Նախկին նախարար Վարդան Այվազյանի զարմանալի մեկնաբանությունները չինական ընկերության ապագա ծրագրերի վերաբերյալ

Նախկին նախարար Վարդան Այվազյանի զարմանալի մեկնաբանությունները չինական ընկերության ապագա ծրագրերի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը (2001-2007թթ․) պնդում է, որ «Fortune Oil» չինական ընկերությունը չի հրաժարվել Հայաստանի երկաթե հանքերից, որոնց ակտիվները ձեռք բերեց 2011թ-ին նակին նախարարին պատկանող «Նագին» ընկերության բաժնետոմսերի միջոցով։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման 01․03․2015թ-ի 99-րդ թողարկման ժամանակ հարցազրուցավար Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում Վարդան Այվազյանը մասնավորապես ասաց․

Սաթիկ Սեյրանյան․

-Երկաթի հանքավայրի, որտեղ բաժնեմաս ունեք, ներդրող գտնվե՞ց, որովհետեւ չինացիները, ոնց որ այն ժամանակ էլ խոսեցինք, խուսափեցին։

 Վարդան Այվազյան․

-Չեն խուսափել, իրենք շարունակում են աշխատել։

Սաթիկ Սեյրանյան․

-Դուք ասացիք նախորդ եթերի ժամանակ։

 Վարդան Այվազյան․

-Հա դադարեցրել են, բայց իրենք են սեփականատերերը, կներեք։ “Fortune Oil”  է հանդիսանում սեփականատերը։ Այվազյան Վարդանի տղեն ընդեղ ունի ընդամենը 20 տոկոս։ 80 տոկոսը  “Fortune Oil”-ինն է, Ու եթե այդ երկաթի հանքերը իմս են, իրանցը չեն, շնորհակալություն նվերի համար։

 Սաթիկ Սեյրանյան․

-Այսինքն, հիմա ներդրումային ծրագիրը շարունակվո՞ւմ է։

  Վարդան Այվազյան․

-Այո, որովհետեւ նրանք ուզում են, իմ վերջին տեղեկատվությամբ, իմիջիայլոց, էդտեղ էլ ես հովանավորչություն եմ անում, Ռուստավիի գործարանը շահագործման վերցնեն։ Այսինքն, ընդեղ սարքեն, որ էստեղից հումքը գնա։ Այդտեղ մենք կդառնանք երկաթի արտահանման վրա մոնոպոլիստ։

ԷկոԼուրը հիշեցնում է, որ «Fortune Oil»-ը մտադիր էր 2012թ-ին սկսել ձեռնարկության ենթակառուցվածքների կառուցումը, իսկ 2014թ-ին սկսել երկաթի արտադրությունը։ Սկզբում ընկերությունը բախվեց հասարակության դիմադրությանը։ Հետո ՀՀ բնապահպանության նախարարությունում հանրային քննարկումների ժամանակ ընկերությունը պարզեց, որ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման համար թույլատրող փաստաթղթերի փաթեթը ժամկետնանց է, եւ որ հանքարդյունահանումը  կատարվելու է Հրազդանը եւ մասնակիորեն Երեւանը սնուցող ջրային աղբուրների տարածքում։ «Առողջ Հրազդան» նախաձեռնող խումբը ներկայացրեց ռիսկերի մասին հետեւյալ կարծիքը․

«ա. մոտակայքում գտնվող մոտ 250 հազ. բնակչությանը մատակարարվող Մաքրավան 1, 2 և 3 աղբյուրների ջրերի թունավորում  ու դրանց իսպառ ոչնչացում

բ. Հանրապետության խոշորագույն ոռոգման համակարգի (Սևան-Հրազդան ջրատար և Ծովինար ջրակարգավորող ավազան) աղտոտում

 գ. հանքաքարի մանրեցման, երկաթի կորզման ու ձուլման արտադրամասերի գործունեության հետևանքով գոյացող ծանր, թունավոր մետաղներով օդային ավազանի և ստորգետնյա ջրագոյացման համակարգի աղտոտում

դ. ինչպես նաև Ծաղկաձոր ու Հանքավանի ձոր զբոսաշրջային կենտրոնների անմիջական հարևանությանը և դեպի այդ հանգստավայրեր ու Սևան տանող բանուկ ավտոճանապարհների կողքերին տեղակայված պոչհանք-պոչամբարների առկայություն։

ե․ առավել խնդրահարույց են հանքավայրի հնարավոր շահագործման իրավական  հիմքերը, որոնք վերաբերում են 2007 թ-ին «Նագին ՍՊԸ-ին» հանքնարդյունահանման հատուկ լիցենզիայի տրամադրմանը, լիցենզառուի անվանափոխությանը»:

17:09 Մարտ 02, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news