Դաշինքը նախարարությունից պահանջում է բացասական եզրակացություն տալ Թուխմանուկի երրորդ պոչամբարի նախագծին

Դաշինքը նախարարությունից պահանջում է բացասական եզրակացություն տալ Թուխմանուկի երրորդ պոչամբարի նախագծին

ԷկոԼուր

Էկոլոգիական հասարակական դաշինքը սույն թվականի փետրվարի 2-ին նամակով դիմել է ՀՀ բնապահապնության նախարար Արամ Հարությունյանին` Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծի հարցով: Դաշինքը գտնում է, որ սկզբունքային և մասնագիտական թերությունների առկայության հիմնավորմամբ` նախագծին պետք է տրվի փորձաքննական բացասական եզրակացություն: Նամակում ասված է.

«Էկոլոգիական հասարակական դաշինք»-ի մի շարք ՀԿ-ների և անկախ փորձագետների կողմից ուսումնասիրվել է «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր կառուցվելիք պոչամբարի աշխատանքային նախագիծը (այսուհետև նաև Նախագիծ), ինչի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. Նախագիծը ներկայացված է առանց հանքավայրի շահագործման (ի դեպ ցավով նշում ենք, որ Դուք պետք է տեղյակ լինեիք, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն մոտ վեց տարի առանց բնապահպանական փորձաքննություն անցած հարստացուցիչ ֆաբրիկայի նախագծերի հանքարդյունահանում է իրականացնում):
Հաշվի առնելով այն, որ ընդերքից հանքաքարի հանումը, դրանից օգտակար հանածոյի կորզումը, պոչամբարի կառուցումը և ռեկուլտիվացիան մեկ ամբողջական գործընթացի իրար հաջորդող բաղադրիչներ են՝ դրանց նախագծերը պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն և քննարկվեն միասին, հակառակ դեպքում  «փորձաքննությունը» կկրի ձևական բնույթ և հնարավոր չի լինի ապահովել նախատեսվող գործունեության, դրա այլընտրանքների հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանը, հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստույգությունը:
Ավելորդ չենք համարում նշել նաև, որ ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից արդեն իսկ ընդունվել է վերը նշված սկզբունքի պարտադիր լինելը ինչը նշված է 26.04.2013թ.-ին տրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-36 եզրակացության մեջ, մեջբերում ենք՝
«-ելնելով փոխկապակցվածությունից, նոր պոչամբարի հետ անհրաժեշտ էր փորձաքննության ներկայացնել նաև ոսկու բացհանքի շահագործման, ինչպես նաև հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցման նախագծերը», ինչը չի ներկայացվել,
-«բացակայում են ՀՀ կառավարության 11.11.1998թ. «ՀՀ արդյունաբերական օբյեկտի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702 որոշմամբ նախատեսված գործող պոչամբարի անվտանգության վկայագրերը,
- տարածքում առկա են սողանքային մարմիններ`համաձայն Ճապոնական միջազգային գործակալության կատարած ուսումնասիրությունների», որտեղ պոչամբարի կառուցումը ռիսկային է:

2.«Մեգո Գոլրդ»ՍՊԸ-ն կողմից առայսօր չեն կատարվել Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր (երկրորդ) պոչամբարի նախագծի վերաբերյալ 20.02.2007թ.-ին տրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-15 եզրակացության մեջ նշված հետևյալ փորձաքննական պահանջները.
- ֆաբրիկայի նախագծերը և պոչամբարի պատնեշի 2,5 մ-ով բարձրացման դեպքում համապատասխան փաստթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Բնապահպանության նախարարություն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության
- պոչամբարի շինարարությունը անհրաժեշտ է իրականացնել ՀՀ կառավարության կողմից հողի գործառնական նշանակությունը փոխելուց հետո, ինչի մասին տեղեկատվություն չի ներկայացվել:

3. «Մեգո Գոլրդ» ՍՊԸ-ն կողմից ներկայացված Թուխմանուկի հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերակառուցման աշխատանքային նախագծում, որպես հանքահարստացման տեխնոլոգիա նկարագրված է նաև ֆլոտացիոն եղանակը և բերված են օգտագործվող քիմիական ռեագենտների ցանկը, մինչդեռ ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից երկրորդ պոչամբարի կառուցման նախագծի վերաբերյալ 20.02.2007թ-ին տրված թիվ ԲՓ-15 դրական եզրակացության մեջ նշված է, որ Ընկերությունը հանքահարստացման տեխնոլոգիական պրոսեցում քիմիկատների կամ ռեագետների օգտագործում չի նախատեսում և առաջացած պոչանքները հեղուկ ֆազայում վնասակար աղտոտող նյութեր չեն պարունակում, ինչը չի համապատասխանում իրականությանը և նույն խնդիրն առկա է նաև ներկայացված նախագծում:

4. Նախագիծը մասնագիտական տեսանկյունից թերի է և ոչ լիարժեք, մասնավորապես.

ա. Բացակայում են մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները։ Օրինակ, չեն ներկայացված շրջակա տարածքի հողերի, ստորերկրյա ջրերի քիմիական բաղադրությունները, մակերևույթային ջրերի որակի դասերը՝համապատասխան ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75 - Նորոշման, տես հավելված N 2 և հավելված N 8 (Քասախ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմեր).

բ.բացակայում են պոչամբարի շինարարության ընթացքում և հետագայում պոչամբարի շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես էկոհամակարգի վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների.

գ. Ընդհանրապես բացակայում են պոչամբարի շինարարության գործընթացի և հետագայում պոչամբարի շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես էկոհամակարգի վրա ազդեցությունների էֆեկտները և դրանց հետևանքները։ Նախագծում բացակայում են վերջնական փուլում՝ 3-րդ պոչամբարը և ընդհանրապես ֆաբրիկան ու հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի՝գիտականորեն և մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները.

դ. Բերված են միայն կցկտուր, չհիմնավորված տվյալներ՝առանց գնահատականների և վերլուծության, տես 4-6-րդ գլուխներն ամբողջությամբ.

ե.չեն ներկայացված, թե ինչպես կփոխվեն շրջակա հողերի՝այդ թվում գյուղատնտեսական նշանակության, մակերևույթային շերտերի քիմիական բաղադրությունը և օգտագործման հնարավորուղղությունները, գետերի հիդրոմորֆոլոգիական և հիդրոկենսաբանական բնութագրիչները, մակերևույթային ջրերի քիմիական որակը և որակի դասերը՝տարածաշրջանում պոչամբարի շինարարության, հետագա շահագործման ընթացքում կամ պոչամբարը շահագործումից հանելուց հետո.

զ. Չեն քննարկված Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի ներկայիս, երրորդ պոչամբարի շինարարության, շահագործման, շահագործումից դուրս բերման փուլերում շրջակա միջավայրի վրա ներգործության հնարավոր, գիտականորեն հիմնավորված սցենարները և հետևանքները տարբեր սցենարների դեպքում.

Է. Չեն առաջարկված տարբեր սցենարների, այդ թվում արտակարգ իրավիճակների դեպքում կանխարգելիչ, ընթացիկ և հետվերականգնողական միջոցառումների և գործողությունների պլաններ՝սպասվող բացասական հետևանքները մեղմելու և չեզոքացնելու համար։

ը.բացակայում է շրջակա միջավայրի վրա ներգործության ժամանակակից և մոնիտորինգի ծրագիրը։
թ. 2.3 բաժնի 2.3.1 աղյուսակում ներկայացված են Գետիկ գետի ջրերում խիստ սահմանափակ թվով քիմիական ցուցանիշների (ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75 -Ն որոշմամբ հաստատված ջրերի որակի 104 ցուցանիշից ընդամենը 22-ի համար) բազմամյա միջինացված տվյալները։ Տվյալները բերված են նմուշարկվող գետահատվածների համար, որոնք գտնվում են բացհանքից վերև (գետի ֆոն), պոչամբարի արտհրապարակից վերև և ներքև, և բազայի հրապարակից հետո`Մելիքգյուղը չհասած (տես նախագիծ, բաժին 2.3): Սակայն չեն ներկայացված ջրերի որակի դասերը՝ ըստ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75 - Նոր որոշմամբ հաստատված Քասախ գետի ավազանի գետերի ջրերի որակի էկոլոգիական նորմերի (հավելված N 8)։

ժ. մակերևույթային ջրերի որակի փոփոխության համեմատական վերլուծություն ըստ դիտակետերի կատարված չէ։Նախագծի 2.3 բաժնի 2.3.1 աղյուսակում բերված ընդհանրացված տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ արդեն իսկ ներկա պահին՝մինչև երրորդ պոչամբարի շինարարությունն ու շահագործումը, հոսանքով դեպի ներքև Գետիկ գետի ջրերում արսենի (As) պարունակությունը բազմակի աճում է, որն ուղղակի հետևանք է Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի հանքարդյունաբերական գործունեության:
- Գետիկ գետի պոչամբարից ներքևի և Մելիքգյուղից վերևի դիտակետերի ջրերում արսենի պարունակությունը բացհանքից վերևի (Գետիկ գետի ֆոնային դիտակետ) դիտակետի ջրերի համեմատությամբ աճում է դրամատիկ ձևով՝հայտնաբերման ներքին սահմանից (առվնազն 0,1 մկգ/լ) մինչև 2,8 մկգ/լ։
- Գետիկ գետի պոչամբարից ներքև և Մելիքգյուղի վերևի դիտակետերի ջրերում արսենի պարունակությունը մինչև պոչամբարի դիտակետի ջրերի համեմատությամբ աճում է համապատասխանաբար 3,5 և 2,5 անգամ։
Գործնականում, ներկա պահին արդեն, նույնիսկ ներկայացված նախագծում բերված տվյալներից երևում է, որ Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկան շրջակա միջավայրի վրա և մասնավորապես Գետիկ գետի ջրերի որակի վրա ունի անթույլատրելի բացասական ազդեցություն։

Փաստացի շրջակա միջավայրի վրա ներգործության փորձաքննություն չի իրականացվել, բացակայում է որևէ գնահատական, սցենար և գործողությունների պլան։

Ի. չնայած որ դիտողությունները բերվածով չեն սահմանափակվում, բայց հարկ ենք համարում նաև նշել, որ պոչամբարի հիմնական պատնեշից ներքև պետք էր նախատեսել պահպանիչ հողային պատնեշի կառուցում, ինչը բացակայում է նախագծում: Պահպանիչ պատնեշը նախատեսվում է այն պայմանով, որպեսզի պոչամբարի չնախատեսված վթարի դեպքում պատնեշով ստեղծված ծավալում տեղավորվեն պոչամբարից արտահոսող պոչերը:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը գտնում ենք, որ ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր կառուցվելիք երրորդ պոչամբարի աշխատանքային նախագիծը, վերընշված սկզբունքային և մասնագիտական թերությունների առկայության հիմնավորմամբ`նույնիսկ քննարկման ենթակա չէ և միանշանակ պետք է տրվի փորձաքննական բացասական եզրակացություն»:

18:35 Փետրվար 11, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news