Անգամ ՀՀ Օմբուդսմենը Թեղուտի ծրագրի փորձաքննական եզրակացության ժամկետի մասին պետական մարմիններից լիարժեք տեղեկատվություն չի ստացել

Անգամ ՀՀ Օմբուդսմենը Թեղուտի ծրագրի փորձաքննական եզրակացության ժամկետի մասին պետական մարմիններից լիարժեք տեղեկատվություն չի ստացել

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չեն պատասխանել ՀՀ Օմբուդսմենի հարցադրմանը, թե երբ է լրացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի փորձաքննական եզրակացության ժամկետը: Ինչպես նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թ-ի տարեկան հաղորդման մեջ.

«Հարցմանն ի պատասխան՝ իրավասու մարմիններից ստացվել է սահմանափակ և ոչ լիարժեք պատասխան՝ հայտնելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դրական եզրակացությունը տրվել է 2006 թվականին»։ Հիշեցնենք, որ Թեղուտի ծրագրին տրված ԲՓ-135 դրական եզրակացության գործողության ժամկետն ավարտվել է 2014թ., որից հետո հանքը շահագործվել է առանց նոր բնապահպանական փորձաքննության անցկացման:

Իր հաղորդման մեջ ՀՀ օմբուդսմենն անդրադարձել է նաև Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտմանը, պոչամբարի խնդրին, այս գործունեության նկատմամբ վերահսկողությանը:

Ներկայացնում ենք Թեղուտի վերաբերյալ ՄԻՊ-ի հաղորդումն ամբողջությամբ.

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում բարձրացված հարցերից է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական ստուգումների իրականացման հարցը։ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած խնդիրներին 2019 թվականի ընթացքում բազմիցս անդրադարձել են նաև բնապահպանները: Լեռնահանքային արդյունաբերությունն ունի բացասական ազդեցություն շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա: Հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով և ծանր մետաղներով աշխատանքային և շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այդ ամենի հետևանքով խաթարվում է նաև բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես՝ օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում՝ տոքսիկության առաջին դասի տարրերի, սնման շղթայի տարբեր օղակներ ներթափանցման արդյունքում առաջ են գալիս էկոլոգիական և բնակչության առողջության հետ կապված ռիսկեր: Հարկ է նշել, որ Թեղուտի հանքավայրը վերագործարկվել է 2019 թվականին։ Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել էր 2018 թվականին։ Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները բարձրաձայնվում են և՛ շահագործման ռիսկերի ու հանքավայրի պոչամբարի անկայունության, և՛ հանքավայրի շահագործման դրական եզրակացության բացակայության վերաբերյալ։ Բնապահպանների պնդմամբ՝ վերագործարկվելուց առաջ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը նոր բնապահպանական փորձաքննություն չի անցել, մինչդեռ, հանքի շահագործման համար տրված բնապահպանական ԲՓ-135 դրական եզրակացության գործողության ժամկետն ավարտվել է 2014թ. նոյեմբերի 7-ին: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2019 թվականի ընթացքում իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրություններ է իրականացրել «Թեղուտ» ՓԲ ընկերությունում՝ պոչամբարի պատվարի և պատնեշի ամրությունը ստուգելու և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հետագա շահագործման վերաբերյալ: Ուսումնասիրության և տեղատեսության արդյունքները վկայել են, որ ստուգումների պահին պատնեշը գտնվել է կայուն վիճակում: Ուսումնասիրության և վարույթի շրջանակներում «Թեղուտ» ՓԲ ընկերությանը տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ իրականացնելու փորձաքննություն և փորձաքննության արդյունքներից պարզել հետագա շահագործման հնարավորության մասին: Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործման փորձաքննական եզրակացության ժամկետին՝ իրավական հիմքերի հստակեցման նպատակով իրավասու մարմիններին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին պարզաբանման պահանջ է ներկայացվել առ այն, թե Թեղուտի հանքավայրի շահագործման ԲՓ-135 դրական եզրակացությունը ե՞րբ է տրվել, գործողության ի՞նչ ժամկետով և ի՞նչ փորձաքննական եզրակացության հիման վրա է ներկայում Թեղուտի հանքավայրը շահագործվում: Հարցմանն ի պատասխան՝ իրավասու մարմիններից ստացվել է սահմանափակ և ոչ լիարժեք պատասխան՝ հայտնելով, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դրական եզրակացությունը տրվել է 2006 թվականին։ Ավելին, ըստ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ 2019 թվականի ընթացքում Թեղուտի հանքավայրում ստուգումեր չեն իրականացվել: Մտահոգության տեղիք է տալիս նաև առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության՝ գործունեություն ծավալելու արձանագրված խախտումների քանակական աճը, ինչը վկայում է խնդրի արդիականության մասին: Այսպես, ի տարբերություն 2018 թվականի տվյալների (արձանագրվել էր 1 դեպք), 2019 թվականի ընթացքում իրականացված ստուգումների և վարչական վարույթների արդյունքում արձանագրվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փորձաքննության ենթակա գործունեություն առանց համապատասխան փորձաքննական եզրակացության՝ 10 (տասը) դեպք: Կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին 10 (տասը) որոշում՝ 850 000 (ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ապահովել պատշաճ վերահսկողություն Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացի նկատմամբ՝ օրենսդրության պահանջների պահպանման տեսանկյունից»։

14:58 Ապրիլ 13, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news