«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատանքը կասեցվել էր սանիտարահամաճարակային կանոնների խախտման պատճառով

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատանքը կասեցվել էր սանիտարահամաճարակային կանոնների խախտման պատճառով

ԷկոԼուր

2020 թ․ ապրիլի 12-ին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատանքի ժամանակավոր կասեցման պատճառը սանիտարահամաճարակային կանոնների խախտումն է եղել։ ԷկոԼուրի հետ զրույցում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանն ասաց, որ ընկերության տարածքում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են պարտադիր պահանջների կատարման որոշ խախտումներ․ «Ոչ բոլոր աշխատակիցներն են կրել դիմակներ և ձեռնոցներ։ Արտադրամասերում, տեղամասերում, վարչական շենքի հարկաբաժիններում առկա չեն փակվող աղբամաններ։ Աշխատակիցների ջերմաչափում չի կատարվել, բացակայել են գրանցամատյանները։ Անձնական և աշխատանքային հագուստների համար առանձին հանդերձապահարաններ նախատեսված չեն եղել։

Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների խախտման դեպքում հնարավոր վտանգները հաշվի առնելով, նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու, աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Պարետի որոշմամբ վեց ժամով կասեցվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը՝ հիմք ընդունելով ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքը։

Հաշվի առնելով հանքարդյունաբերական այս ձեռնարկության առանձնահատկությունը՝ դրա գործունեությունը ողջ ծավալով չի կասեցվել, որպեսզի դրա վերագործարկումը խնդրահարույց չլինի և տեխնիկական խնդիրներ չառաջանան։

Հարկ է շեշտել, որ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Իսկ նորմերի խախտման դեպքում պատասխանատվության հնարավոր միջոցների մասին բազմիցս տեղեկացվել է տնտեսվարողներին»։

Ըստ Լիանա Եղիազարյանի՝ մշտադիտարկումը կրում է շարունակական բնույթ՝ պարզելու՝ արդյո՞ք վերացվել են արձանագրված խնդիրները։

 

16:59 Ապրիլ 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news