Ամուլսարի քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր տեղեկություններ

Ամուլսարի քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր տեղեկություններ

ԷկոԼուր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակել: Դա պայմանավորված է նախաքննության շրջանում ի հայտ եկած նոր տեղեկություններով ու նոր տվյալներով:

Հարցին, թե որո՞նք են այդ նոր տեղեկությունները, Այվազյանը պատասխանեց, որ չի կարող դրանք բարձրաձայնել՝ նախաքննության գաղտնիք չբացահայտելու պատճառաբանությամբ: «Նախաքննությունը շարունակելու հիմքն այս պահին հանդիսանում է այն, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն ենք ստացել, որում առկա են նոր տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է քրեական գործի ընդհանրության մեջ դիտարկել, քննարկել և քննություն կատարել: Այդ գրությունը առնչություն ունի Ամուլսարի վերաբերյալ քրեական գործում առկա տվյալների, որոշակի թվերի հետ: Սրանով պայմանավորված, մենք կարիք ունենք նշված տեղեկությունները քննարկելու, ուսումնասիրելու, համադրելու նախկինում առկա թվերի հետ»,- ասաց նա:

Հարցին, թե «Լիդիան Արմենիայի» գործողությունների հետ կապված նոր քրեական գործեր կհարուցվե՞ն, Այվազյանը պատասխանեց. «Որպես քննչական խմբի ղեկավար քրեական գործով վարույթն իրականացնող ՝ կարծում եմ, որ մենք պետք է սպառենք պլանավորված բոլոր քննչական գործողությունների կատարումը, որից հետո միայն անդրադառնանք որակումներին, այդ թվում՝ փորձաքննության հարցին: Քրեական գործն այնպիսի պրոցես է, որ չենք կարող այս պահին ստացված տվյալը դիտել որպես իրողություն կամ վերջնական տվյալ և դրանով առաջնորդվելով՝ իրավական գնահատականներ տալ: Պետք է որոշակի ժամանակ սպասել, մինչև քննության արդյունքում լրացուցիչ տվյալներ ձեռք կբերենք»:

Նրա խոսքով՝ այս գործը մեծ հետաքրքություն է առաջացրել հանրության շրջանում, բայց չպետք է մոռանալ, որ իրենք քննում են իր ծավալով, բովանդակությամբ ու բարդությամբ նախադեպը չունեցող մի գործ. «Մենք ունենք բազմաթիվ նեղ մասնագիտական տերմինների հետ խնդիր, այլընտրանք չունենք, քան՝ մասնագետներին դիմելը, իսկ այս ամենը ժամանակ է պահանջում: Մենք ոչ թե միայն պարզապես ուսումնասիրում ենք, այլ՝ դրան զուգահեռ կատարում ենք նաև այդ պահից բխող քննչական գործողություններ: Այս փուլում մենք հարցաքննություններ ենք իրականացնում, հետաքննության մարմնին ուղղված որոշ հանձանռություններ ենք իրականացնում այնպես չէ, որ մենք միայն թուղթը վերցնում, ուսումնասիրում ենք»,- ասաց նա:

Այվազյանը, սակայն, չհրապարակեց հարցվածների անունները՝ հղում անելով նախաքննությանն գաղտնիության պահպանումը. «Նոր անձինք կան, կլինեն, հնարավոր է նախկինները նորից հարցաքննվեն: Այլ անձինք էլ կան պլանավորված, որ պետք է հարցաքննվեն, անհրաժեշտությունը նոր է առաջացել: Գործը կարճելու մասին խոսք չկա: Նախաքննությունը շարունակվում է, դրանով պայմանվորված ունենք պլանավորված գործողություններ: Մինչև չկատարենք մեր պլանավորած վերջին գործողությունը, չենք կարող քրեական գործի մինչդատական վարույթի համար վերջնական ընթացք որոշել»: 

Անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի կապերի, նրա կողմից թաքցված տվյալների առկայության մասին հարցին, Այվազյանը պատասխանեց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, որովհետև ես ստիպված կլինեմ պատասխանել նախաքննական որոշակի տվյալ բացել, որը կարող է խոչընդոտել վաղվա իմ քննությանը»:

Ավելի մանրամասն Tert.am-ի տեսանյութում:

 



15:16 Սեպտեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news