«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել Արագածոտնի մարզում

«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել  Արագածոտնի մարզում

ԷկոԼուր

«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել  Արագածոտնի մարզում: Այն Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարն է լինելու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից, որի «Փորձաքննություն» բաժնում  տեղադրված է պոչամբարի նախագծի բնապահպանական մասը:

«ՄեգոԳոլդ» ՍՊԸ –ն շահագործում է Թուխմանուկի ոսկու հանքավայրը:

Պոչամբարը գտնվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում` Մելիք գյուղի վարչական տարածքում: Ըստ նախագծի` պոչամբարի մակերեսը կազմում է 1.53 հա: Մեջբերումներ նախագծից. «Հանքահարստացման ընթացքում գոյանում են պոչեր, որոնք կազմում են արտադրողականության 88,6%-ը:…

Պոչանքների պինդ մասի բաղադրությունը հետևյալն է` SiO2 – 46,23%;   AL2O3 – 10,81%;  MgO – 5,17% ;  TiO2 – 0,82 %;  CaO – 6,41%;  MnO – 0,15%;   Fe2O3 – 6,4%;  FeO -3,62%;  ՇԿ-12,71% :

Պոչերը  հրդեհապայթյունավտանգ չեն  և  ոչ լուծելի:

…ջրի ընդհանուր ծախսը պոչամբարի շինարարության ժամանակ կազմում է 35627մ3։

Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործված տեխնիկական ջուրը օգտագործվում է անվերադարձ: Ջրահեռացումը բացակայում է:

…Պոչամբարի շահագործման ժամանակ փոշու արտանետման աղբյուր կհանդիսանա պատնեշի մակերեսը: …պատնեշի և կատարի մակերեսից տարվա ընթացքում մթնոլորտ է արտանետվում (քամեփչում) 25.6տ փոշի, ինչը օրեկան կազմում է 0.128տ/օր, չհաշված անձրևային և ձնածածք օրերը: Քամու ազդեցության տակ բացահանքի կատարից և պատնեշից փչվող փոշու հետևանքով պոչամբարի շրջակայքում սպասվում է մինչև 0.04 ՍԹԿ միավոր կոնցենտրացիա»:

Նշենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կառուցած նախորդ պոչամբարները մեծ անախորժություններ են ներկայացրել Մելիք գյուղի բնակչությանը` վնաս պատճառելով գյուղիրայիրն համակարգին: Ստորեւ ներկայացնում ենք www.yerkirmedia.am կայքում ընկերության պոչամբարիների բացասական հետեւանքների մասին պատմող հոդվածն ու տեսանյութը:

Ոսկու հանքավայրը պատուհաս է դարձել մելիքցիների գլխին

www.yerkirmedia.am

Արագածոտնի մարզի Մելիք գյուղում իսկական ամառը շատ կարճ է տեւում: Ձյունը հալչում է գարնան վերջին, գալիս` արդեն հոկտեմբերին: Գյուղացիների եկամտի հիմնական աղբյուրն իրենց հողամասերն են ու անասնապահությունը:

Գյուղի մեկ այլ՝ թաքնված հարստության մասին խոսվում էր տարիներ շարունակ, սակայն անգամ խորհրդային իշխանությունները որոշել էին "Թուխմանուկ" կոչվող ոսկու հանքավայրը չբացել:

2006-ին գյուղը լցվել է գեղեցիկ մեքենաների ազդանշաններով, ամերիկյան դրոշներով. հանքավայրի շահագործման համար գյուղի աշխատուժն իսկ տեղին էր, սակայն մելիքցիների ուրախությունը երկար չի տեւել: Ջրի խնդիրը շուտով գյուղացիների համար դարձել է հացի խնդիր: Իսկ հունիսից մինչեւ նոյեմբեր այստեղ հանքարդյունաբերության հիմնական ակտիվ շրջանն է: 

Ոսկու եւ արծաթի հանքաարդյունաբերության կազմակերպման համար 2005 թվականին "Մեգո գոլդ" ՍՊԸ-ն Հայաստանի կառավարությունից ստանում է 12 տարի Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիա եւ կառուցում պոչամբարներ: Իսկ գյուղ մտնող` այդ ժամանակ դեռեւս միակ աշխատող ջրագիծը տեղափոխվում է` ըստ նախագծի: Սողանքների պատճառով պոչամաբարները սահում են դեպի ջրագիծ:

"Խմելու ջուր 68-80 տնտեսություն ուղիղ մեկ տարի է, չի տեսել։ Հանքն ա արել, կտրել ա տրուբեքը: Իրենք ոսկի են դիզում, մեր ջուրն էլ թող մեզ տան",- ասում են գյուղացիները։

Գյուղապետարանը եւս գրավոր եւ բանավոր բազմիցս դիմել է ընկերությանը:
"Պայմանագրով նախատեսված է 90 մետր հեռավորություն՝ մեր խմելու ջրագծից, սակայն պոչամբարները պատրաստել են ջրագծի վրա",- ասաց Մելիք գյուղի գյուղապետի տեղակալ Դերենիկ Շահբազյանը։ 

"Գլոբալ գոլդ" ընկերության տարածաշրջանային "Մեգո Գոլդ" ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը բացառում է, որ իրենց պատճառով է խողովակաշարը շարքից դուրս եկել:

Անգամ անզեն աչքով պոչամբարի ճաքերն ու հողի սողանքը նկատելի են: Մի ուժեղ անձրեւ էլ՝ խմելու ջրագիծը կարող է մնալ հանքավայրի ջրամբարի տակ: Գյուղացիների պահանջը` տեղափոխել ջրագիծը, ընկերությունը չի մերժում, ասելով` կանենք, երբ ֆինանսներ լինեն: Մինչդեռ գունավոր մետալուրգիայի մասնավոր ինստիտուտն "Մեգո գոլդ"-ի պատվերով այստեղ ամեն ամիս 8 չափանիշով ուսումնասիրություն է իրականացնում:

"Թուխմանուկ"-ի ֆաբրիկան օգտագործում է միայն գրավիտացիոն եղանակով վերամշակում, պարզ ասած՝ ընդամենը ջրի միջոցով է հանքաքարը լվացվում: Դեռ չեն օգտագործվում քիմիկատներ, չենք օգտագործում ֆլոտացիոն եղանակ, որը մենք պլանավորում ենք անել հետագայում",- ասում է Աշոտ Պողոսյանը։ 

Հայաստանի կանաչների միության նախագահը "Թուխմանուկ"-ում ուսումնասիրություններ կատարել է դեռ 6 տարի առաջ եւ արձանագրում է, որ Մելիք գյուղից սկիզբ առնող Գետիկի ջրի բաղադրությունը փոխվել է: Աղտոտվածության պատճառն այստեղ գործարանից հավելանյութերի` անզգուշաբար կամ միտումնավոր բաց թողումն է:

"Եթե անգամ հավատանք նրանց, որ որեւէ քիմիական նյութեր չեն օգտագործվում, եթե հանքաքարը հանում եք, մանրացնում եք, դրանից հետո այն շփվում է օդի եւ ջրի հետ, այդ ընթացքում, հայտնի է, անգամ դատարկ ապարներն առաջացնում են միկրոբիալ ծծմբաթթու: Այդ ծանր մետղներնը մինչեւ 70-75 տոկոս նվազեցնում են նաեւ հողի բերքատվությունը",- ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։  

350 տնտեսություն եւ ավելի քան 1200 բնակչություն ունեցող գյուղի համար եկամտի հիմնական աղբյուրն են անասնապահությունն ու հողագործությունը: Գյուղի զարգացման ծրագրերի մասին պարբերաբար

խոսում է նաեւ երկրի ղեկավարը, սակայն թվում է, թե Հայաստանում 

Մելիք գյուղի գոյության մասին գիտեն միայն շահույթ հետապնդողները:

Չնայած հազարավոր դիմում-բողոքներին` որեւէ միջամտություն կամ հավելյալ ուսումնասիրություն չի իրականացվում: Շուրջ մեկ տարի առաջ գյուղացիների այս խնդիրներին գումարվեցին նաեւ "Մեգո գոլդ"-ի կատարած կրճատումները եւ աշխատավարձերի չվճարումները:

Մեզ հետ զրույցում Աշոտ Պողոսյանը հավաստիացրեց, որ իրենց ցուցակով, 20 աշխատողների աշխատավարձը մարվելու է, իսկ դատարանում գտնվող գործերի մասին ինքը տեղյակ չէ:

Լուսանկարը` www.yerkirmedia.am կայքի



18:27 Հոկտեմբեր 16, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news