Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործով դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործով դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը

ԷկոԼուր

2020 թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատավոր Դանիել Մխեյանին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը: Ս. թ. մայիսի 22-ին ջերմուկցիներն ու բնապահպաններն ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գործով հայցվորների փաստաբան Գուրգեն Թորոսյանը հանդես էր եկել միջնորդությամբ՝ պահանջելով գործը քննող դատավոր Դանիել Մխեյանին ինքնաբացարկ ներկայացնել: Ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար աշխատանքային եռօրյա ժամկետ էր սահմանվել:

Գործով 15 հայցվորները դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հերքել 2019 թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում արված հայտարարությունը, ըստ որի՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները ֆինանսավորվում են հանքարդյունաբերության ոլորտի գործարարների կողմից: 

«Դատավորի կողմից հայցվորների վրա ապացուցման բեռ էր դրվել: Մենք միջնորդել էինք որպես վկա ցուցմունք տալու համար հրավիրել և հարցաքննել պատասխանող կողմ Տիգրան Ավինյանին: Դատարանը մերժել է այդ միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ պատասխանող կողմի ցուցմունքով հիմնավորվող փաստը գործի լուծման համար չունի էական նշանակություն՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դատարանը հենց հայցվորի վրա է դրել նման ապացուցման  պարտականություն: 

Դատարանը մի կողմից հայցվորների վրա է դնում կոնկրետ պարտականություն՝ ապացուցելու, որ փաստի վերաբերյալ հրապարակային արտահայտությունը վերաբերել է հայցվորներին, մյուս կողմից՝ զրկում նշված ապացույցը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու և այն դատարանին մատուցելու, ներկայացնելու իրական հնարավորությունից:  

Գտնում եմ, որ դատարանի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառաբանության պատասխանող կողմին որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժելու հանգամանքը վկայում է դատարանի կողմնակալ լինելու մասին»,- դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքի մասին ԷկոԼուրի հետ զրույցում նշեց հայցվորների շահերի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը: 

 

Դատական նիստին ցուցմունքով հանդես են եկել հայցվոր կողմի ներկայացուցիչներ Թեհմինե Ենոքյանը և Լևոն Գալստյանը: 

ԷկոԼուրի հետ զրույցում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ցուցմունք տալու համար դատարան հրավիրելու  միջնորդության մերժմամբ խախտվել է հայցվորների իրավունքը, մասնավորապես,  ապացույցները լիարժեք ներկայացնելու տեսանկյունից:

«Ես ներկայացրել եմ, որ ես ու Հայկական բնապահպանական ճակատն արդեն 7-8 տարի զբաղվում է Ամուլսարի խնդրով՝ բազմաթիվ միջոցառումների, լսումների ենք մասնակցել, ակցիաներ ենք իրականացրել, տեսնյութեր պատրաստել: Ողջամիտ մարդիկ, լսելով իր ասածը, իմանալով մեր արածը, այդ ամենը վերաբերում է մեզ: Ես այդ հայտարարությունը զրպարտություն եմ համարում: Քանի որ նշված չէ խմբի կամ մարդկանց անուն, տպավորություն է ստեղծվում, որ մեզ է վերաբերում: Փոխվարչապետն իր հերթին, ոչ ասում է՝ում է վերաբերում, ոչ էլ ասում, որ ձեզ չի վերաբերում: Այդ նյութը տարածվում է նաև հանքարդյունաբերողների ֆեյսբուքյան էջերում, ուր գրվում է մեր ու ՀԲՃ-ի անունը: Միևնույն ժամանակ, միջազգային հարթակում շրջանառվում են լուրեր,  թե Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է»,- ասաց նա:

Լևոն Գալստյանը նաև տեղեկացրեց, որ թե՛ մայիսի 22-ին, և թե՛ մայիսի 25-ին տեղի ունեցած դատական նիստերին ներկա չեն գտնվել պատասխանող կողմի ներկայացուցիչները: Նրանք հայտնել են, որ դատաքննությունը կարող է շարունակվել առանց իրենց մասնակցության:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ս.թ. հունիսի 5-ին, որին ցուցմունք տալու նպատակով կմասնակցի հայցվոր Անի Խաչատրյանը:



14:55 Մայիս 26, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news