Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել իր իսկ կողմից մերժված «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի 3-րդ պոչամբարի նախագծին

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել իր իսկ կողմից մերժված «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի 3-րդ պոչամբարի նախագծին

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի  Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին: Այս տեղեկատվությունը ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հաստատեցին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից: ԷկոԼուրի այն հարցին, թե ինչ նախագիծ է դրական եզրակացություն ստացել, երբ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում պոչամբարի վերաբերյալ ոչ մի նախագիծ չկա,  «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակցուհին ասաց, որ հաստատվել է հին նախագիծը, որը ներկայացվել էր դեռ 2013թ-ին:

Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի  կողմից 2013թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագիծը մերժում է ստացել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից դեռ 2013թ-ի մայիսին: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում նույնիսկ տեղադրված է տեղեկատվություն այդ մասին http://www.mnp.am/?aid=1735:

Դրական եզրակացություն տալով ժամկետնանց եւ մերժված նախագծին` ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը:

«Մեգո Գոլդ»-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել  Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց եղանակով շահագործման նախագիծը, որում նշված է.  «… Տարեկան առաջանում է 9.66 տոննա նստվածք: Նստվածքը տեղափոխվում է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործող պոչամբար…»: Պարզ է, որ խոսքը նոր կառուցվելիք պոչամբարի մասին է, քանի որ ընկերության երկու մյուս պոչամբարները լցված են: Սակայն ընկերությունը դրանք չի ռեկուլտիվացնում` ասելով, թե պոչամբարներում ոսկի կա:

Այսպիսով, եթե ՀՀ բնապահպանական օրենսդրության կոպիտ խախտումներով Թուխմանուկի 3-րդ պոչամբարի նախագիծը կյանքի կոչվի, ապա այդ հին նախագծի համաձայն` պոչամբարի տակ հատկացվող տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի 6-7 հա, պոչամբարի մակերեսը` 1.53 հա, ծավալը`  370 հազար խմ, պոչատարի  ընդհանուր երկարությունը` 1607մ: Պոչամբարը կառուցվելու է 9 բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի արևելյան մասում` 800մ հեռավորության վրա, իսկ ֆաբրիկայից մոտ 1600մ հեռավորության վրա:

Նշենք, որ Մելիք գյուղի բնակիչները վրդովված են բնապահպանության նախարարության այս գործելաոճից եւ բողոքի նամակ են գրել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, որում մասնավորապես ասված է. «Մենք` Մելիք գյուղի բնակիչներս, կոչ ենք անում Ձեզ անմիջապես հետ կանչել Ձեր ստորագրությունը, հրահանգել տեսչական ստուգում անցկացնել հանքավայրում, գնահատել դրա ազդեցությունը կից տարածքների ու համայնքի վրա:

Կարծում ենք, որպես հարկատուների իսկ գումարների հաշվին վարձատրվող պետական ծառայող, Դուք, պարոն Գրիգորյան, անհապաղ պետք է այցելեք Մելիքգյուղ համայնք, տեղում ծանոթանաք իրավիճակի հետ եւ տրամադրեք մեզ` ՀՀ քաղաքացիներին, Ձեր մասնագիտական գնահատականը Ձեր անձնական պատասխանատվությամբ, որպես բնապահպանության նախարարի»:

Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը իր 100-օրյա աշխատանքային գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ եթե հանքարդյունաբերական ընկերությունները չլուծեն պոչամբարների հետ կապված խնդիրները, ապա Բնապահպանության նախարարությունը լուրջ մոտեցումներ կցուցաբերի` ընդհուպ մինչեւ դադարեցնելով ընկերությունների գործունեությունը:

Նշենք, որ «Մեգո Գոլդ»-ի շահագործած լցված եւ չռեկուլտիվացված պոչամբարները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել թե Մելիքգյուղի բնակչության համար, եւ թե շրջակա միջավայրի համար:

17:29 Օգոստոս 25, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news