Պատգամավորներն առաջարկում են մորատորիում՝ նոր ընդերքօգտագործման թույլտվությունների ժամանակավոր արգելքի տեսքով

Պատգամավորներն առաջարկում են մորատորիում՝ նոր ընդերքօգտագործման թույլտվությունների ժամանակավոր արգելքի տեսքով

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լենա Նազարյանը և Մերի Գալստյանն առաջարկում են դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը: Պատգամավորները նոյեմբերի 15-ին հանդես են եկել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Նախաձեռնության նպատակն է մինչև վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից մշակել և ընդունել ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարություն, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխություններ և դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտեր:

«Գործող օրենսգիրքը չի նպաստում ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, ընդերքօգտագործման ոլորտում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման և ոլորտի կանխատեսելիության ապահովմանը: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ օրենսդրական բացեր, դրանով ընդլայնվել են վարչական մարմինների հայեցողության շրջանակները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոլորտում կոռուպցիայի առկայության համար: Վերոնշյալ և նմանատիպ այլ գործոնների արդյունքում հարցականի տակ է դրվում պետության ռազմավարական ռեսուրսի՝ ընդերքի սպառման եւ օգտագործման՝ պետության և քաղաքացու համար օգտավետության և արդյունավետության հարցը: …Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանել որոշակի մորատորիում՝ նոր ընդերքօգտագործման թույլտվությունների ժամանակավոր արգելքի տեսքով: Նշված մորատորիումը հնարավորություն կտա առավել կառուցողական և հանգիստ պայմաններում ձեռնամուխ լինել օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացմանը՝ այդ ընթացքում չառաջացնելով նոր թույլտվությունների հետ կապված լրացուցիչ խնդիրներ»,- գրված է օրինագծի հիմնավորման մեջ:

Միևնույն ժամանակ, պատգամավորներն, անհրաժեշտություն են տեսնում լրացում և փոփոխություն կատարել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, որպեսզի անբարեխիղճ տնտեսվարողներն արհեստականորեն չերկարաձգեն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը՝ դատավարական գործընթացներ սկսելով:

18:04 Նոյեմբեր 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news