Սոտք համայնքը տվեց իր համաձայնությունը Սոտքի փակ հանքի շահագործման համար

Սոտք համայնքը տվեց իր համաձայնությունը Սոտքի փակ հանքի շահագործման համար

ԷկոԼուր

Սոտք համայնքը սեպտեմբերի 26-ին կայացած հանրային լսումների ժամանակ տվեց իր համաձայնությունը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը` Սոտքի բացահանքում պաշարները սպառելուց հետո անցնել ստորգետնյա հանքի շահագործմանը: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Սոտքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը, համայնքն իր համաձայնությունը տվել է պայմանով, որպեսզի ընկերությունը հողի, օդի, ջրի վրա հանքարդյունաբական գործունեության հետևանքով առաջացած աղտոտվածությունը նվազագույնի հասցնի:

«Երեք տարվա ընթացքում բաց հանքը պետք է փակվի, ու աստիճանաբար պետք է անցնեն փակ շահագործման: Բաց հանքը շրջակա միջավայրի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում: Փոշին 100-ավոր հեկտար տարածքների վրա է նստում`որոշակի բացասական ազդեցություն թողնելով կենդանական և բուսական աշխարհի վրա: Փակ եղանակով հանքի շահագործման դեպքում բացասական ազդեցությունը և աղտոտվածությունը զգալի նվազում է: Հիմնականում դա է պատճառը, որ համայնքը համաձայնվեց: Փակ շահագործումն ազդելու է հիմնականում մեր ջրերի վրա: Մեր ոռոգման ջուրը գալիս է հանքի տարածքի բնական աղբյուրներից և նաև հանքախորշերից: Ընկերությունը խոստացավ մեզ, որ կառուցելու են պարզարաններ`ջուրը մաքրելու համար: Մենք գիտենք, որ հանքարդյունաբերությունը որոշակի վնաս տալիս է, բայց մեզ համար ծրագրեր են անում, հողի հարկ են տալիս, բնապահպանական վճարներ են վճարում: Մենք համաձայն ենք` մի որոշակի վնաս կրել, բայց մեր հայրենիքում ապրել, չլքել ու չհեռանալ»,- ասաց Կոլիկ Շահսուվարյանը:

«Սոթքի ոսկու հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման» նախնական գնահատման հայտի վերաբերյալ դեռ երկու հանրային լսում պետք է կայանա, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտի վերաբերյալ եզրակացություն տա:

18:08 Սեպտեմբեր 26, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news