ԷկոԼուր
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկում է հայեցակարգ մշակել: Նախագահին ուղղված նամակում ասված է.
«Հարգարժան պարոն նախագահ,
Հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունահանման գործընթացները բուռն զարգացման փուլում են, ինչի խթանը ոլորտը կարգավորող օրենքների ազատականությունն է:
Այսօր, միայն Հրազդանի տարածաշրջանում, բաց եղանակով, մետաղական հանքերի ուսումնասիրման ու շահագործման արտոնագրեր են ստացել առնվազն տասը նախաձեռնողներ, այդ թվում `
- Հրազդանի երկաթահանք
- Թեժ լեռան նեֆելինային սիենիտների (ալյումինի հանք)
- Հանքավանի մոլիբդեն
- Սառնաղբյուրի
- Զառի
- Արջասարի
- Լուսաջուրի
- Հարավային և
- Նոր տեղամասերի ոսկու հանքերը
Այս հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում Հրազդանից Հանքավան ընդամենը 35 կմ ձգվող Մարմարիկ գետի գեղատեսիլ ավազանը մոտ ապագայում կարող է վերածվել մեռյալ գոտու` և դա այն պարագայում, երբ տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող
- Կովկասյան մրտավարդենու
- Հանքավանի ջրաբանական(միջազգայնորն ճանաչված եզակի միջավայր)
- Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը և
- Դիլիջանի ազգային պարկը:
Ավելացնենք նաև, որ ձորը հանդիսանում է նշանակալի հանգստյան և առողջարանային գոտի, որտեղ կառուցված են մի քանի տասնյակ հանգստյան տներ, ճամբարներ, իսկ հանքային թերմալ ջրերի ու ցեխերի բազայի վրա գործում են առողջարաններ: Ձորին հարակից է Ծաղկաձոր քաղաքը իր կայացած զբաշոսաշրջային իմիջով, ու արդեն հարյուրավոր միլիոններ կլանած, ընթացիկ ու ակնկալվող բազմամիլիոնանոց ներդրումներով: Վերջերս Ձեր ձեռամբ բացվեց Մարմարիկի հսկայական ջրամբարը, որի ջրերի ծփանքը, անկասկած, նոր հմայք ու գրավչություն են հաղորդում արդեն եղածին:
Փաստենք, որ տարածաշրջանի գյուղերին բնորոշ է զարգացած անասնապահությունը, շնորհիվ հարուստ արոտավայրերի ու խոտհարքների, իսկ Մարմարիկ գետի գետաբերանին հարող դաշտավայրը` կաղամբի, կարտոֆիլի, ու այլ բանջարաբոստանային մշակաբույսերի եզակի շտեմարան է:
Վերը նշված հանքավայրերի շահագործումը նախաձեռնողներին և պետական պատկան մարմիններին ներկայացված մեր նկատառումները` միտված բնական միջավայրի անաղարտ պահպանությանը, առանձին-առանձին հասարակական լսումներ հրավիրած տնտեսվարողների կողմից չեն ընկալվում, քանի որ չեն ընդգրկում բոլոր հանքերի շահագործման ամբողջական վնասները: Անգամ ամենաբացասական եզրահանգումների պարագայում դրանք գործընթացների վրա վճռորոշ ազդեցություն չեն ունենում` ոլորտը կարգավորող օրենսդրության անկատարության պատճառով:
Նշված բոլոր հանքերի շահագործման արդյունքում, բնապահպանական առումով տարածաշրջանային աղետը կանխելը կդառնա անհնարին, ինչը հասարակության մեջ լուրջ մտահոգություններ է առաջացնում:
ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Հայաստանի Հանրապետության նախագահ, հարգարժան Սերժ Ազատի
Հանքարդյունաբերության զարգացման ներկա գործընթացները առավել ըմբռների ու թափանցիկ դարձնելու ակնկալիքով, առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել Հայստանում նոր ուսումնասիրման ու նախագծման գործընթացում գտնվող մետաղական հանքերի շահագործման ծրագրերը:
Ակնկալում ենք, Ձեր նախաձեռնությամբ, կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան մասնագետներից ու բնապահպաններից կազմված մի մարմին` ուսումնասիրելու համար ոլորտում ծավալվող գործընթացները: Նպատակը` մշակել հայեցակարգ, ինչը համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները` ըստ առկա ռեսուրսների, զարգացման հեռանկարների ու բնապահպանական խնդիրների, բացառելու համար Հրազդանի տարածաշրջանի` նման հարուստ բնաշխարհ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ, քաղցրահամ, հանքային և ոռոգման ջրերի ահռելի պաշարներ ունեցող տարածքում 10-15 տարվա տնտեսական կասկածելի էֆեկտ խոստացող հանքարդյունաբերության զարգացման իրողությունը:
Համոզված ենք` կառավարության որոշման տեսքով նման հայեցակարգը հիմք կհանդիսանա կասեցնելու ոլորտում ծավալվող անըմբռնելի գործընթացները և կկանխի հասարակության մեջ խորացող երկփեղկվածությունը` բացառելով նոր Թեղուտի ու Ամուլսարի օրինակները, երբ արդեն միլիոնավոր դոլարների հասնող ծախսերը հասարակության մոտ ոչ միայն չեն նվազեցնում, այլև ավելի են խորացնում այդ ձեռնարկների արդյունավետության արժանահավատությունը:
Հրազդանի ընտրողների հետ նախատեսված Ձեր հանդիպման ընթացքում ակնկալում ենք Ձեր նկատառուները վերը նշված խնդիրների առնչությամբ:
Ցանկանում ենք նշել, որ ամիսներ առաջ նույն մտահոգություննրով դիմել ենք ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին, որտեղից ցավոք սրտի ցայսօր որևէ արձագանք չի հետևել»:
Հունվար 31, 2013 at 00:54