ԷկոԼուր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրած ասուլիսում լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ այդ պաշտոնում նշանակմանը և Թեղուտի հանքավայրի շահագործմանը:
Ասուլիսի ընթացքում հնչած այն հարցին, թե միջազգային փորձաքննության համար ծախսված 400 հազար դոլարն արդյոք վատնվա՞ծ է, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար: «Այդ 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Եվ ես չեմ համարում, որ հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված: Ես ուզում եմ արձանագրել, որ սկսած առաջին օրվանից կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոսանոց թափանցիկ է աշխատում»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ «ELARD» ընկերության մասնագետների հետ տեսակոնֆերանսը նոր հանգամանքներ է ի հայտ բերել: Մասնավորապես այն, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է: ««ELARD»-ի եզրակացությունն այն էր, երբ ես իրենց հարց տվեցի, թե՝ ձեր առաջարկած պայմաններում երաշխավորո՞ւմ եք անվտանգությունը, իրենք ասացին՝ բոլոր դեպքերում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է: Եվ իրենք ասացին, որ պետք է շինարարությունն սկսվի, և մնացած հարցերը հընթացս մենք կարողանանք կարգավորել»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ հիմա շատերն ասում են՝ կառավարությունը որոշել է Ամուլսարի հանքավայրի շահագործման համար տալ թույլտվություն, մինչդեռ ըստ Փաշինյանի՝ թույլտվությունն իրենցից առաջ են տվել:
«Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն: Թույլտվությունը մեզնից առաջ տվել են: Հիմա կառավարությունը երկու հարցի պիտի պատասխանի՝ կա՞ այդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ չկա: Եթե կա, չեղյալ կարվի, եթե չկա, չի արվի: Հակառակ դեպքում ՀՀ միջազգային տնտեսական վարկանիշն էական անկում կապրի: Ինչու ենք կարևորում, որ «Մուդիս»-ը մեր վարկանիշը բարձրացրել է, որովհետև Հայաստանի բանկերն ու կառավարությունը այս նոր վարկանիշի շնորհիվ ավելի էժան վարկեր կարող են վերցնել»,- նշեց նա:
Անդրադառնալով հանք տանող ճանապարհները բացելու վերաբերյալ ՀՀ դատարանի որոշմանը՝ Փաշինյանը նշեց, որ որ այս հարցում իրենք պետք է մինչև վերջ գնան ճշմարտության հետևից. «Եվ ճշմարտությունը՝ ինքը, մեզ պետք է բերի այս կամ այն որոշման: Ճշմարտության առումով ես շատ կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ կողմից շատ հարգված ու սիրված ընկերների կողմից: Երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում, գնում ու մի տեղ կանգնում է, ասում է՝ հիմա ես ռադիացիան կչափեմ, կպարզվի, որ այստեղ այնպիսի ռադիացիոն ֆոն կա, որ հիմա Հայաստանում կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ես ինչո՞ւ եմ ասում՝ ճանապարհները բացեք, որովհետև ես համարում եմ, որ ՀՀ-ում կա կառավարություն, որը, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, կփակի ճանապարհները, եթե լինի բացելու անհրաժեշտություն, կբացի ճանապարհները»:
Խոսելով Թեղուտի հանքավայրի բացման հարցում շահագրգռված լինելու մասին՝ վարչապետը նշեց, որ անտեր վիճակում գտնվող հանքն ինքնին խնդիր է: Եվ պետք է լինի սուբյեկտ, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նրա առաջ դնել կոնկրետ պահանջներ: «Եվ հիմա միջազգային ընկերության կողմից կա փորձաքննություն, որ Թեղուտի պատվարի հուսալիության հետ կապված եզրակացություններ է արել: Մենք քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ այդ փաստաթուղթը կարող էր ծնվել որոշակի կոնյուկտուրային դրդապատճառներով: Էլի եմ ասում՝ եթե մեր բնապահպանների ասածը ճիշտ լիներ, երբ որ Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկարաշարժ տեղի ունեցավ, այդ պատվարը պետք է վաղուց փլված լիներ: Հիմա որևէ մեկն ասելո՞ւ է՝ ներողություն, ես սխալվել եմ: Իհարկե, չեն ասելու, ընդհակառակը, մեղադրելու են կոռուպցիայի մեջ, ասելու են՝ պուճուր աղջիկս՝ Արփին, 50 տոկոս փայ ա մտել: Ամենալկտի ստերը կասեն, մենակ չասեն՝ կներեք մենք սխալվել ենք: Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից»,- նշեց Փաշինյանը:
Տեսչական մարմնի ներկայիս գործունեության վերաբերյալ հարցին ի պատասխան, վարչապետն անդրադարձավ 2018 թ. տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում բնապահպանական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկին՝ Արթուր Գրիգորյանին նշանակելու և նրան որևէ կերպ չսահմանափակելու փաստին. «Նրան ասել էի հետևյալը՝ այն ժամանակ ասում էին, որ իշխանությունը կոռումպացված է: Ճիշտ էիք ասում, որ հնարավորություն չկա ճշմարտությունը բացահայտելու: Հիմա թուղթն էլ է ձեր ձեռքին, գրիչն էլ: Գնացե՛ք, բացահայտեք: Տեսչական մարմնի ղեկավարը գնացել է, ստուգումներ իրականացրել և բերել մի ծիծաղելի փաստաթուղթ: Եվ հիմա էլ այդ նույն մարդը նույն համոզվածությամբ անում է պնդումներ, որոնք հաստատելը մտնում էր իր պաշտոնական լիազորությունների մեջ: Երբ ինքը գնացել է, իմ կողմից որևէ սահմանափակում չի ունեցել և չի կարողացել ոչինչ անել»,- ասաց Փաշինյանը:
Այս հայտարարությանն ի պատասխան ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Այս պահից սկսած ես համարում եմ, որ կաշկանդված չեմ բոլոր մանրամասներով ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել Ամուլսարի տեսչական ստուգման ընթացքում, ինչ ճնշումներ են իմ նկատմամբ եղել, ում կողմից և ինչ դրսևորումներով: Ախթալայի վերաբերյալ հարցին ի պատասխան ասում է, որ ես պատասխանեմ, թե ինչու այլ հանքերում ստուգումներ չեն եղել: Քաջարանի մասին մոռացել է երևի, որ Հայաստանի հանքարդյունաբերության 90 տոկոսն է, որտեղ տեսչությունը հսկայածավալ խախտումներ է արձանագրել, և որի վերաբերյալ նույն ինքը չթողեց ստուգման արդյունքներին համարժեք որոշում ընդունեմ՝ առանց մեկնաբանության աշխատանքից ազատելով: Նույնիսկ իր հետ չհասցրեցի խախտումների ծավալն ու իրավական բնույթը քննարկել, որովհետև դրանից հետո դժվար էր լինելու որոշումից բխող հետևանքներն ինձ վրա բարդել»:
Սեպտեմբեր 17, 2019 at 11:35