Հանքարդյունաբերության գործի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Հանքարդյունաբերության գործի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

ԷկոԼուր

ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին է ուղարկել Բնապահպանական հանրային դատարանի վճիռը «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա»  գործ վերաբերյալ: Բնահպանական հանրային դատարանը` Նազելի Վարդանյան, Կարինե Դանիելյան, Զարուհի Հովհաննիսյան, Ինգա Զարաֆյան կազմով, լրագրող Թեհմնիե Ենոքյանի դիմումի հիման վրա գործը քննել է 2019 թ-ի հունիսի 24-ին: 

Դատարանի վճռում նշված է.

«1. Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության իրականացման, հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման, փորձաքննությունների իրականացման, վերահսկողության և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, խաթարել են ազգային անվտանգությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, Պետական եկամուտների կոմիտեին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ դատական մարմիններին, ինչպես նաև հանքարդյունաբերական ընկերություններին:

3. Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և ընկերությունների այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով և անգործությամբ նպաստել են տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի խախտմանը:

4. Դիմել ՀՀ Դատախազություն` պահանջելով.

  • Հարուցել քրեական գործեր Հայաստանի հանքավայրերի շահագործման անօրինական փորձաքննական եզրակացություններ ու թույլտվություններ տրամադրած պաշտոնատար անձանց նկատմամբ և վերականգնել նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասները:
  • Հարուցել քրեական գործեր` անօրինական հանքարդյունահանում իրականացնելու, ընդերքից ապօրինաբար, կամ նախագծային շեղումներով պաշարների արդյունահանման մեջ մեղավոր անձանց նկատմամբ և վերականգնել դրա արդյունքում պետությանը հասցված վնասները:
  • Հարուցել քրեական գործեր հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք խուսափել են հարկերի, սոցիալական ապահովության վճարների և աշխատավարձերի վճարումից՝ վերականգնելով պետությանը և քաղաքացիներին պատճառված վնասը:
  • Հարուցել քրեական գործեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք չեն վերահսկել հանքարդյունահանող ընկերությունների հարկային պարտավորությունների կատարումը և հայցերով դիմել են դատարան այդ ընկերությունները սնանկ ճանաչելու պահանջով:

5. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.

  • Հռչակել Հայաստանը բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և օրգանական գյուղատնտեսության երկիր՝ դադարելով հումքային երկիր լինելուց:
  • Մշակել և հաստատել հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն ու ռազմավարություն՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանման, էկոլոգիական հավասարակշռության պահպանման, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական արդարության սկզբունքները:
  • Հաստատել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդ. 4-րդ կետով սահմանված «Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման» Կարգը:
  • Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում հետևյալ փոփոխությունները մտցնելու մասին.

ա/ Հայտի հետ ներկայացվում է.

- «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված սանիտարահիգիենիկ փորձաքննության դրական եզրակացությունը;

- Տեխնիկական փորձաքննության դրական եզրակացությունը:

բ/  Հանքի ուսումնասիրման, հետախուզման և հանքարդյունահանման պայմանագրեր կնքվում եմ միայն փորձաքննական դրական եզրակացության հիման վրա:

գ/ Հանքարդյունահանման թույլտվությունն այլ անձի փոխանցելու դեպքում անցկացվում է նոր փորձաքննություն:

դ/ Ազդակիր համայնքների ցանկը հաստատվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով:

ե/ Փորձաքննական եզրակացությունը հաստատվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով:

զ/ Փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվում, եթե այն կատարվել է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի խախտումներով /լրացնել գործող հոդվածը/

ը/ Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել, հաշվի առնելով հանրային մասնակցության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի դիտողությունները, միաժամանակ ավելացնելով դրույթ այն մասին, որ եթե ազդակիր համայնքների բնակչության 10 տոկոսը դեմ է արտահայտվել ծրագրին` հանրային լսումների, հանրագրերի կամ հանրաքվեի միջոցով, ապա ծրագրին չի կարող տրվել փորձագիտական դրական եզրակացություն և համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N.1325 – Ն որոշման մեջ:

  • Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն ոչ ճիշտ, ոչ լրիվ և ՀՀ օրենսդրության խախտմամբ փորձաքննություն կատարելու և սխալ փորձաքննական եզրակացություն տալու համար:
  • Մշակել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ՝ նախատեսելով քրեական պատասխանատվություն` ոչ ճիշտ, ոչ լրիվ և ՀՀ օրենսդրության խախտմամբ փորձաքննություն կատարելու և սխալ փորձաքննական եզրակացություն տալու համար, եթե դա առաջացրել է կամ կարող էր առաջացնել ծանր հետևանքներ:
  • Մշակել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքում հետևյալ փոփոխություն կատարելու մասին նախագիծ.

ա/ արգելվում է գյուղատնտեսական, անտառային, առողջարանային, հատուկ նշանակության հողերի կատեգորիայի փոփոխությունը հանքարդյունաբերականի;

բ/ հանքարդյունաբերական նպատակով հողերի կատեգորիայի փոփոխությունը իրականացվում է յուրաքանչյուր անգամ` ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով;

գ/ արգելվում է հանքարդյունաբերական նպատակով տրամադրվող հողերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելը:

  • Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին: Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ հոդ. 3-րդ մասը, նախատեսելով հնարավորություն բոլոր բնապահպանական կազմակերպություններին դիմելու դատարան առանց սահմանափակումների` Օրհուսի կոնվենցիայի համապատասխան:
  • Արգելել հանքավայրերի նոր ուսումնասիրման, հետախուզման և հանքարդյունահանման թույլտվությունների տրամադրումը մինչև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության ու ռազմավարության, նոր օրենքների և օրենսդրական համապատասխան փոփոխությունների ընդունումը:
  • Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:
  • Սահմանել նվազագույնը 20 տարվա անվտանգ հանքարդունահանության փորձի առկայության պարտադիր պայման հանքարդյունահանման թույլտվություն ստանալու համար:
  • Սահմանել պարտադիր երաշխիքային դրամագլխի վճար /օրինակ, 50 մլն դոլար/, ինչը պետք է վճարվի մինչև հանքարդյունահանության սկիզբը` հաշվի առնելով` ընկերության գործունեության դադարումից հետո 50 տարվա ընթացքում հնարավոր ռիսկերի, վթարների, և աղետների կանխարգելման և վերացման համար անհրաժեշտ ծախսերը:
  • Սահմանել լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները:
  • Ուժը կորցրած ճանաչել հանքարդյունահանող ընկերություններին ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրման մասին ՀՀ կառավարության որոշումները, չտրամադրել նոր արտոնություններ:
  • Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 10.03.15թ. N 244-Ն որոշումը, որով փոփոխություն է մտցվել ՀՀ Կառավարության 21.01.10թ. N 51-Ն որոշման մեջ և ավելացվել է բացահանքային ավտոմոբիլային ճանապարհների երկայնական թեքությունը, մինչև 100%:
  • Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշումը, որով հաստատել է «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» Կարգը, որի դրույթները ամբողջովին հակասում են ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների դրույթներին:

Հանձնարարել.

ՀՀ կառավարության Բնապահպանության և ընդերքի տեսչությանը.

  • Իրականացնել համալիր ստուգումներ հանքարդյունաբերական ընկերություններում և հրապարակել ստուգման արդյունքները:
  • Արգելել այն ընկերությունների գործունեությունը, որոնք փորձաքննական դրական եզրակացություն ստանալուց հետո 1 տարվա ընթացքում գործունեություն չեն սկսել /հիմք` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20- րդ հոդ. 7-րդ մաս/:
  • Պատասխանատվության ենթարկել բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը.

  • Մշակել և հաստատել կենսաբազմազանության վրա հանքարդյունաբերության հետևանքերի ազդեցության գնահատման ուղեցույցներ և մեթոդաբանություններ:
  • Ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունները, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվել փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում /հիմք` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20- րդ հոդ. 7-րդ մաս/:
  • Ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունները «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդ. սահմանված դեպքերում:
  • Իրականացնել մշտադիտարկումներ օդի, ջրի, հողի վիճակի նկատմամբ պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխության, դրենաժային ջրերի առաջացման, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի նկատմամբ`դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով։
  • Փորձաքննություն իրականացնելիս՝ հաշվի առնել նաև տվյալ տարածքի վրա այլ աղտոտիչների առկայությունը և գումարային գնահատում իրականացնել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը

  • Վերահսկողություն իրականացնել հանքավայրերի պոչամբարների անվտանգության ապահովման նպատակով:
  • Տեխնիկական փորձաքննություն իրականացնելիս՝ հաշվի առնել նաև տվյալ տարածքում առկա այլ աղտոտիչների առկայությունը և գումարային գնահատում իրականացնել, ինչպես նաև գնահատել տվյալ գործունեության ընթացքում այլ օբյեկտների /թունելների, պատվարների, պատնեշների, այլ/ վրա ազդեցությունը:

ՀՀ Առողջապահության նախարարությանը.

  • Մշակել և հաստատել մարդու առողջության վրա հանքարդյունաբերության հետևանքերի ազդեցության գնահատման ուղեցույց և մեթոդաբանություն:
  • Ստեղծել Սանիտարահամաճարակային փորձաքննություն իրականացնող մարմին:
  • Մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը «Սանիտարա-համաճարակային  փորձաքննության իրականացման» Կարգը:
  • Իրականացնել`«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված, բոլոր հանքերի սանիտարահիգիենիկ փորձաքննություն:
  • Իրականացնել հանքավայրերի ազդակիր համայնքներում մարդկանց առողջության մոնիտորինգ:
  • Հիմք ընդունել միջազգային և տեղական մասնագիտական հետազոտական ինստիտուտների կողմից կատարված հետազոտությունները` հանքավայրերին հարող համայնքների և տարածքների հողերի, ջրերի և կենսանյութերի վերաբերյալ և կիրառել անհրաժեշտ միջոցառումներ տեղական բնակչության առողջապահության ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
  • Ուսումնասիրություններ կատարել հանքավայրերի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ և արդյունքները հրապարակել:
  • Միջոցներ ձեռնարկել` հանքավայրերի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա կանխելու և մարդկանց առողջության պաշտպանությունը ապահովելու նպատակով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը

  • Դադարեցնել ընդերքօգտագործման և երկրաբանական ուսումնասիրությունների համար արտոնագրերի տրամադրումը մինչև ազդակիր համայնքների զարգացման ծրագրերում ընդգրկված չլինեն, հանքարդյունաբերության վտանգները չեզոքացնող միջոցառումների ծրագրեր և այդ միջոցառումների իրականացման համար ծրագրերում նախատեսված չլինեն համապատասխան ֆինանսական միջոցներ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեին

  • Ստուգումներ իրականացնել հանքարդյունաբերական ընկերություններում` հարկերի վճարման ճշտությունը, արդյունահանվող և արտահանվող հանքանյութի ծավալների համապատասխանությունը ստուգելու նպատակով:
  • Ստուգումներ իրականացնել սնանկ ճանաչված հանքարդյունաբերական ընկերություններում` պարզելու հարկային պարտքի գոյացման պատճառները:
  • Պատասխանատվության ենթարկել հարկային օրենսդրությունը խախտող ընկերություններին և դրանց ցանկը հրապարակել:

6. Դիմել ՀՀ Անվտանգության խորհրդին` խնդրելով.

ա/ Գնահատական տալ վճռում ներկայացրած փաստերին` թե որքանով են դրանք ազդում երկրի էկոլոգիական անվտանգության վրա:

բ/ Էկոլոգիական անվտանգության հետ կապված հանքարդյունաբերության ոլորտի առկա վտանգների վերաբերյալ կազմակերպել մասնագիտական քննարկումներ և ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկությունների փաթեթ:

7. Պարտավորեցնել հանքարդյունաբերական ընկերություններին.

  • Պահպանել ՀՀ օրենսդրությունը և միջազգային նորմերը
  • Վերականգնել խախտված տարածքները,
  • Տնկել հատված անտառի կրկնապատիկը և պատշաճ խնամք ապահովել՝ փոխադրելով անտառի շարք
  • Իրականացնել պոչամբարների անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
  • Փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց
  • Բացառել արտադրական և հանքային արտահոսքերը մակերևութային և ստորգետնյա ջրահավաք ավազան, հողերի աղտոտումը ծանր մետաղներով
  • Պահպանել ջրի շրջանառու փակ համակարգի ռեժիմը
  • Մտցնել ապահովագրական համակարգ ազդակիր համայնքներում բնակիչների առողջության, շրջակա միջավայրի և գյուղմթերքի աղտոտման ռիսկերի վերաբերյալ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ»:  

Վճռի ամբողջական տարբերակը՝ այստեղ:

15:10 Հուլիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news