Ախթալայի ԼՀԿ-ն մտադիր է «Նահատակ» պոչամբարի պատնեշը բարձրացնել 40-80 սմ-ով

Ախթալայի ԼՀԿ-ն մտադիր է «Նահատակ» պոչամբարի պատնեշը բարձրացնել  40-80 սմ-ով

ԷկոԼուր

Ախթալայի ԼՀԿ-ն մտադիր է «Նահատակ» պոչամբարի պատնեշը բարձրացնել 40-80 սմ-ով։

Սույն թվականի ապրիլի 18-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների և Մեծ Այրում բնակավայրի բնակիչների մասնակցությամբ։

«Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց։

«Բերել էին մի նախագիծ, որպեսզի համայնքի բնակիչները թույլատրեին Նահատակ պոչամբարի պատնեշը բարձրացնել ևս 40-80 սմ-ով։ Այնինչ պարզվեց, որ նախագիծ դեռ չկա՝ նախնական սխեմաներ են, որոնք պետք է ներկայացվեն փորձաքննության, հետո ՇՄԱԳ ու հետագայում արդեն ռեկուլտիվացիա արվի։  Մինչդեռ ըստ ընկերության պոչերի չորացման և Շամլուղի բացհանքում կոտակման 2017թ․ նախագծի՝ պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր 2020 թ․ մարտին։ Այն գործում է անօրինական, և հիմա ուզում են համայնքի բնակիչների բանավոր համաձայնությունը ստանալ, առանց փորձաքննության, թույլտվության շարունակեն բարձրացնել պատնեշը և լցնել «Նահատակի» պոչամբարը՝ ասելով, թե այլապես ֆաբրիկան կդադարի աշխատել՝ այդ կերպ սպառնալով գյուղացիներին։  Այստեղ փաստաթղթային, իրավական, օրենքին չհամապատասխանող բազմաթիվ հարցեր կան», - ասաց Օլեգ Դուլգարյանը։ 

Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ բնակիչները գիտակցելով, որ պոչամբարի հետագա շահագործումը լինելու է առանց նախագծի և իրենց առողջության հաշվին, փոխհատուցում են պահանջել յուրաքանչյուր բնակչի համար ամսական 30-50 հազար դրամի չափով մինչև պոչամբարի ռեկուլտիվացումը։ Ընկերության ներկայացուցիչները գյուղացիների՝ փոխհատուցուցման պահանջին չեն արձագանքել։

«Բացի փոխհատուցման պահանջը նաև ներդրում անելու առաջարկ հնչեց՝ գյուղի համար ինչ-որ բան կառուցելու վերաբերյալ։ Բայց դա առողջապահական կամ բնապահպանական խնդիր չի կարող լուծել։ Բացի այդ, ընկերության կողմից գյուղի որոշ բնակիչներին աշխատանքի տեղավորման առաջարկներ են արվել», - ասաց Օլեգ Դուլգարյանը։ Նա ճիշտ չի հա մարում նման ձևաչափով խնդրին լուծում տալը, քանի որ այդպիսով կխախտվի գյուղի այլ բնակիչների՝ մաքուր միջավայրում ապրելու իրավունքը։

«Մարդիկ պետք է երաշխիք ունենան, որ խնդիրը կլուծվի»,- ասաց նա։

Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ-ի

10:42 Ապրիլ 19, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news