Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի պահապաններին կրկին կոչ արեց բացել դեպի ոսկու հանք տանող ճանապարհները: Վարչապետը իր կոչը հնչեցրեց ս.թ. հունվարի 25-ին՝ Կապան քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Իրավական խնդիրներ կարող են լինել, որովհետև ենթադրում եմ՝ «Լիդիանը» արբիտրաժ կդիմի, և ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը, և մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս: Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, չի լուծվելու: Այսինքն, ինքը նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ-որ 2018 թ-ին, ոչ էն կողմ, ոչ էս կողմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես շահագրգռվածություն ունե՞մ, որ Ամուլսարի հանքը շահագործվի. և այո, և ոչ: Ես շագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե Ամուլսարի հանքը շահագործվեր, այս տարի կունենայինք ոչ թե 7.5, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, աշխատատեղեր: Բայց մյուս կողմից՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի ի հաշիվ Ջերմուկի, հարակից գյուղերի բնակիչների առողջության և Հայաստանի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին:

Նախկինում էլ են եղել կասկածներ, հիմա էլ կան կասկածներ, որ այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, որպեսզի իրենք ձեռք բերեն էնտեղ գոյություն ունեցող բաժնետոմսերը, բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացումներ, այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու: Եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ամենակոշտ պատասխանատվության կենթարկվեն բոլոր ներգրավված անձինք», - նշեց ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ շուրջ 1.5 տարի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող քաղաքացիները փակ են պահում հանք տանող ճանապարհները՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը ավարտին հասցնել ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը: Նրանք պահանջում են կառավարությունից հրաժարվել Ամուլսարի ծրագրի իրագործումից:

Այդ ընթացքում ՀՀ կառավարությունը պատվիրեց Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննություն, որի համար լիբանանական Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը վճարեց շուրջ 450.000 ԱՄՆ դոլար: ELARD-ը փորձաքննության արդյունքում մի շարք բացթողումներ և խնդիրներ հայտնաբերեց Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում:

Այնուհետև հայտնի դարձավ, որ 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության սովորական բաժնետոմսերի առուվաճառքը, իսկ 2020 թ-ի փետրվարի 5-ին ընկերությունն ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային բորսայից: Որպես պատճառ նշվում է ցուցակագրման հետագա պահանջների չկատարումը: Իր հերթին ընկերությունը հայտնեց, որ դիմել է կանադական դատարան պաշտպանության համար: «Լիդիան»-ը նաև հայտնեց, որ շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները՝ անկախ նրանից, Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված է, թե՝ ոչ:

11:59 Հունվար 26, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news