ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները հայտարարություն են տարածել` կապված Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարի դադարեցման հետ:
Հայտարարության տեքստում ասված է.
«4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո այսօր բացվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով:
Քանի որ նախորդ կառավարության ընթացքում որևէ կերպ հաշվի չի առնվել բնակչության կարծիքը, իսկ հանրային լսումները կրել են ձևական բնույթ և անցկացվել են կոպիտ խախտումներով, լիցենզիաներն ու թույլտվությունները ստացել են մի շարք օրենքներ խախտելով, ուստի, ցանկացած բիզնես ինքն է իր ռիսկով մտնում այդ պատասխանատվության տակ: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադարեցումը պայմանավորվում է.
1. ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ,
2. ի սկզբանե հանրային կարծիքը հաշվի չառնելով:
Աշխարհում շատ են դեպքերը, որտեղ միջազգային ներդրողները, հաշվի չառնելով հանրության կարծիքն ու չհարգելով տվյալ երկրի օրենսդրական պահանջները, իրականացրել են հանքարդյունաբերական գործունեություն և կանգնել փաստի առաջ: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշն առավել կբարձրանա, երբ բոլոր ներդրողներն ընկալեն, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և մեր օրենքների հետ պետք է բոլորը հաշվի նստեն:
Մտահոգ լինելով հանքի շինարարական աշխատանքների հետ կապված ռիսկերով, ինչպես նաև անհամատեղելի համարելով հանքարդունաբերության գոյությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի հետ, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը.
Պահանջում ենք դադարեցնել Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք և հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, ովքեր իրավական և բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին:
Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների»:
Հիշեցնենք, որ տեղի բնակիչները փակեցին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները մայիսի 19-ին` պահանջով դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը: Բնակիչները ստորագրահավաք են անցկացրել և պատրաստվում են ստորագրահավաքի նամակը փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մայիս 23, 2018 at 18:43