«ԱՌՆԻԿԱ», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ին՝ լեռնահանքային ձեռնարկությունների ազդեցությունից տուժած բնակիչներին աջակցելու խնդրանքով

«ԱՌՆԻԿԱ», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ին՝ լեռնահանքային ձեռնարկությունների ազդեցությունից տուժած բնակիչներին աջակցելու խնդրանքով

ԷկոԼուր

«Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երևան, Հայաստան) դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի Հատուկ զեկուցող Դեյվիդ Ռ․ Բոյդին
և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համար էկոլոգիապես կայուն կառավարման հետևանքների և վտանգավոր նյութերի ու թափոնների վերացման հարցերով Հատուկ զեկուցող Բասկուտ Տունչակին՝ Հայաստանի հյուսիսում առկա իրավիճակի մասին նամակով։

Նամակում մասնավորապես նշված է․

«2018 թ․ «Առնիկա» չեխական բնապահպանական հասարակական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Ալավերդի, Հայաստան) և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը (Երևան, Հայաստան) Հայաստանի հյուսիսում գտնվող Ալավերդի և Ախթալա համայնքներում (Լոռու մարզ) համատեղ ծրագիր են իրականացրել։

Այդ շրջանը համարվում է կարևոր լեռնահանքային կենտրոն։ Ալավերդիում գտնվում է պղնձաձուլական գործարան, Ախթալայում՝ լեռնահարստացուցիչ կոմբինատ և երեք պոչամբար (2 փակ պոչամբարներ գտնվում են Ախթալա համայնքում և մեկ գործող պոչամբար էլ՝ Մեծ Այրում գյուղում)։ Այդ տարածքներում կիրառվող հնացած տեխնոլոգիաները զգալի վնաս են հասցնում մարդկանց առողջությանը և կենսաբանական համակարգերին՝ աղտոտելով հողն ու գետերի ջուրը ծանր մետաղներով:

Գործող պոչամբարի հարևանությամբ գտնվող համայնքները կրում են արտահոսքերի, պոչամբարից գոլորշիացման և փոշու ազդեցությունը:

Բացի այդ, տարածաշրջանը բախվել է սոցիալական խնդիրների Ալավերդիի պղնձաձուլական գործարանի փակման հետևանքով, որը տեղի բնակիչների հիմնական գործատուն էր: Քաղաքապետարանն ու հանքարդյունաբերությունը չեն աջակցում մարդկանց՝ պաշտպանելու նրանց առողջության և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները, երբեմն ստիպելով նրանց դադարեցնել հիմնական կանաչ իրավունքների պաշտպանությունը:

Տարածաշրջանում մեր աշխատանքի առաջին իսկ օրից մենք աջակցություն ենք ցուցաբերել հանքերի, պոչամբարների և գործարանների հարևանությամբ ապրող մարդկանց և նրանց՝ առողջության ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին:

Մենք օգնում ենք տեղի բնակիչներին վերլուծել իրավիճակը և նախաձեռնել քարոզարշավներ հետագա բարելավման համար:

Նախորդ երկու տարիների ընթացքում (2018, 2019) «Առնիկա»-ն իրականացրել է օգտակար հանածոների արդյունահանմամբ պայմանավորված տարածաշրջանի շրջակա միջավայրի աղտոտվածության գնահատման երկու ուսումնասիրություն: Առաջինի ժամանակ (2018 թ.) ուսումնասիրվել են հողի ու Դեբեդ գետից նստվածքներից
վերցված նմուշները`դրանցում ծանր մետաղների առկայությունը պարզելու: Պղնձով, ցինկով, մոլիբդենով, կապարով և մկնդեղով աղտոտվածությունը հայտնաբերվել էր ինչպե՛ս նստվածքներում, այնպես էլ՝ հողի մեջ: Ուսումնասիրության համար ընտրված հողատարածքների մեծամասնությունը կարելի է համարել աղտոտված։ Տեղական արդյունաբերությունը ճանաչվել էր որպես աղտոտման հավանական պատճառ:

2019 թ․ տեղական ֆերմերային տնտեսություններից և այգիներից մենք վերցրել ենք մրգերի, բանջարեղենի և հողի նմուշներ՝ սննդային շղթայի վրա աղտոտման ազդեցությունը գնահատելու նպատակով։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրության են ենթարկվել ֆերմերների և Մեծ Այրում գյուղում գտնվող պոչամբարի, Ախթալայի հանքավայրի և Ալավերդիի պղնձաձուլական գործարանի հարևանությամբ ապրող մարդկանց մազերի նմուշները։ Ուսումնասիրության համար ընտրված հողատարածքների մեծամասնությունը կարելի է համարել աղտոտված։

«Թեժ կետերում» հայտնաբերված ամենավտանգավոր ծանր մետաղը մկնդեղն է, այնուհետև կադմիումը: Հողի բոլոր նմուշներն աղտոտված են մկնդեղով, ինչը վկայում է, որ անբարենպաստ քաղցկեղածին ազդեցությունները, որոնք կապված են այդ տարածքներում աճեցված բանջարեղենի օգտագործման հետ, կարող են ի հայտ գալ երկարաժամկետ հեռանկարում: Ավելին, երկու նմուշներում գերազանցել են կադմիումի հետ կապված վտանգի գործակիցը (HQ), ինչը մարդու առողջության համար ոչ կոնցեռոգեն ռիսկ է ներկայացնում: Պոչամբարի հարևանությամբ գտնվող այգիների հողերի ուսումնասիրությունը, որտեղ ոռոգման նպատակով օգտագործվում է Դեբեդ գետի հոսանքով ներքև գտնվող ջուրը, ցույց է տվել ծանր մետաղներով աղտոտում, հատկապես՝ մկնդեղով: Բացի այդ, վերլուծության համար Ալավերդիից վերցված հավի ձվերի մեջ մենք հայտնաբերել ենք դիօքսինների բարձր խտություններ:

Եթե դուք հետաքրքված եք ավելի մանրամասն տեղեկատվությամբ, ապա կարող եք այն գտնել մեր հետազոտություններում․

1) https://english.arnika.org/publications/heavy-metals-in-lori-region,

2) https://english.arnika.org/publications/heavy-metals-in-soils-foodstuffs-and-human-hair-in-the-mining-and-metallurgical-communities-of-alaverdi-and-akthala-lori-province-of-armenia.

Տեղի բնակիչները տարածաշրջանում քաղցկեղի զարգացման ահռելի ռիսկ են
տեսնում, այդ իսկ պատճառով կոչ են անում աղտոտման մշտական մոնիտորինգ և կենսամոնիտորինգ իրականացնել, ինչպես նաև պատասխանատու մարմինների կողմից անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն պայքարում է շրջակա միջավայրի հարցերի, մարդու իրավունքների համար և աջակցություն ցուցաբերում վատ որակի շրջակա միջավայրից տուժած տեղի բնակիչներին։ Վերջերս ՀԿ-ն իրականացրել է քարոզարշավ՝ աջակցելու Մեծ Այրումում գտնվող Նահատակ պոչամբարից ընդամենը 50 մ հեռավորության վրա բնակվող և դրա հետևանքով զգալիորեն տուժած ընտանիքին։ Քարոզարշավն օգնել է արագ կերպով մոբիլիզացնել հանրությանը։

Այնուամենայնիվ, տարածքը շարունակում է աղտոտված մնալ, և թե՛ գործող, թե՛ փակված պոչամբարները ազդեցություն են ունենում ավելի մեծ թվով բնակչության վրա։ Բնապահպանական խնդիրների լուծման, աղտոտված տարածքների ռեկուլտիվացիայի գործընթացների մեկնարկի, շրջանի անվտանգ և կայուն զարգացման ապահովման համար անհրաժեշտ է ազգային կառավարության ավելի ակտիվ մասնակցություն և միջազգային պարտավորությունների նկատմամբ պատասխանատվություն: Ներկայում, տեղի քաղաքացիական հասարակությունը պահանջում է․

1.Ուշադրություն դարձնել իրավիճակին և միջազգային կազմակերպությունների կողմից դրան տրված գնահատականներին:

2. Պետության ակտիվ մասնակցությունը բնապահպանական խնդիրների լուծմանը:

3. Տուժած համայնքների բնակիչներին ֆինանսական փոխհատուցման և բժշկական օգնության տրամադրում:

Ձեր աջակցությունը կարևոր նշանակություն ունի մեր աշխատանքի համար և մեծապես
կբարձրացնի՝ վերը նշված նպատակներին հասնելու մեր հնարավորությունները։ Հետևաբար, մենք խնդրում ենք հնարավորություն ստեղծել քննարկելու այս հարցը Ձեզ հետ։ Հատկապես այն գործիքների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել տեղի բնակիչների և համայնքների իրավիճակը բարելավելու նպատակով»:

Մայիս 08, 2020 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր