Որպես Հայաստանի վարչապետ, ես հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի. Նիկոլ Փաշինյան

Որպես Հայաստանի վարչապետ, ես հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

Փետրվարի 13-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցին: 

Հարցը հնչեցրել է Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Շտեֆան Մայստերը՝ նշելով. «Գերմանիայի և եվրոպական քաղաքականության համար շատ կարևոր է բնապահպանության հարցը Հայաստանում: Այդ ամենը բյուրեղացել է Ամուլսարի ոսկու հանքի շուրջ: Ես կցանկանայի ձեզանից լսել՝ Ամուլսարի ճգնաժամի հետ կապված ինչպիսի՞ ելք եք Դուք տեսնում: Կարծում եմ, որ դա շատ մեծ մարտահրավեր է հանդիսանում»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Մենք` բոլորս, ունենք մտահոգություններ՝ կապված այդ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի հետ, և ես ուզում եմ ասել հետևյալը, որ ես՝ անձամբ, որպես Հայաստանի վարչապետ, հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ այդ հանքը շահագործվի: Պարզաբանեմ. շահագրգիռ եմ, եթե պարզի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի: Շահագրգիռ չեմ, եթե պարզի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի: Ոչ միայն շահագրգիռ չեմ, այլև նման պարագայում չեմ կարող թույլ տալ այդ հանքի շահագործումը: Այլ բան, որ մենք, ցավոք սրտի, որոշակի իրավիճակների պատճառով, այդ թվում այդ նախագծի նկատմամբ հանրային որոշակի անվստահության պատճառով չենք կարողանում բավարար տեմպերով առաջ շարժվել այս հարցերի պատասխանը ստանալու առումով: Բայց մենք շարունակում ենք մեր ջանքերը, և ես հույս ունեմ, որ մենք հնարավորինս շուտ այդ հարցերի պատասխանը կստանանք: Եթե լինի պատասխանն առաջին տարբերակով, այսինքն պարզի, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ես կպաշտպանեմ այդ նախագիծը: Եթե պարզի, որ անկառավարելի ռիսկեր կան, ես չեմ պաշտպանի այդ նագագիծը»:

Հիշեցնենք, որ ավելի քան 1.5 տարի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող քաղաքացիները փակ են պահում հանք տանող ճանապարհները՝ թույլ չտալով «Լիդիան Արմենիա» ընկերությանը ավարտին հասցնել ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը: Նրանք պահանջում են կառավարությունից հրաժարվել Ամուլսարի ծրագրի իրագործումից:

 



13:16 Փետրվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news