«ՄեգոԳոլդ» ընկերության նախագիծը Մելիք գյուղում. «Մինչեւ առաջին պոչամբարը չռեկուլտիվացվի, նորի մասին վաղ է խոսել» (Լուսանկարներ)

«ՄեգոԳոլդ» ընկերության նախագիծը Մելիք գյուղում. «Մինչեւ առաջին պոչամբարը չռեկուլտիվացվի, նորի մասին վաղ է խոսել» (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մելիք գյուղը չկողմնորոշվեց նոր պոչամբարի կառուցման հարցում: «Մինչեւ 1-ին պոչամբարը չռեկուլտիվացվի, դուք իրավունք չունեք անցնելու մյուսի քանդմանը»,- ասաց Մելիք գյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանը: «ՄեգոԳոլդ» ընկերության նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ հասարակական լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 30-ին` Մելիք գյուղում: Սակայն գյուղի բնակիչները ոչինչ չգիտեին ոչ նախագծի, ոչ հասարակական լսումների մասին: Նշանակված ժամից կես ժամ անց միայն  մոտ 20 մարդ եկան` մասնակցելու հասարակական լսումներին եւ ներկայացնելու ընկերության գործունեության հետ կապված իրենց խնդիրները: 

Հետաքրքիր է, որ մասնակիցներից մեկը` Կարենը, ով հայտարարեց, որ ընկերությունը իրեն փող է պարտք` ավելի քան 500 հազար դրամի աշխատավարձ, միեւնույն ժամանակ ամերիկյան «Global Gold Mining» ընկերության բաժնետեր է: Նրան տրվել է 250 դոլլարի սերտիֆիկատ: «Երբ ընկերության գործերը լավ էին, մոտ 30 աշխատակից նման սերտիֆիկատ է ստացել: Ես դեռ չգիտեմ, թե դա ինձ ինչ կարող է տալ, բայց չեմ պատրաստվում վաճառել»,- ասաց Կարենը:  

Հիմնական խնդիրն այն է, որ ընկերությունը մտադիր է գյուղից վերցնել նոր տարածքներ, բայց չի ռեկուլտիվացրել հին 2 պոչամբարները, որոնք էական վնաս են հասցնում գյուղին:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության` «ԷկոԼուր»-ին տրամադրած Հայաստանի 19 պոչամբարների ցուցակում առկա է «ՄեգոԳոլդ» ընկերությանը պատկանող 1 պոչամբար «Արագածոտնի մարզի Մելիք գյուղից 2 կմ արևելք գտնվում է 1 պոչամբար: Նախագծային ծավալը 90.000 խմ է, լցված է 45.000 խմ: Այն գործող է և պատկանում է «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ին»,- նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության ուղարկածգրության մեջ:

«ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը խնդրեց օգնել ծանոթանալ նոր պոչամբարի վայրի եւ հին պոչամբարների վիճակի հետ: Սակայն ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Գենրիխ Մկրտչյանը մեկնեց եւ իր հետ տարավ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լաուրա Բալայանին եւ նախագծող Հովիկ Նիկողոսյանին: Մեզ համաձայնվեց ուղեկցել տեղի բնակիչը: Արտաքնապես պոչամբարները համապատասխանում էին նրան, ինչի մասին լսումների ժամանակ խոսեցին բնակիչները: Մի պոչամբարից ջուր էր հոսում փորված ջրանցքով: Չկային ցանկապատներ, բետոնե  ամրություններ: Ցավոք, տեսածի վերաբերյալ հարցեր չկարողացանք որեւիցե մեկին տալ: Իսկ մեր հետեևից եկած ընկերության շարքային աշխատողները մեզ դուրս հանեցին: «Գնացեք, դուք իրավունք չունեք, սա մեր տարածքն է…»,- ասացին նրանք: Չօգնեց որեւէ բացատրություն այն մասին, որ ընկերությունը հասարակակական լսումների կազմակերպիչն է եւ չպետք է խոչընդոտի տեղում նախագծին ծանոթանալ: Լսումներն անցան լարված մթնոլորտում: Մոտ ժամանակներս կներկայացնենք «ԷկոԼուր»-ի տեսանյութը, որտեղ ներկայացված են բնակիչների պահանջները եւ Հովիկ Նիկողոսյանի ու Գենրիխ Մկրտչյանի պատասխանները: 

Նոյեմբեր 01, 2012 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր