Ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի բացահանքում պաշարները սպառելուց հետո մտադիր է անցնել ստորգետնյա հանքի շահագործմանը

Ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի բացահանքում պաշարները սպառելուց հետո մտադիր է անցնել ստորգետնյա հանքի շահագործմանը

ԷկոԼուր

Հայաստանում ոսկու ամենամեծ հանքավայրը շահագործող ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Սոթքի բացահանքում պաշարները սպառելուց հետո մտադիր է անցնել ստորգետնյա հանքի շահագործմանը: «Սոթքի ոսկու հանքավայրի ստորգետնյա եղանակով արդյունահանման» նախնական գնահատման հայտի հանրային լսումները (թվով 2-րդ) տեղի կունենան ս.թ. սեպտեմբերի 26-ին՝ 12.30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի համայնքապետարանում:

Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է Սևանա լճի ավազանում, լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Մոտակա բնակավայրը` Սոթք համայնքն է: Մինչև 2001 թ-ը հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001 թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցվել են: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը ստորգետնյա հանքի շահագործումը կիրականացնի 18 տարվա ընթացքում:

Սոթքի հանքավայրում հանքաքարի վերագնահատված պաշարները կազմում են. 31141.2 հազար տոննա հանքաքար, 133.5 տոննա ոսկի, 175.6 տոննա արծաթ` 4.29 գ/տ ոսկու և 5.64 գ/տ արծաթի պարունակություններով: Ընկերության հայտի համաձայն՝ հանքաքարի հաստատված պաշարներից բաց եղանակով նախատեսվում է արդյունահանել 14857.091 հազար տոննա հանքաքար՝ ոսկու 3.96 գ/տ պարունակությամբ: Ստորգետնյա եղանակով արդյունահանվելու է ավելի շատ՝ 16284.109 հազար տոննա հանքաքար՝ ոսկու 4.58 գ/տ միջին պարունակությամբ: Տարեկան արտադրողականությունը, ըստ ապրանքային հանքաքարի, 1000.0 հազար տոննա:

Ստորգետնյա հանքի մշակումն իրականացվելու է հորատապայթեցման աշխատանքների կիրառմամբ: Տարեկան կօգտագործվի 298.0 տոննա պայթուցիկ նյութ:

Ստորգետնյա հանքի ամբողջ շահագործման ընթացքում, տարեկան կարտանետվեն 252.5 տոննա վտանգավոր նյութեր` հանքաքարի փոշի, ածխածնի, ազոտի, մանգանի, երկաթի օքսիդներ, ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ և այլն:

Հանքավայրին մոտակա ջրահոսքը Սևանա լիճ թափվող Մասրիկ գետի վտակ Սոթք գետն է: Հայտում համաձայն` աղտոտող նյութերի պարունակությունները հանքաջրերում գերազանցում են գետի համար էկոլոգիական նորմերը: Ջրային ռեսուրսների աղտոտման հետևանքով տնտեսությանը հասցված վնասը գնահատվել է 494 մլն դրամ/տարեկան բացահանքի շահագործման արդյունքում, 817.8 մլն դրամ/տարեկան` ստորգետնյա հանքի:

Ուսումնասիրվող տարածքում հանդիպում է ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված Գնարբուկ սքանչելի բուսատեսակը որպես խոցելի (VU) տեսակ: Հայաստանի էնդեմիկներից այստեղ հանդիպում է Զանգակ Բայերնին:

18:53 Սեպտեմբեր 25, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news