ՀՀ ԱԺ-ում ստեղծված նոր հանձնաժողովը կքննի մետաղական հանքարդյունաբերողների ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը

ՀՀ ԱԺ-ում ստեղծված նոր հանձնաժողովը կքննի մետաղական հանքարդյունաբերողների ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը: Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների 33 պատգամավորների պահանջով:

Հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ այդ պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված նամակում առաջարկվել է որպես հանձնաժողովի իրավասություն սահմանել հետևյալը.

• Պահանջել և ստանալ Հանձնաժողովի քննության առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ հաշվետվություններ, փաստաթղթեր և այլ անհրաժեշտ տեղեկություններ

• Պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացություններ:

• Հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:
Առաջարկվել է հանձնաժողովի նախագահ նշանակել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, իսկ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել 6 ամիս:

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց այս հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ՀՀ ԱԺ որոշումը, ըստ որի, հանձնաժողովն ունենալու է 11 անդամ:

Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտին Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր` նպատակ ունենալով ապահովել հանքարդյունաբերական ոլորտի թափանցիկություն, մասնակցային կառավարում, բարելավված ներդրումային միջավայր, կողմերի միջև փոխվստահություն:

ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում է 51 երկիր (01.01.2019թ. դրությամբ): Անդամակցող երկրները ներդնում են միասնական ստանդարտ ոլորտի ֆինանսական հոսքերը և այլ տվյալներ հրապարակելու համար: Գործընթացի բոլոր որոշումները միասնական ընդունում է ԱՃԹՆ-ի բազմաշահառու խորհուրդը (ԲՇԽ), որի կազմում են երեք շահագրգիռ կողմերը` կառավարությունը, հանքարդյունաբերական բիզնեսը և քաղաքացիական հասարակությունը:

ԱՃԹՆ ստանդարտի պահանջի կատարման համար 2019թ-ի ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց օրենսդրական փաթեթ, որի համաձայն, ՀՀ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պետք է գրանցվեն իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ: Իրական սեփականատերերի անունները պետք է հրապարակված լինեն մինչև 2020թ-ի հունվարի 1-ը:10 տոկոսից պակաս բաժնետոմս ունեցողների անունները կարող են չհրապարակվել:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

14:27 Հոկտեմբեր 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news