Վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց Վայոց ձորի մարզպետարանի բողոքը, նոր փուլ մարզպետարանի և Ջերուկի ու Եղեգնաձորի ավագանիների միջև ընթացող դատական պայքարում

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարեց Վայոց ձորի մարզպետարանի բողոքը, նոր փուլ մարզպետարանի և Ջերուկի ու Եղեգնաձորի ավագանիների միջև ընթացող դատական պայքարում

ԷկոԼուր

Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Վայոց ձորի մարզպետարանի երկու բողոքներն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի որոշումների, որոնցով հետ էին վերադարձվել մարզպետարանի դիմումներն՝ ընդդեմ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների:

Վայոց ձորի մարզպետարանը դատական հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 18.12.2018թ. թիվ 88 որոշումը՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» և Եղեգնաձոր համայնքի ավագանու 23.05.2019թ. թիվ 45 որոշումը՝ «Եղեգնաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ»: 

Երկու դեպքում էլ Վարչական դատարանը հետ էր վերադարձրել մարզպետարանի դիմումները՝ արձանագրելով. «Վիճարկվող իրավական ակտը նորմատիվ բնույթ չունի, քանի որ դրա կարգադրագիրն անհատականացված է, վերաբերում է որոշակի թվով, ինքնությունը որոշված անձանց և համայնքին: ... որոշման իրավաչափությունը չի կարող քննարկման առարկա լինել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման հատուկ վարույթով: Այսինքն՝ Դատարան դիմելու համար դիմումատուն ընտրել է ոչ պատշաճ դատավարական եղանակ»:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանինների որոշումներով սահմանված են վարքագծի կանոններ, որոնք ազդում են կամ ազդելու են համայնքի և այլ անձանց միջև ծագած կամ հետագայում ծագող տվյալ իրավահարաբերությունների վրա, ինչով էլ պայմանավորված է վիճարկվող որոշման նորմատիվ բնույթ ունենալը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել վերաքննիչ բողոքով Վայոց ձորի մարզպետարանի ներկայացրած հիմնավորումները՝ որոշելով վերացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ/9570/05/19 և թիվ ՎԴ/9439/05/19 վարչական գործերով «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումները:

Իր հերթին Եղեգնաձոր համայնքի ավագանին վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշման դեմ։ 

Հիշեցնենք, որ Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիները իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ որոշումներն ընդունել էին Ջերմուկի 3000 և Եղեգնաձորի 2500 բնակիչների ստորագրություններով հանրագրերի հիման վրա:

 

19:40 Մարտ 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news