանիզմներին, նորմատիվ փաստաթղթերով  սահմանված հնարավոր տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների հավանականության թույլատրելի քանակական ցուցանիշներին,  վթարների զարգացման վերլուծություններին:

Չեն գնահատվել Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված սոցիալական, կոլեկտիվ, սպասվելիք վնասների ռիսկերը, որոնք են.

դ) սոցիալական ռիսկ, ինչը բնորոշում է հնարավոր վթարի մասշտաբները և հասցվող վնասի չափերը,

ե) կոլեկտիվ ռիսկ, ինչը բնորոշում է վթարի հետևանքով տուժվող մարդկանց քանակը,

զ) սպասվելիք վնասի ռիսկ, ինչը բնորոշում է վթարի հետևանքով առաջացող նյութական կորուստները:

Վկայագրում ցանկացած տեխնածին վթարի գնահատման փոխարեն հղում է կատարվում միայն օրենքի պահանջներն։ Ռիսկերի գնահատման բաժինը լրացված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների  նկարագրով։ Այսինքն, ցանկացած տեսակի ռիսկերի գնահատումը բացակայում է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏԻ ՊՈՉԱՄԲԱՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ ԿԱԶՄՎԵԼ Է ՀՀ ՕՐԵՆՔԻ  ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ։

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Թեղուտ» ՓԲԸ-ի 8/1-6724 արտադրական վտանգավոր օբյեկտին  2017թ. մայիսի 26-ին տրված թիվ 560- 1 փորձագիտական դրական եզրակացությունը չի համապատասխանում  ՀՀ կառավարության   2011 թ. սեպտեմբերի 22-ի N 1359 - Ն որոշմամբ հաստատված   «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգ» հավելվածի պահանջներին:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը փորձաքննական դրական եզրակացությունը տվել է բացառապես «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ փաստաթղթերի և տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությունների շրջանակներում՝

1. Պոչամբարային տնտեսության անվտանգության վկայագիր,

2. «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենի հաստատած 15.01.2015թ. հրահանգներ (ընդ որում չեն նշվում անգամ հրահանգների անվանումները)

3. Հրահանգավորման մատյաններ (դարձյալ անանուն),

4. Շենքեր, շինություններ,

5. Տեխնոլոգիական սարքավորումներ,

6. Տեխնիկական միջոցներ:

Եզրակացության մեջ ակնարկվում է նաև նախագծային փաստաթղթերի, դրանցում հայտնաբերված որոշ անճշտությունների և դրանց վերացման մասին ՊՈԱԿ-ին տեղեկացման փաստի մասին: Սակայն նշված չէ, թե ինչ անճշտությունների մասին է խոսքը:

Տեխնիկական անվտանգության փորձաքննության ժամանակ անտեսվել են «Թեղուտ» ՓԲԸ-ի 8/1-6724 արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագրի լուրջ բացթողումները և թերացումները:  Չեն կատարվել փաստաթղթերով ներկայացված ցուցանիշների և չափորոշիչների հավաստիությունը հաստատող ուսումնասիրություններ, չափագրումներ, տեղազննումներ, չեն կազմվել փորձարկման ակտեր։ Չեն իրականացվել լրացուցիչ ուսումնասիրություններ` կապված տեխնիկական, արտադրական ռիսկերի գնահատման, վերլուծման և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների կատարված վերլուծության հետ:

Նշված բոլոր անճշտությունների չվերացման, ռիսկերի օբյեկտիվ չգնահատման, փորձաքննության գործընթացի ոչ անաչառ և օբյեկտիվ  անցկացման, «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ընդերքի շահագործման հետ կապված սահմանափակումների չպահպանման հետևանքով տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրականացություն ստանալուց 8 ամիս հետո  պոչամբարի պատվարի կայունության ցուցանիշների անկումը հանգեցրեց պոչամբարի վթարային իրավիճակի և տարածաշրջանում առաջացրեց լուրջ սոցիալական և բնապահպանական խնդիրներ։

Այս խնդիրների կուտակմանը նպաստել են նաև նախկին իշխանությունների հովանավորչությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին և պետական գերատեսչությունների գործունեության վրա նրանց ստվերային   միջամտությունը, ինչի արդյունքում ընկերությունն  իր գործունեությունն իրականացրել է առանց  որևէ պետական լիազոր մարմնի վերահսկողության` անտեսելով պետության կողմից ոլորտային նորմատիվների, սահմանափակումների և չափորոշիչների պարտադիր պահպանման պահանջները։

Բացի վերոնշյալ հանգամանքներից, փաստ է նաև, որ «Արմենիա Քափփեր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի և պղնձամոլիբդենային հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ 135 դրական եզրակացությունը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է 8 տարի ժամկետով (1-ին փուլ): Այդ ժամկետը լրացել է 2015թ., սակայն մինչ այժմ ձեռք չի բերվել հանքի շահագործման 2-րդ փուլի թույլտվությունը: Այսինքն, 2015թ-ից սկսած Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության պահանջների չպահպանմամբ: 

Ներկայում, երբ դադարեցված են «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատանքները, և ստեղծվել է նոր իրավիճակ` կապված ընկերության և ռուսական ՎՏԲ բանկի միջև «գույք պարտքի դիմաց» գործընթացի հետ, անհրաժեշտ է պոչամբարի անվտանգության հարցին տալ արմատական և վերջնական լուծում։ Այդ նպատակով կառավարության կողմից հաստատել խիստ վերահսկողություն, հանձնարարելով՝

ա) «Թեղուտ» ՓԲԸ-ին՝

  1. Անկախ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավարի  և  նրա շահագործման ենթակառուցվածքների սեփականատիրոջ հնարավոր փոփոխության հանգամանքից, հնարավորինս կարճ ժամկետում վերացնել պոչամբարի պատվարի վթարայնությունը,
  2. Պոչամբարի հետագա շահագործման կամ կոնսերվացման համար կազմել նախագծային փաստաթղթերի փաթեթ, ներառյալ օրենսդրական պահանջներին համապատասխան կազմված, հնարավոր բոլոր ռիսկերը գնահատած, պոչամբարի պատվարի կայունության և արտահոսքերի բացառման միջոցառումներն արտացոլող  տեխնիկական անվտանգության վկայագիրը,
  3. Անվտանգության փորձաքննության եզրակացություն ստանալու համար կազմված փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
  4. Թեղուտի հանքահարստացուցիչ կոմբինատի աշխատանքները վերսկսել բացառապես պոչամբարի շահագործման տեխնիկական  և բնապահպանական անվտանգության երաշխիքների ապահովման պարագայում։

բ)  ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝

1.  «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից  պոչամբարի տեխնիկական անվտանգության նախագծային փաթեթն ստանալուց հետո փորձաքննությունը կազմակերպել բացառապես «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը» հաստատելու մասին ՀՀ կառավարության   2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1359 – Ն որոշմամբ սահմանված կարգով, բացառելով կողմնակալությունը:

2. Պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտում կատարել փաստաթղթային ցուցանիշների և չափորոշիչների հավաստիությունը հաստատող ուսումնասիրություններ, չափագրումներ, տեղազննումներ, կազմել համապատասխան փորձարման ակտեր, ստուգել ռիսկերի  գնահատման համար ընտրված մեթոդոլոգիաների  արդիականությունը և դրանց արդյունավետությունը։

գ)  ՀՀ բնապահպանության նախարարությանը՝

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներին նախարարությանը` քննարկելու «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված ընդերքօգտագործման լիցենզիայի դադարեցման հնարավորության հարցը, քանի որ ընկերությունը 2015թ-ից սկսած Թեղուտի հանքը շահագործել է առանց հանքավայրի շահագործման 2-րդ հերթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության:

- Հանքավայրի վերաշահագործման պարագայում հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի և պղնձամոլիբդենային հանքավայրի 2-րդ հերթի շահագործման ախատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն և փորձաքննության անցկացումը։      

16:28 Հոկտեմբեր 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news