«Եթե հնարավոր չէ Ջերմուկի օդը, ջուրն ու բնությունը պահպանել, ուրեմն այդ հանքը բացառված է, որ կշահագործվի». Նիկոլ Փաշինյան

«Եթե հնարավոր չէ Ջերմուկի օդը, ջուրն ու բնությունը պահպանել, ուրեմն այդ հանքը բացառված է, որ կշահագործվի». Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

Բացառվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործում, եթե դրա հետևանքով հնարավոր չի լինի պահպանել Ջերմուկի օդը, ջուրն ու բնությունը: Այս մասին մարտի 12-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օդի մասին խոսք գնաց: Իմ ասածը հետևյալն է. օդին որևէ իրական սպառնալիք պետք է չլինի: Ջերմուկի օդը պետք է մնա մաքուր: Այստեղ երկու կարծիք չկա: Ոչ ոք չի ասում՝ եկեք Ջերմուկի ջուրն ու օդն աղտոտենք: Չի կարող այդպիսի բան լինել: Ես այդպիսի բան թույլ չեմ տա: Խոսքը նրա մասին է, թե արդյո՞ք հնարավոր է հանքը շահագործել այնպես, որ ոչ միայն Ջերմուկը, այլ Դարբ և Արփա գետերը չաղտոտվեն: Եթե հնարավոր է՝ այս ճշմարտության հետևից պետք է գնանք: Եթե հնարավոր չէ՝ ուրեմն հնարավոր չէ: Այդտեղ թեմա չկա: Նույնիսկ քննարկման բան չկա: Եթե հնարավոր չէ, որ Ջերմուկի այս օդն ու ջուրը, բնությունը պահպանվի, ուրեմն այդ հանքը բացառված է, որ շահագործվի: Սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասաց նա: 

ՀՀ վարչապետը նշեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մինչ օրս: «Այս ընթացքում արձանագրել ենք հետևյալը: Հարց ենք ձևակերպել՝ իսկ արդյո՞ք Ամուլսարի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը գնահատվել է իր ճշմարտացիության աստիճանի հանգամանքով: Նկատի ունեմ «Լիդիանը» ներկայացրել է ՇՄԱԳ, այնտեղ դրված են փաստեր, որ սա այսպես է, սա այնպես է: Մեր հարցը հետևյալն է: Նախկին Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, որ այդ արձանագրումներն արել են, կարդացել են, արդյո՞ք իրենք ստուգել են դրանց ճշմարտացիությունը: Եվ երկրորդ, եթե հանկարծ պարզվի, որ չեն ստուգել, կամ իրենց պարտականության մեջ մտնո՞ւմ էր դրա ճշմարտացիության ստուգումը: Սա քննության մի ուղղությունն է: Երկրորդ ուղղությունը կամ հարցադրումը հետևյալն է՝ նաև նախկինում, խորհդրային տարիներին այնտեղ արված հետազոտությունների արդյունքները հաշվի՞ են առնվել հանքի հետ կապված գործընթացներում: Սա երկրորդ ուղղությունն է, որի պատասխանը մենք պետք է ստանանք: Երրորդ ուղղությունը հետևյալն է՝ Քննչական կոմիտեն կազմել է «ELARD»-ի և «Լիդիանի» բանավեճի արդյունքում 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի և որի շուրջ արդեն տեղի կունենա  «ELARD»-ի և «Լիդիանի» ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որոնց արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն»,- ասաց նա:

Նա նշեց, որ հեղափոխություն չլինելու դեպքում Ամուլսարի հանքը վաղուց շահագործվելիս կլիներ:

«Ես ուզում եմ մի այսպիսի ընդգծում անենք մեր այն հայրենակցիների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո Կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց շահագործվելիս կլիներ: Առնվազն այդ փաստի բերումով կոչ եմ անում բոլորին չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և Կառավարության նկատմամբ: Այն մարդիկ, ովքեր ուզում են կորցնել հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը հեղափոխությունից առաջ»,- նշեց նա: 

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Ամուլսարի հարցում մեկ դիրքորոշում ունեն՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից. «Ես ունեմ մեկ մեծ անհամաձայնություն Ամուլսարի հարցում: Մեր մի շարք հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի: Մեր ուրիշ հայրենակիցներն ասում են, որ հանքը պետք է աշխատի: Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ: Եվ ինչով է տարբերվում իմ անձնական անհամաձայնությունն այս երկու դիրքորոշումների հետ: Ես ասում եմ՝ մենք պիտի մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից՝ մինչև վերջ, անմնացորդ: Ընդ որում դա հեշտ ճանապարհ չէ: Մեր վերջին ամիսների պատմությունը ցույց է տալիս, որ դա հեշտ ճանապարհ չէ: Շատերն ասում են, ո՞րն է ձեր ռազմավարությունը և մարտավարությունը Ամուլսարի հարցում: Իմ պատասխանը չի փոխվում՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետևից:... Ես Ձեզ խոստանում եմ՝ Ամուլսարի հարցով բացառված է, որ մենք ճշմարտությունից 1 մմ շեղվենք... Ես կարող եմ վստահ ասել, որ Ամուլսարի հարցում ես այն քիչ մարդկանցից եմ, որ չունեմ ոչ մի շահագրգռություն բացի ՀՀ շահի»: 



11:21 Մարտ 13, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news